Դիմորդներն առանց այն էլ սթրեսային վիճակում ու սրտատրոփ սպասում են՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ ոչ, պետհամալսարանն էլ մի կողմից է նրանց սթրեսի ենթարկում: Դիմորդները, բուհի ապագա ուսանողներն իրենց անունները փնտրում են կիզիչ արեւի տակ, պետհամալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքի պատուհաններին, ժանգոտ ճաղերի հետեւում, որտեղ փակցված են բուհի ընդունելության ցուցակները: Թվայնացման այս դարում, երբ անգամ հեռավոր դպրոցներում համակարգիչ եւ համացանց կա, մայր բուհը հնադարյան մեթոդներով է ուսանողների բալերը մատուցում: Մի՞թե հնարավոր չէ կրթության եւ գիտության նախարարության կամ որեւէ այլ կենտրոնացված ձեւով որեւէ կայքում տեղադրել այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ՝ հատկապես շրջաններից, միավորներն իմանալու համար չգան հասնեն մայրաքաղաք:
Կամ եթե դժվար է էլեկտրոնային տարբերակով այն մատուցել՝ գոնե քաղաքակիրթ ձեւով, ասենք՝ բուհի ներսում ստենդի վրա դրանք փակցնեն:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2015