Լրահոս
Օրվա լրահոսը

Էթնոհոգեբան. «Սերժ Սարգսյանն իշխանասեր մարդ է» (Տեսանյութ)

Հուլիս 20,2015 15:51

Աղքատ մանկություն ունեցած մարդը, իշխանության համը զգալով, դժվար է հրաժարվում. Սահմանադրական բարեփոխումների մասին հոգեբանի կարծիքը

Արդյոք բարեփոխված Սահմանադրության նախագիծը համապատասխանո՞ւմ է հայերի էթնոհոգեբանությանը: Այսօր «Նյութ» ակումբում այս հարցադրումն արծարծեց էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Նրա ներկայացմամբ՝ գործող եւ նոր առաջարկվող Սահմանադրությունում իր նշած գործոնը հաշվի չի առնվել, բայց ազգերի էթնոհոգեբանությունը շատ կարեւոր հանգամանք է նման լուրջ փաստաթղթում հաշվի առնելու համար:

«Սկզբից մինչեւ վերջ կարդալով նախագիծը, այնպիսի տպավորություն է, որ այն արեւմտյան ժողովուրդների, Եվրոպայի ժողովրդի համար է, որոնք անհատապաշտ են:

Հայերը կոլեկտիվիստներ չեն, փոքր խմբերի մակարդակում կոլեկտիվիստ են, երբ ընտանիքի մասին է խոսքը, բայց անհատապաշտ են մեծ հասարակական գործողություններում, նրանք մտահոգված չեն երկրի ճակատագրով, պետական ազգային լայն մտածողությունը մեզ մոտ զարգացած չէ»,-ասաց Նալչաջյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Էթնոհոգեբանը նշեց, որ մեզ մոտ մարդիկ ձգտում են իշխանության, սակայն բացակայում է իշխանության մասին ըմբռնումը, իշխանության տեսություն չկա. « Պետք է ունենաք պատկերացում՝ իշխանությունն ինչ է, ինչ դրսեւորումներ է ունենում հասարակության մակարդակում, եւ իշխանության խնդիրները լուծել բանիմացորեն»: Մասնագետն ասաց, որ կան մարդիկ, որոնց իշխանության ձգտումը պաթոլոգիական է, այդպիսի անձինք են Հիտլերը, Ստալինը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Սերժ Սարգսյա՞նն էլ իշխանության նման ձգտում ունի, քանի որ փորձագետներն ասում են՝ բարեփոխված Սահմանադրությամբ նա կարող է 7 տարի էլ կառավարել ՀՀԿ-ի միջոցով: Այս առնչությամբ էթնոհոգեբանն ասաց. «Պարոն Սերժ Սարգսյանը իշխանասեր մարդ է, բացի այն որ ձգտում է իշխանության, եւ երբ մարդը իշխանության համը տեսնում է, շատ դժվար է ազատվել նրա առավելություններից, մանավանդ երբ մանկության տարիներին աղքատության մեջ է ապրել եւ ծագումով ավելի հասարակ է, քան արիստոկրատիան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Մասնագետը բարեփոխված սահմանադրությունից տպավորություն է ստացել, որ Սերժ Սարգսյանը չի ուզում իշխանությունից դուրս գալ, չի էլ ուզում ավելի քիչ իշխանություն ունենալ. «Քանի որ նախագահ ընտրվել չի կարող Սահմանադրությամբ, ուրեմն պետական կարգը փոփոխությունների կենթարկվի, որպեսզի վարչապետն ունենա ավելի շատ իշխանություն, քան հիմա է: Օրինակ՝ ըստ նոր սահմանադրության՝ նախագահն այս է անում՝ վարչապետի առաջարկով, այն է անում վարչապետի առաջարկով, ընդհուպ մինչեւ բանակի ղեկավարության հարցերի լուծումը»:

Էթնոհոգեբանը նկատեց, որ վատ չէ, երբ անձը իշխանություն է սիրում, եւ միաժամանակ հայրենասեր է, պետական մտածողություն ունի: Նալչաջյանի խոսքերով՝ «Կարող ենք ասել՝ իսկ ինչո՞ւ իրեն հերթափոխ չի պատրաստում, մեկին առաջարկի:  Վստահության խնդիր կա»:

Մանրամասն տեսանյութում

Aravot.am –ի այն հարցին՝ Հայաստանի հանրապետության 3 նախագահներից ո՞ր մեկն է ավելի շատ իշխանասեր, պարբերաբար խոսվում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝վերադարձի մասին, էթնոհոգեբանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն, անշուշտ, սիրում էր իշխանություն, բայց նա ինտելիգենտ մարդ է, նա տեսավ, որ կառավարման լծակները չի կարողանում օգտագործել այնպես, ինչպես պետք է, եւ կային նաեւ գաղափարական տարբերություններ, նա հրաժարվեց իշխանությունից: Եվ դա ազնիվ արարք էր,պետք է գնահատենք, մտավորականն ուրիշ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031