Հայ մանուկների գրադարանը համալրվում է ևս մեկ գրքով: Ռուզան Մարգունին հայերեն է թարգմանել ավստրիացի մանկագիր Քրիստինե Նյոստլինգերի «Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան» գիրքը, իսկ «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է այն:
Պահածոյի տուփից դուրս եկած տղայի մասին պատմող գիրքն այսօր ներկայացվեց փոքրիկ ընթերցողներին:
«Սա մանկական լավագույն գրքերից մեկն է,- ասում է գրքի թարգմանիչը՝ Ռուզան Մարգունին,- գերմանացիները հաճույքով կարդում են, հուսով եմ՝ մեր երեխաներին էլ դուր կգա: Շատ հետաքրքիր կերպարներ կան: Դերասանական հատկություններ պետք է ունենաս, որպեսզի կարողանաս ներթափանցել և՛ գրողի, և՛ կերպարների մեջ: Հուսով եմ, որ երեխաները կկարդան գիրքը և ինչ-որ բան կընկալեն»:
Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող-երեխա ժամանակակից հարաբերությունները:
Կարդացեք նաև
Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ…
Նշենք, որ այս գիրքը համալրում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի գրքերի շարքը: Այս շարքից ևս մեկ գիրք՝ Ֆրենսիս Էլիզա Բերթնեթի «Փոքրիկ արքայադուստրը», ընթերցողին կներկայացվի օգոստոսի 3-ին:
Հիշեցնենք, որ «Ամառային ընթերցանության» շրջանակներում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, գրական և թատերական միջոցառումներ: Ամռան ընթացքում ծրագիրն առաջարկում է ընթերցել և փոխանակել բազմաթիվ գրքեր՝ գնելով դրանցից ընդամենը մեկը:
«Ամառային ընթերցանություն-2015»-ը կտևի մինչև օգոստոսի 31-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ