Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքս հայրենիքի հանդեպ կկատարեմ իսկական զինվորի պես

Հուլիս 20,2015 16:46

Հուլիսի 20-ին դարձյալ մարդաշատ էր Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի մոտ: Հերթական զորակոչն է, և շրջանի տարբեր բնակավայրերից եկել են զինվորացու տղաները՝ հարազատների, ընկերների, բարեկամների ուղեկցությամբ:

Զորակոչային բաժնի պետ, ավագ-լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը, որը նոր է նշանակվել այս պաշտոնում, զրուցում է զորակոչիկների հետ, ևս մեկ անգամ ստուգում փաստաթղթերը, հետաքրքրվում խնդիրներով: Զորակոչիկների ծնողները լրացնում են հարցաթերթիկը, որն այս տարի է կիրառվում:

Արայիկ Օրդուբեկյանը Սոնասար համայնքից է, անցած տարի են բնակություն հաստատել այստեղ: Բազմազավակ ընտանիքի ավագ որդին է: Կրտսեր 4 եղբայրները հետո կփոխարինեն իրեն, իսկ 2 քույր կսպասեն վերադարձին:

DSCN1086

-Մարտական եմ տրամադրված,-ասաց Արայիկը, -պարտքս հայրենիքի հանդեպ կկատարեմ իսկական զինվորի պես:

Մայրը լրացնում է հարցաթերթիկը՝ նշելով՝ որդուս հայոց բանակ եմ ուղարկում ուրախ տրամադրությամբ:

Գարիկ Մնացականյանը, Արտակ Ասոյանը և Գեղամ Քոչարյանը Բերձորից են, նույն դասարանցիներ, ավարտել են Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգը: Ասացին միևնույն է, թե ինչ զորամասում կծառայեն և գիտակցում են՝ ուր են գնում, ինչի համար:

Բոլոր տղաները ներկայացան զորակոչի բաժին, լրացվեցին փաստաթղթերը: Զինկոմիսարիատի միջանցքում լսեցին զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի խորհուրդներն ու հորդորները, որը հետաքրքրվեց՝ արդյոք տղաները որևէ խնդիր, հուզող հարց չունեն: Տղաների պատասխանը մեկն էր՝ պատրաստ են ծառայել հայրենիքին:

– Երկու տարի դուք եք պաշտպանելու հող-հայրենին, ուրեմն պետք է լինեք կարգապահ, արի, ենթարկվեք հրամանատարների հրամաններին, իսկ զորամասում ու դիրքերում միմյանց հետ եղեք հարազատի, եղբոր պես, -շարունակեց խոսքը զինկոմը և բարի երթ մաղթեց տղաներին:

DSCN1152

Տարիների սովորույթ է, որ մինչև հավաքակայան հասնել, զորակոչիկներն այցելում են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմ վառում: Այս անգամ էլ զինվորացու տղաներն ու հարազատները եկեղեցու կամարների տակ մոմ վառեցին, յուրաքանչյուրն իր մտքում դիմեց Աստծուն, որ Տերը զորավիգ լինի հայ զինվորին:

Հաջորդ ուխտավայրը, որ այցելեցին զորակոչիկները, Բերձորի Արցախյան գոյամարտի հերոսներին նվիրված հուշահամալիրն էր: Երեք խոնարհված պատերի մոտ, որոնց վրա Քաշաթաղի տարածքում նահատակված տղաների անուններն են քանդակված, շարվեցին տղաները:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, ողջունելով զորակոչիկներին, ասաց.

-Յուրաքանչյուր հայ տղայի համար պատիվ է՝ ծառայել ազգային բանակում, դառնալ հայրենիքի պաշտպան: Ձեզ տրված է այդ հնարավորությունը, մաղթում եմ բարին, չմոռանաք, որ տանը ձեզ սպասող ծնողներ, քույր ու եղբայր, հարազատներ կան:

Իրենց թոռանը՝ Գոռ Հարությունյանին, որը ուսանում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, բանակ էին ուղարկում Ձորափի գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Առուշանյանը և կինը՝ Մարտունաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Ռիման:

– Ուրախ ենք, որ նման թոռ ունենք, և ուղարկում ենք բանակ, ասաց տիկին Ռիման և իր մայրական օրհնանքը տվեց բոլոր զորակոչիկներին.

–Մաղթում եմ հաջողություն, Աստված բոլորի հետ լինի:

Հայ մոր, տատի օրհնանքով մեկնեցին տղաները՝ հավատով, որ 2 տարի անց տուն կգան ավելի առնականացած, առողջ, և ամենակարևորը՝ բարձր են պահելու հայ զինվորի, քաշաթաղցու պատիվը:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031