Սահմանադրագետ Վարդան Այվազյանը սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին չի շտապում գնահատականներ տալ:
«Հանրության քննարկմանն է ներկայացվել նախագծի մի մասը, իսկ ամբողջական կարծիք հայտնելու համար, պետք է ամբողջ փոփոխությունների նախագիծը տեսնել»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց փորձագետը:
Ըստ նրա, գործող Սահմանադրության հետ համեմատած՝Սահմանադրության նոր նախագծում բավականին առաջընթաց կա, կատարելագործված է, բայց կատարյալ լինելուց բավականին հեռու է:
Նա առաջընթաց է նկատել հատկապես մարդու իրավունքների, ազատություններին վերաբերող գլուխներում, համակարգվել են անձնական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակութային իրավունքները:
Կարդացեք նաև
«Յուրաքանչյուր իրավունք տվյալ հոդվածում սահմանում է նաև տվյալ հոդվածի սահմանափակման հիմքերը: Ինչ վերաբերում է քննարկման առիթ դարձած կյանքի իրավունքի հետ կապված խնդրին, որպես մարդու բոլոր իրավունքների հիմք, պետք է իրավունքի սահմանափակման հիմքերն առավել հստակ լինեն, և ոչ թե լղոզված: Կա պրակտիկա, որ կյանքի իրավունքն ունի «հստակ սահմանափակման հիմքեր» անորոշ դրույթը, այն է՝ երբ է թույլատրվում մարդուն կյանքից զրկել, առաջինը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:
Անդրադառնալով կառավարման համակարգի փոփոխությանն՝ ասաց. «Խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո, եթե էլի վստահության քվեն հասարակությունը կարող է տալ այն անձանց, որոնք այսօր կան ԱԺ-ում, այսինքն՝ ոչ կոմպետենտ անձանց, ուրեմն կապ չունի կառավարման խորհրդարանական ձև ունենք, թե կիսանախագահական: Առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքակրթվել, և որից հետո խորհրդարանական ձևի մասին խոսել, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը, նոր այդ դեպքում կարելի է ճաշակել պտուղները»:
Հարցին՝ իսկ Սահմանադրական փոփոխությունները նպաստո՞ւմ են իշխանության վերարտադրմանը, պատասխանեց, թե պետք չէ այս փոփոխությունը կապել վերարտադրության հետ. «Յուրաքանչյուր մարդ պարտավոր է ինքն իրեն սիրել այնքան, որքանով ատում է իր անկատարությունը: Այսօր իշխանությունը և ընդդիմադիրները իրենց սիրում են այնքանով, որքանով ատում են իրենց անկատարությունը բարձրաձայնողներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ