Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը հայկական մեղրի առաջ դռները փակել է, ԵՏՄ-ն` բացել (Տեսանյութ)

Հուլիս 20,2015 15:41

Եվրոպան չի ընդունում հայկական մեղրը, քանի որ մեր մեղրը չի համապատասխանում եվրաչափանիշներին. Հայկական մեղրում քիմիայի պարունակությունը բարձր է, քանի որ բույսերը մեր երկրում քիմիայով են բուժում: Այսօր «Sputnik-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում այս մասին ասաց Հայաստանի մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը:

Փոխարենը հայկական մեղրով հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միությունում եւ արաբական երկրներում: Թելման Նազարյանն ասաց, որ Հայաստանի մեղվաբույծների ազգային միությունը վերջերս դարձել է Մեղվաբույծների եվրասիական միության նախագահության անդամ, որի կազմում շուրջ 50 կազմակերպություն կա. «Հզոր կազմակերպություն է եւ եթե կարողանանք մեր մեղրը, չմշակված հումքն արտահանել, մեր թոռների վրա կուտակված 5 միլիարդ պարտքը (խոսքն արտաքին պարտքի մասին է,-Լ.Բ.) կկարողանանք տալ: Պոմիդոր վարունգ ծախելով, մենք չենք կարող պարտք տալ»:

Պարոն Նազարյանը վստահ է, որ արտահանումը կնպաստի ոլորտի զարգացմանը, որը խորհրդային միությունից հետո մի քանի անգամ անկում է ապրել:

Aravot.am-ը պարոն Նազարյանից հետաքրքրվեց, թե ԵՏՄ-ի չափանիշները թո՞ւյլ են տալիս քիմիայի պարունակությամբ մեղր արտահանել, մեղվաբույծների ազգային միության նախագահն ասաց, որ ԵՏՄ-ն էլ իր չափանիշներն ունի, սակայն Հայաստանում կան այնպիսի բնակավայրեր, որտեղ ստացված մեղրն առանց քիմիայի է, բացի այդ, ավելի նպատակահարմար է մշակված մեղրից հումքն արտահանել, քան ինքը մեղրը:

Թելման Նազարյանի խոսքերով, մենք արտադրում ենք մեղվաթույն, որի մեկ գրամը 260 դոլար է, մեղվակաթ, որի 1 կիլոգրամը 9 հազար դոլար է, մեղրի պատրաստված օղին, նույնպես, թանկ արժե, քան մեղրը:

Ներկայումս մեր երկրում 200 հազար մեղվաընտանիք կա: Հայաստանում մեղրի արտադրությունը քիչ ծավալներով է: Թելման Նազարյանի տվյալներով, նախանցյալ տարի մեր երկրում 2000 տոննա մեղր է արտադրվել եւ եթե մեր քաղաքացիներն ուտեն ամենօրյա սահմանված չափաքանակը` 70-120 գրամը, ինչպես որ նախատեսված է սննդակարգով, ապա, Թելման Նազարյանի խոսքերով, մեղրը մեր երկրի բնակիչներին չի բավարարի:

Մեր հարցին, թե մեր քաղաքացիների առողջության համար վտանգ չի՞ ներկայացնում քիմիայի պարունակությամբ մեղրը եւ արդյոք ԵՏՄ արտահանելու դեպքում Հայաստանում մեղրի դեֆիցիտ չի առաջանա, քանի որ լավ մեղրը սահմանափակ քանակությամբ է եւ այն գնելու համար ծանոթ-բարեկամներին են դիմում, պարոն Նազարյանն ասաց, որ դեֆիցիտ չի առաջանա, քանի որ Հայաստանում մեղրի սպառումն այնքան էլ բարձր չէ, չնայած, որ մեկ կիլոգրամի արժեքը գրեթե մեկ կիլոգրամ մսի գնին է հավասար: Սակայն, պարոն Նազարյան ասաց, որ մարդիկ գումար չունեն, որ մեղր էլ գնեն:
Մանրամասները` տեսանյութում

Մեղվաբույծների միության նախագահը նաեւ ասաց, որ մեղվաբուծությունը Հայաստանում ինչպես ամբողջ աշխարհում ոչնչացման եզրին է կանգնած, ինչին «նպաստողներից» է բջջային կապը: Մեղուները ոչնչանում են նաեւ քիմիկատներով մշակվող բույսերից օգտվելիս. Ըստ պարոն Նազարյանի, մեղուների հաստաղիքը ուռուցքով է հիվանդանում եւ նրանք սատկում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031