Հայկական մեդիա դաշտը ողողած մի շարք հաղորդաշարեր և թոք շոուներ, որոնք ներկայացնում են սոցիալապես անապահով ընտանիքների պատմություններ, մանկատան երեխաների ճակատագրեր, նպատակ ունենալով աջակցել նրանց, չնայած մատուցում են որոշ դեպքերում սոցիալական աջակցություն, սակայն շատ հաճախ առավել վնասում են նրանց բարոյապես:
Մասնագետների դիտարկմամբ նման հաղորդումները խախտում են երեխաների, մանկատան սաների իրավունքները, նսեմացնում նրանց արժանապատվությունը, խտրականության թիրախ դարձնում՝ հաճախ, չպահպանելով պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքները:
«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության, երեխայի պաշտպանություն և կրթություն, շահերի պաշտպանություն ծրագրի ղեկավար Գրիգորի Գրիգորյանցի դիտարկմամբ, մեդիան լուրջ մտահոգության առիթ է տալիս: Նրա կարծիքով առաջին հայացքից իսկ ակնհայտ է, որ չեն պահպանվում երեխաներին լուսաբանելու տեղական և միջազգային սկզբունքները:
Կարդացեք նաև
«Խոսքը չի գնում ամբողջ եթերի մասին, բայց մի շարք դեպքերում խախտվում են երեխաների իրավունքների պաշտպանության սկզբունքները: Թոք շոուներ, հաղորդաշարեր, որտեղ երեխաներին, իրենց ծնողների կամ բարեկամների մասնակցությամբ բերում են եթեր և հենց երեխաների ներկայությամբ քննարկում ընտանիքի նեղ անձնական, բազմաբնույթ պրոբլեմները, ծնողների անբարոյական վարքի խնդիրներ, հարցեր են տալիս երեխաներին, թե ծնողները ի՞նչ տարբեր անբարոյական դրսևորումներ են ունեցել և այլն, այսինքն նվաստացվում է երեխայի արժանապատվությունը»,-ասում է Գրիգորյանցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանն էլ նշում է. որ ոլորտի փորձագետներն ուսումնասիրել են խնդիրը, կան փաստարկներ, երբ հաղորդումից հետո երեխան չի գնացել դպրոց կամ իջել բակ, քանի որ ենթարկվել է ծաղրի, նրա ընտանիքի ներքին խոհանոցը տեսել են ու լսել բոլորը:
Գյունաշյանը կարծում է, որ նման դեպքերում երեխային եթեր հանելը սխալ է, եթե անգամ դա արվում է ծնողների համաձայնությամբ:
«Աղքատ կամ սոցիալ վարքով ընտանիքները չեն էլ մտածում իրենց երեխաների մասին, նրանց համար կարևորը ֆինանսական օգնությունն է: Այսինքն, եթե ընտանիքի անդամը պատրաստ է գնալ նստել եթերում ու իր ընտանիքի ամենամութ ու տհաճ մանրամասները ներկայացնել, բնականաբար ինքը ծնողավարման բավարար հմտություն և ռեսուրս չունի հասկանալու, որ իր երեխային տրավմայի է ենթարկում,-ասում է Գյունաշյանը,-Ու այս դեպքում ես չեմ ակնկալում, որ ծնողը հասկանա կամ չհասկանա, այլ որ լրատվամիջոցը զգայուն մոտենա, եթե գործ ունեն ընտանիքի հետ»:
Երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանն էլ ցավով է նշում, որ ֆիլմերի և նման հաղորդաշարերի հիմքում դրվում է խղճահարությունը, ինչի արդյունքում էլ ստանում ենք խեղճ մարդ:
«Ինքը գաղափարական վեկտորը պարտադրում է նաև տեսակ, եթե այդպես ես շեշտը դնում, ինքը սկսում է այդ կատեգորիան հավաքել: Ասում ես. «Վայ, մեղք է, դրամ հավաքենք և այլն»: Ինքը մեղք է ապրում և այդ խեղճությունը իր վրայից այլևս չի քերելու: Անհատական մակարդակով գուցե լավ է, նույն «Սուր անկյուն» հաղորդաշարը այդ առումով շատ լավ գործ է անում, և ինչ որ մեկին այդ վիճակից հանում է: Բայց եթեր է հանվում այդ ընտանիքի կեղտոտ անկողինը: «Կիսաբաց պատուհաններ»-ով գռեհիկ պատմություններ ենք տեսնում, որը չարժե նույնիսկ դիմակով, տասը տապակ փակած ի ցույց դնել աշխարհին, մի սահման կա այս ամենին, որը չի կարելի անցնել»,- ասում է Մնացականյանը:
Ոլորտի մասնագետները նշում են. ԶԼՄ-ը այն գործիքներից են, որոնց օգնությամբ մանկատան սաները ինտեգրվում են հասարակությանը, միջավայրին, մինչդեռ արդեն մի քանի տարի է այս դաշտի գործունեությունը պարզապես հակառակ ազդեցությունն է ունենում:
2005 թվականից Էջմիածնում գործող «Մեր տունը» կազմակերպությունում ապրում են Հայաստանի տարբեր մանկատներից տեղափոխված 18 տարին լրացած աղջիկներ: Կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանն ասում է՝ երբ տարիներ առաջ հանրային հեռուստատեսությամբ սկսեց ցուցադրվել «Որբեր» հայտնի սերիալը, որի վերնագիրն արդեն իսկ սթրես էր առաջացնում, կազմակերպության սաները այն շատ վիրավորական ընդունեցին:
«ՄԻՊ-ին հրավիրեցինք «Մեր տուն», բացատրեցինք, որ խախտվում են մեր իրավունքները: Հասարակությունը տեսնում էր մի բան, որը չէր համապատասխանում իրականությանը, ամեն ինչ շատ չափազանցված էր: Դրան հաջորդեց «Կիսաբաց լուսամուտները», բավականին երկար ժամանակ անընդհատ մանկատան սաների պատմություններ էին հայտնվում եթերում, լավ, ինչի՞ համար են էս երեխեքին էսքան վատ ձևով նկարագրում, լավ, ընդհանրապես սրբություն չկա՞: Մենք չէ որ խնդիր ունենք հասարակության մեջ ինտեգրելու այս երեխաներին, իրենք չափահաս մարդիկ են ու հավասար իրավունքների տեր, ու դա մեր կողմից դիտվում է որպես բռնություն,- ասում է Կարապետյանը.
-Նմանատիպ հաղորդումներից մեկից հետո մեր աղջիկներից մեկի սկեսուրը զանգել ու զայրացած ասում էր. «Տիգրանուհի ջան, էս ի՞նչ է, մի՞թե էսքան վատն են էս երեխեքը, էս ինչե՞ր են ներկայացնում, ես հարս եմ բերել ու ես հիացած եմ իմ հարսով, անգամ ծնողով երեխաները չեն կարող այսպիսին լինել»,- պատմում է Կարապետյանը:
Նա շեշտում է, որ մանկատունը դարձնելով թեմա՝ վնասում են այնտեղից դուրս եկած երեխաներին՝ դարձնելով կրկնակի խտրականության թիրախ:
«Ասենք աշխատանքի հարց է լինում, գործատուն նայում է՝ մանկատան շրջանավարտ, արդեն ԶԼՄ-ից այնքան վատ ինֆորմացիա է ստացել նրա մասին, որ մտածում է գող է, չգիտեմ ինչ է, ու չեն ընդունում աշխատանքի, ընդունելուց էլ՝ վերաբերվում են վատ՝ վստահ լինելով, թե տեր չունեն, ով է գալու նրանց հետևից: Մինչդեռ այս մարդիկ բավականին ձեռքբերումներ ունեն, հասել են հաջողությունների, ինչու՞ լավի մասին չի խոսվում,-ասում է նա:
Վանաձորի մանկատնից «Մեր տուն» տեղափոխված 23-ամյա Մարգարիտա Գրիգորյանի դիտարկմամբ ցուցադրվող ֆիլմերում կամ հաղորդումներում ամբողջովին սխալ են ներկայացնում մանկատան սանի ներաշխարհն ու հոգեվիճակը: Ըստ նրա, ֆիլմի ռեժիսորը կամ սցենարիստը պարտավոր են այցելել համապատասխան հաստատություններ, սեփական աչքով տեսնելու, թե ինչպես են այնտեղ ապրում երեխաները, ըստ այդմ՝ գնահատեն և սերիալում կերպարը ճիշտ ներկայացնեն:
«Մեզ մոտ ավելի շատ ներկայացվում է երևակայության արդյունքներով ու այդ ամենը խեղաթյուրված հասցվում հասարակությանը: Սխալ եմ համարում, երբ հասարակությունը գտնում է, որ մանկատան երեխան պետք է վատ հագնված լինի, սոցիալապես խոցված ու խեղճ, որոշ դեպքերում անգամ հիգիենիկ առումով կեղտոտ: Բայց երբ հյուրեր էին այցելում մեզ, նրանցից շատերի հետ մինչև հիմա կապ ունեմ, կարծիքը մանկատան սաների մասին շրջադարձային փոխվում էր»,- ասում է Վանաձորի մանկավարժական համալսարանը գերազանց ավարտած Գրիգորյանը:
Փորձագետների համոզմամբ հայաստանյան մեդիա դաշտում ամենամեծ ու հիմնական խնդիրը դարձել է սենսացիան, հաղորդումների հեղինակները գնում են զգայուն թեմաների հետևից՝ ավելի մեծ լսարան ձեռք բերելու համար:
Աննա Մնացականյանը նշում է, որ այդպիսի մի թեմա է դարձել մեդիայի համար մանկատունը, որն ինքնին անհավատալի հետաքրքիր է:
«Բայց շատ հիվանդագին է լինում մանկատան երեխաների արձագանքը: Նրանք ասում են «Ինչո՞ւ են քչփորում, մեր կեղտոտ սպիտակեղենը հանում ի ցույց: Ու բոլորովին պարտադիր չէ մանկատան երեխայի մասին խոսելիս` պատմել, որ նրա մամային բռնաբարել են, վրան ծխախոտ հանգցրել ու այդպիսի ահասարսուռ ու սրտաճմլիկ պատմություններ»,- ասում է Մնացականյանը:
Մնացականյանը շեշտում է, որ առավել սարսափելի է, երբ մանկատան երեխան այդ ֆիլմում տեսնում է իր պատմությունը, ինչը կրկնակի հարված է և դա, ըստ փորձագետի, արվել էր «Որբեր» սերիալում, քանի որ ֆիլմի սցենարը գրվել էր մանկատան սաների կենսագրական տվյալների հիման վրա:
«Մտան արխիվներ, վերցրեցին սոցպատմությունները, միացրեցին իրար, ու հրամցրեցին հանրությանը մի քանի տարի, անշուշտ չէին օգտագործվել անուններ, բայց նայելով այդ պատմությունը դու ուղղակի հասկանում ես, որ դա հենց քո կյանքի մասին է»,- ասում է Մնացականյանը:
Մասնագետները համոզված են՝ պրոֆեսիոնալ ու ճիշտ լրագրության դեպքում, որտեղ կպահպանվեն երեխայի իրավունքները, որտեղ «լայքերի, քլիքների ու ռեյտինգների» շահը չի գերադասվի երեխաների ամենատարրական իրավունքներին, արդյունքները ավելի արդարացի կլինեն:
Գեղանուշ Գյունաշյանը կարծում է, որ նման ոլորտի լուսաբանման համար լրատվամիջոցը պետք է ունենա հատուկ պատրաստված լրագրող, ով տեղեկացված կլինի երեխաների պաշտպանության ոլորտում ամեն օր տեղի ունեցող փոփոխություններին:
«Ընդամենը պրոֆեսիոնալիզմ է հարկավոր, սա նյութ չէ, որևէ հանցագործի, օլիգարխի մասին, սա նյութ է երեխայի մասին: Պետք է հիշել, որ երեխաներին վերաբերող նյութերում ինտրիգներ չեն անում, ամեն պատահական վերնագիր չեն դնում: Այս ոլորտում լրագրողը պետք է զգա զարկերակը, եթե չի զգում ու ընդամենը նյութ է գրում, հաստատապես վնասում է»,- ասում է նա:
Շատերն հղում անելով Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքին, նշում են. այն փոփոխության կարիք ունի:
«Օրենքը չունի առանձին դրույթ կամ պարբերություն, որտեղ պետք է մատնանշվի ինչպես լուսաբանել երեխաների մասին նյութերը, այնտեղ խոսք է գնում սեռական խնդիրների մասին և վերջ: Միանշանակ փոփոխության կարիք կա»,-ասում է Գրիգորի Գրիգորյանցը:
Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm