Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հերքում է ճանապարհ փակելու մեղադրանքը

Հուլիս 20,2015 15:17

2014թ. հուլիսի 17-ին Բերդի բնակիչներ Ազնիվ Մաթեւոսյանը, Լեւոն Պապոյանը, Էլմիրա Դարբինյանը, Սուդարիկ Գրիգորյանը քաղաքացիական հայց են ներկայացրել Կորյուն Աթոյանի, Արամ Աթոյանի եւ Սարգիս Պապյանի դեմ: Հայցով 3 պատասխանողները եւս Բերդ քաղաքի բնակիչներ են, Կորյուն Լուկաշի Աթոյանի բնակության վայրը նշված է Բերդ քաղաքի Եղիշեի 10 հասցեն:

Խոսքը վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Սույն քաղաքացիական հայցը առնչվում է Բերդում գտնվող հողատարածքները եւ համայնքին պատկանող ճանապարհը ազատելու պահանջին:

Այս գործով դատավարությունն Իջեւան քաղաքում սկսվել է 2014թ. սեպտեմբերի 26-ին: Հայցվոր Ազնիվ Մաթեւոսյանը դատարանին միջնորդել է փորձաքննություն կատարել՝ պարզելու համար, թե որքա՞ն են կազմում Բերդ քաղաքի Գետափնյա 31/1 եւ Գետափնյա 31/2 հասցեներում գտնվող, Կորյուն Աթոյանին պատկանող հողամասերի փաստացի մակերեսները եւ համապատասխանո՞ւմ են, արդյոք, դրանք սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված չափերին:

Դատավոր Արման Կուրեխյանի 2015թ. փետրվարի 19-ի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն եւ գործի վարույթը կասեցվել է մինչեւ փորձագետի եզրակացությունը ստանալը:

2015թ. մարտի 4-ին դատարանում ստացվել է փորձագետ Լիլիթ Ադամյանի գրությունը,որ փորձաքննությամբ առաջադրված հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ են ճշգրիտ գործիքներ, որով ինքն ապահովված չէ եւ չի կարող փորձաքննություն կատարել:

Ապրիլի 16-ին դատավոր Կուրեխյանը նշանակել է դատատեխնիկական նոր փորձաքննություն եւ այն հանձնարարվել է անհատ ձեռներեց Արմեն Մանուչարյանին: 2015թ. հուլիսի 9-ին սույն քաղաքացիական գործով հերթական նիստը նշանակված էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում: Հայցվոր Ազնիվ Մաթեւոսյանը, որը Բերդի քաղաքապետարանի աշխատակից է, ասաց, որ ինքը տեղյակ չի եղել Նոյեմբերյանում նիստ անցկացնելու մասին, դրա վերաբերյալ դատարանի կողմից պատշաճ չի ծանուցվել, նիստին չի մասնակցել:

Նա ասաց, որ ինքը եւ Կորյուն Աթոյանը դասընկերներ են, 10 տարի միասին են դպրոց հաճախել: Ա. Մաթեւոսյանը հայտնեց, որ Կ. Աթոյանը Բերդում ձեռք է բերել 4600 քմ մակերեսով հողատարածք, որի մեջ եղել է համայնքային ճանապարհ: Մաթեւոսյանի խոսքերով՝ Կ. Աթոյանն այդ ճանապարհը փակել է, ինքն ու մյուս հայցվորները չեն կարողանում գնալ իրենց հողամասեր: «Կորյուն Աթոյանը ճանապարհը փակել է, վերտալյոտո՞վ ենք գնալու՝ մեր հողերը մշակելու»,- վրդովվեց Ազնիվը: Նա ասաց, որ Կ. Աթոյանն իր հողամասը փաստացի վաճառել է Սարգիս Պապյանին, սակայն վերոհիշյալ քաղաքացիական հայցի պատճառով այդ վաճառքը չի կարողանում ձեւակերպել:

Ա. Մաթեւոսյանին հարցրինք՝ փորձագիտական եզրակացության արդյունքներով Կ. Աթոյանի հողամասերի չափերը համապատասխանե՞լ են սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված չափերին: Նա ասաց, որ դրանք 230 քառակուսի մետրով գերազանցում են վկայականներում նշված չափսերին, սակայն, չգիտես ինչու, փորձագետը Կ. Աթոյանի հողամասում համայնքային ճանապարհ չի տեսել:

Պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք Կորյուն Աթոյանին: Նա ասաց, որ ինքը 10 տարի առաջ «Հայաստանի հանրապետություն» թերթում կարդացել է պետական գույքի վարչության հաշվեկշռում գտնվող Բերդի անասունների մթերման հիմնարկության վաճառքի մասին հայտարարությունը եւ այն գնել է: Նա հայտնեց , որ ինքը անցած ժամանակաշրջանում այդ տարածքը չի օգտագործել, հողատարածքի չափսերի վերափոխում չի կատարել: Նրա վկայությամբ՝ երկու տարի առաջ իր հարազատ Արամ Աթոյանը եւ Սարգիս Պապյանը իրեն համոզել են, որ այդ հողամասը մշակվի: Արամ Աթոյանը երկու ամիս առաջ մահացել է:

Կորյուն Աթոյանն ասաց, որ այդ հողամասում երբեք ճանապարհ չի եղել, ինչը հաստատվում է Բերդի քաղաքապետարանից եւ կադաստրից ստացված տեղեկանքներով: Կ.Աթոյանը հայտնեց նաեւ, որ տվյալ հողատարածքն ինքը չի վաճառել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031