Շխմուրադի վանական համալիրը կառուցվել է 12-13-րդ դարերում: Այն գտնվում է Հախում գետի հովտում, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղից 6 կմ հարավ-արեւմուտք: Համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից եւ երկու գավիթներից: Վանական համալիրի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է մոխրագույն ֆելզիտից, 1181 թվականին: Վանքի պարսպապատից միայն ավերակներ են մնացել: Վանքի տարածքում կան գեղաքանդակ խաչքարեր, որոնց շարքում է հռչակավոր վարպետ Կիրամի կիսաքանդ խաչքարը:
Վերին Ծաղկավան համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանն ահազանգում է Շխմուրադի վանական համալիրի աղետալի վիճակի մասին եւ այն հիմնանորոգելու համար աջակցություն խնդրում:
Համայնքի ղեկավարը հայտնեց, որ վանական համալիրը գտնվում է Վերին Ծաղկավանի վարչական տարածքում, մշակույթի նախարարության իրավասության ներքո: Նա ասաց,որ վանական համալիրը գտնվում է խարխուլ վիճակում, փլվելու եզրին է:
Համայնքապետի հաշվարկներով՝ Շխմուրադի վանական համալիրի վերանորոգման համար հարկ կլինի ներդնել 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար: Նրան հարցրինք, թե ո՞ւմից է ակնկալում այդ աջակցությունը: Գյուղապետն ասաց, որ դիմել են տարբեր ատյանների: Նա հույս ունի, որ համագյուղացի, «Իդեալ համակարգի» սեփականատեր Նորայր Խաչատրյանը մեծապես կօգնի նշանավոր վանական համալիրը փրկելու գործում:
Նշենք, որ Նորայր Խաչատրյանի ֆինանսական միջոցներով է կատարվել Բերդի տարածաշրջանի Նոր Վարագավանքի հիմնանորոգումը: Մեր տեղեկություններով՝ Ն.Խաչատրյանը Նոր Վարագավանքի վերանորոգման համար տրամադրել է 1 միլիոն դոլարին համարժեք գումար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ hushardzan.am կայքից