Վիրավորանքի միջոցով մարդիկ պատմում են իրե՛նց դարդերի մասին
Ենթադրենք, դուք քայլում եք փողոցով, եւ ինչ-որ անծանոթ մարդ ձեզ «հիմար» է անվանում: Ձե՛ր գործողությունները… Կարող է լինել տղայական պատասխան. «Էդ դու ի՞նձ հիմար ասիր: Տո դու ո՞վ դառար, որ ինձ էդձեւ բան ասես»: Քաղաքակիրթ պատասխան. «Ներեցեք, մենք ծանո՞թ ենք»: Հոգեկան տվայտանքներ. «Ինչո՞ւ է նա ինձ հիմար անվանել: Գուցե ես իսկապե՞ս հիմար եմ: Բայց ախր ես հիմար չեմ…»: Բայց այդ բոլոր ռեակցիաները սխալ են: Որովհետեւ այդ մարդու ասածը ձեզ հետ բացարձակապես ոչ մի կապ չունի: Դա կապ ունի միայն ասողի հետ, նրա հոգեվիճակի, գուցե տառապանքների, այն ցավի հետ, որը նա ապրել եւ ապրում է, կյանքի ինչ-որ անհաջողությունների եւ նեղվածության հետ: Դուք պարզապես անցորդ եք, որն ընկել է նրա «դրբի տակ», նրան հարմար եղավ ձեզ վրա պարպել իր նեղվածությունը: Հետեւաբար այստեղ կարող է լինել երկու տիպի հակազդեցություն՝ ժպտալ եւ առաջ անցնել, եթե դուք սովորական մահկանացու եք: Եվ օգնություն առաջարկել, եթե դուք Մայր Թերեզան եք կամ նման մի անձնավորություն:
Իսկ հիմա՞ր եք դուք, թե՞ խելացի՝ դրա մասին միայն դուք գիտեք: Ճիշտ այնպես, ինչպես ավելի լավ գիտեք՝ դուք չար եք, բարի եք, չաղ եք, նիհար եք, մասնագետ եք, սիրող եք, հիվանդ եք, առողջ եք եւ այլն: Ուրիշի կարծիքը հաշվի չառնելն, իհարկե, սխալ է: Մենք սոցիալական էակներ ենք, եւ եթե մեկը, ենթադրենք, որոշել է կեղտոտ ձեռքերը սրբել սպիտակ վարագույրով, նա պետք է իմանա, որ դա կարող է շատերին դուր չգալ: Բայց որեւէ մեկին չպիտի հնարավորություն տրվի ուղղորդել մեր վարքը, միտքը, մեզ կախման մեջ գցել՝ իր բնորոշումներով կամ պիտակներով: Եվ ես էլ չպիտի նման փորձեր անեմ՝ ուրիշների հանդեպ, նույնիսկ այն դեպքում, եթե այդ ուրիշը իմ երեխան է:
Որովհետեւ ես այն եմ, ինչ ե՛ս եմ իմ մասին մտածում, երբ միայնակ եմ մնում իմ խղճի հետ: Եվ ամենեւին այն չեմ, ինչ իմ մասին ուրիշնե՛րն են մտածում: Որովհետեւ ամեն մեկը պատասխան է տալիս միայն ի՛ր կյանքի եւ ի՛ր վարքի համար: Որովհետեւ ոչ ոք ինձ պարտք չի, ոչ էլ ես եմ որեւէ մեկին պարտք: Բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեցող «գործընկերներ են», նրանք համագործակցում են որպես անկախ անհատներ: Հոգեբանության մեջ դա կոչվում է «ասերտիվ» վարք, որը խուսափում է երկու ծայրահեղություններից՝ զոհի եւ ագրեսորի կարգավիճակից:
Երբ մարդը խոսում է, շփվում է կամ գրում է, նա տեղեկատվություն է հաղորդում նախեւառաջ ի՛ր, ի՛ր զգացմունքների, կենսափորձի, աշխարհայացքի մասին: Կայացած մարդիկ կարողանում են իրենց մտքերը շարադրել այնպես, որ դրանք որեւէ անձի չեն վիրավորում, որեւէ մեկի մոտ բացասական էմոցիաներ չեն առաջացնում: Չկայացած մարդիկ շփման մեջ, հակառակը՝ նպատակ ունեն «մթնոլորտ հեռարձակել» իրենց բացասական էմոցիաները եւ իրենց առջեւ նպատակ են դնում որեւէ մեկի «դիմակը պատռել» եւ «պորտը տեղը դնել»:
Կարդացեք նաև
Հայաստանում (գուցե ընդհանրապես Արեւելքում) ընդունված է, որ մարդիկ իրենց մասին պատմեն նվնվալով, բողոքելով: Ընդ որում, այդպես էր նաեւ նախորդ՝ կոմունիստական հասարակարգում, այնպես որ՝ «ռեժիմն» ու տնտեսական վիճակը առանձնապես կապ չունեն: «Բա էս երկրում ես ո՞նց կարամ լավ լինեմ»՝ դա է մեր կենցաղային փիլիսոփայության հիմքը: Այս խղճահարությունը սեփական թանկագին անձի նկատմամբ, զոհի «հարմարավետ» կարգավիճակը ենթադրում է պատասխանատվության իսպառ բացակայություն եւ, համապատասխանաբար, ագրեսիա բոլոր այն անձանց հանդեպ, որոնք, այդ «զոհի» կարծիքով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատու են իրենց վիճակի համար: Իսկ այդպիսի «պատասխանատուների» շրջանակը հսկայական է՝ սկսած քո կողակցից եւ վերջացրած երկրի առաջին դեմքով: Այնպես որ՝ եթե մեկը ձեր մասին «մի երկու քաղցր խոսք» է ասում, ապա, շատ հավանական է՝ դա «նվնվոցի» ագրեսիվ արտահայտություն է:
Վերջում մեջբերում «մեր հայրենակից» Էդմոն Ռոստանի հայտնի «հերոսական կատակերգությունից»: «Դե Վալվեր. խարդախ, սրիկա, տականք, ծիծաղելի հիմար: Սիրանո. Օ, որքան շատ են ձեր տիտղոսները, իսկ ես դե Բերժերակն եմ»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2015
Որպեսզի կարողանաք որոշել՝ դուք հիմար եք թե ոչ՝ նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ հիմար լինելու (կամ չլիներու) չափանիշները։ Այդ չափանիշները դուք չեք որոշում՝ դա տալիսի է հասարակությունը։ (Անկախ ստացման եղանակից՝ ուզում եք վերցրեք Աստվածաշնչի կանոնները, ուզում եք Թաթուլի երգերը…))).. միևնույնն է՝ կանոնները գալիս են դրսից)։
Իսկ եթե ենթադրում եք, որ կարող եք և կանոնների հեղինակը, և չափանիշները որոշողը և գնահատողը լինել միայն դուք…
Այդ դեպքում շնորհավորում եմ ձեզ… Դուք ԱՍՏՎԱԾ ԵՔ..)))..
Հա..)).. չմոռանամ հիշեցնել, որ ամեն ԱՍՏՎԱԾ ստեղծում է իր ԱՇԽԱՐՀԸ, որը ոչ մի կապ չունի այն աշխարհի հետ, որտեղ ապրում ենք մենք՝ սովորական մահկանացուներս… (Այնտեղ նա կարող է լինել երջանիկ կամ դժբախտ (դրա մասին խոսելը իձաստ չունի՝ դա «բարուց և չարից անդին» զոնան է, որտեղ դժբախտի կամ երջանիկի չափանիշները և գնահատումը տրվում է հենց նույն ԱՍՏԾՈՒ կողմից՝ ԱՆԸՄԲՌՆԵԼՒ ԵՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՆՐԱ՝ սկզբունքով։ Անըմբռնելի են՚ հետևաբար ընդօրինակելի չեն։)
Մի խոսքով՝ ՁԵՐ ՀՈԳԵՎՈՐ վիճակը մեր՝ հասարակ մահկանացուներիս աչքին երևում է որպես ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ..))))..
Ա Կյանքում հաճախ են իրավիճակները, երբ թուլություններ ես ցուցաբերում՝ ալարկոտություն, անսկզբունքայնություն, պատճառներ ես փնտրում չուզած գործեր չանելու ինքնահամոզման համար ու նման բաներ։ Այդ թուլություններին ենթարկվելով, միեւնույնն է, տհաճ նստվածք է մնում հոգուդ մեջ։ Որոշեցի գործարքի մեջ մտնեմ Աստծո հետ՝ ես Իրեն զոհաբերում եմ իմ թուլությունները՝ այսինքն այլեւս թուլություններիս չեմ ենթարկվում ու անում եմ միայն իմ պատկերացմամբ Աստվածահաճո գործեր, իսկ Ամենազորն էլ ինձ խելք, ուժ ու ոգի է պարգեւում դրա դիմաց։ Միանգամայն գործնական Աստվածահաճո գործարք։ Ստացվում է, բոլոր իրավիճակներում ինքս ինձ հարց եմ տալիս, ո՞րն է գործելու Աստվածահաճո տարբերակը ու այդ տարբերակն էլ օգտագործում եմ։ Էլ ոչ մի նստվածք ու ոչ մի տվայտանք։
Բ Իսկ երեխաներին ու քեզնից քիչ խելք ու շնորհք ունեցողներին պետք է դաստիարակել, բայց ոչ թե ճակատներին շրխկացնելով նրանց սխալներն ու թերությունները, այլ ընդգծել ու խրախուսել նրանց հաջողությունները ու համբերատար մեծացնելով հաջողությունների հարաբերակցությունը սխալների հանդեպ։