Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյան. Սա կոնկրետ հետապնդում է Հայկ Կյուրեղյանի նկատմամբ

Հուլիս 20,2015 13:13

«Իմ կարծիքով՝ Հայկ Կյուրեղյանը իրավունք ուներ պաշտպանվելու, առավել եւս երբ ինքը հրաժարվել էր փաստաբանից»,- հուլիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպան Նելլի Հարությունյանը:

Նա նշեց, որ մասնակցել է մեկ դատական նիստի, որի ընթացքում դատարանը դուրս է հրավիրել ներկաներին, այնուհետեւ թույլ է տվել ներս մտնել միայն լրագրողներին: Եվ երբ ինքը ներկայացել է որպես դիտորդ՝ միայն այդ ժամանակ են իրեն թույլ տվել ներս մտնել, սակայն շուտով դատավորն իրեն դահլիճից դուրս է հանել ժպտալու համար. «Բազում դատական նիստերի եմ եղել, եղել է, որ դատավորն է ժպտացել, մեղադրողն է ժպտացել: Ինչպե՞ս կարելի է ժպտալու համար դիտորդին դուրս հրավիրել»:

Իսկ Իրավունք եւ աջակցություն հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանի խոսքերով՝ Հայկ Կյուրեղյանի արարքը նման չէր խուլիգանության. «Սա կոնկրետ հետապնդում է, կոնկրետ խոշտանգումներ են Հայկ Կյուրեղյանի նկատմամբ, ինչպես քննչական մարմիններում, ինչպես ճանապարհային ոստիկանները իրեն բաժին տանելիս ծեծի են ենթարկել: Եվ այսօր դա շարունակվում է դատական ատյաններում»:

Ըստ նրա՝ տեղի ունեցող գործընթացն ուղղված է Հայաստանում ազատատենչության, մարդու իրավունքների դեմ. «Մենք կարծես թե բեւեռացել ենք այս հնչեղություն ստացած գործերի վրա: Բայց հավատացե՛ք նմանատիպ վարմունքներ դատարանների եւ իրավապահ մարմինների կողմից զանգվածային են»:

Ասուլիսին ներկա էր նաեւ Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմեն Կյուրեղյանը, նա ասաց. «Եթե Հայկը իր գործողությունները կատարել է դատական համակարգի դիմաց, ինչպե՞ս կարող է նա ոտքի կանգնել: Եթե նա համարում է դատական համակարգը կոռումպացված, պատվերներ կատարող, ինչպե՞ս նա կարող է ոտքի կանգնել: Նա ինքն է ուզում իրեն պաշտպանել եւ դատական ոչ մի կառույց նա չի ընդունում: Նա ասում է, եւ ես էլ համաձայն եմ իր հետ, որ դատապաշտպանի խոսքը ոչ մի դեր չունի դատավճռի կայացման գործում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031