Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգին «անգլիական թագուհի» լինելն էլ շնորհք է»

Հուլիս 20,2015 15:30

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը առաջարկում է ակտիվ
մասնակիցը դառնալ սահմանադրական փոփոխությունների քննարկումների

– Ի սկզբանե նախագահը խոսում էր սահմանադրական բարեփոխումների երկու նախագծերի մասին, որոնցից մեկը պետք է լիներ նախագահական համակարգի նորացված տարբերակը, մյուսը` խորհրդարանական: Քննարկումներում, սակայն, առաջին տարբերակը սահուն կերպով դուրս մղվեց: Ի՞նչ կոնսոլիդացիայի ու վստահության մասին կարող է խոսք լինել սահմանադրական բարեփոխումների շուրջ, եթե ի սկզբանե արդեն իշխող կուսակցությունը փորձում է խախտել խաղի կանոնները:

– Եկեք փաստենք մեկ կարեւոր իրողություն՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տրված է, հասարակությանն է ներկայացվել տարբերակ, եւ արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել հասարակության ամենատարբեր շերտերում։ Սա ուրախացնող հանգամանք է, քանի որ քչերն են անտարբեր այս հարցի հանդեպ։ Բայց սրտացավ են քչերը, մեկ՝ նախաձեռնության հեղինակ քաղաքական ուժը, եւս մի քանի այլ ուժեր, նաեւ՝ միջազգային կառույցները, որոնց, ի դեպ, բավականին հետաքրքրում է այն, ինչ սկսվել է Հայաստանում։ Ի սկզբանե ուզում եմ խնդրել, որ այս կարեւոր պահին նեգատիվը վանենք մեր միջից, վանենք բացասականը եւ գործի անցնենք՝ հավատով, որ այն, ինչ պիտի արվի, կլինի մեր հասարակության լայն շերտերի կոնսոլիդացիայի արդյունքում։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի, եւ մենք կմնանք այսօր գործող Սահմանադրության տիրույթում՝ իր բոլոր լավ ու վատ հետեւանքներով։ Իսկ թե ինչու ներկայացվեց մեկ տարբերակ՝ վաղուց հայտնի է, գուցե մոռացվեց, որ նախաձեռնության հենց սկզբից քննարկումները գնացին այն հունով, որ վերջնական աշխատանքային տարբերակը կառուցվեց հենց խորհրդարանական մոդելին համապաատասխան. սա հրապարակավ է եղել, եւ չկա ոչ մի խախտում։ Խաղի կանոնները ոչ ոք չի խախտել եւ չի էլ պատրաստվում խախտել, հատկապես՝ չկա խաղ, կա լրջագույն մի իրավիճակ, երբ փորձելու ենք երկրում կատարել համակարգային փոփոխություն։ Կարեւորը՝ նախագծով առաջարկվում է միայն մեկ առաջնային մանդատ, իսկ սա նշանակում է, որ իշխանափոխությունները կարող են կատարվել շատ ավելի անցավ, առանց վիրահատական միջամտությունների։

– Նախագծով սահմանվում է պատգամավորների թվի էական կրճատում. ՀՀԿ-ն պատրա՞ստ է զսպել իր ախորժակը, թե՞ ենթադրվում է, որ այլ կուսակցությունների՝ առանց այդ էլ սահմանափակ մանդատների քանակից պետք է կրճատել:

– Պատգամավորների թիվը նախագծում հստակ սահմանված չէ, կա 101 թիվը եւ մինչեւ ինչ-որ թիվ, սա պայմանավորված է լինելու հավանական երկրորդ փուլի ընտրության եւ այլ հանգամանքներով։ Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ այդուհանդերձ՝ պատգամավորների կոնկրետ թիվը պիտի ֆիքսված լինի երկրի գլխավոր օրենքում, հակառակ դեպքում, այո, ոմանք կփորձեն հայավարի ֆոկուսների գնալ։ Իսկ ախորժակը սահմանափակելու մասին ձեր հարցին պիտի պատասխանեմ ուրախությամբ՝ ձեր հարցի մեջ կա վստահություն, որ այսպես կամ այնպես մեծամասնությունը դարձյա՞լ ՀՀԿ-ինն է լինելու, ինչ ասեմ՝ դուք ասացիք…

– Նաեւ մեծամասնական ընտրակարգն է նախատեսվում վերացնել: ՀՀԿ-ի մականունավորները, որոնք հիմնականում մեծամասնական կարգով էին ընտրվում, միայն կուսակցական ցուցակո՞ւմ են ապաստանելու:

– Մի մտահոգվեք, խնդիրներ չեն առաջանա, իսկ հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելը ոչ միայն մեր, այլեւ բազում ուրիշ քաղաքական ուժերի մանկության կապույտ երազանքն է, մենք նրանց տալիս ենք իրենց երազանքն իրականացնելու հնարավորություն, թող գան, մասնակից լինեն քննարկումներին, անեն առաջարկներ, դիտողություններ, քրտնաջան տքնեն, քանի որ խոսքն այսօր ոչ թե մի սովորական օրենքի, այլ երկրի գլխավոր օրենքի բարեփոխումների առաջարկի քննարկման մասին է, թող մասնակից դառնան, որ հետո չասեն, թե իրենք քնած՝ Դավիթը գող-գող եկավ-գնաց։ Սկսվում է հրապարակային քննարկումների շրջան, աշխատանքային վիճակ, եւ ոչ ոք մտադիր չէ թաքուն քայլեր կատարել, թեժ ամառ է սպասվում բոլորիս: Հուսամ՝ սրա արդյունքում աշունը բերքառատ կլինի։

– Որոշ քաղաքական ուժեր դժգոհեցին, որ խորհրդարանում մեծամասնության ձեւավորման հարցում կան վտանգներ, եւ որ այս ամենն արվում է իշխանության քաղաքական մենաշնորհը պահելու համար։

– Դժգոհողների սխալն այն է, որ առաջարկված տարբերակը դիտարկում են որպես արդեն ընդունված Սահմանադրություն, մինչդեռ սա ընդամենը աշխատանքային տարբերակ է եւ պատրաստ է փոփոխությունների։ Եթե կա ասելիք, կան կասկածներ, կա մեկ այլ դիրքորոշում, ինչու չգալ, չքննարկել, չառաջարկել. սա է միասին աշխատելու եւ մեկ ընդհանուր հայտարարի գալու միակ քաղաքակիրթ ճանապարհը, հակառակ դեպքում դժգոհողները կնմանվեն պատերի տակ խոսող կանանց։

– Նախագահի պաշտոնավարման ժամկետի կրճատումը տրամաբանակա՞ն քայլ եք համարում, առավել եւս, որ նախագահը հավանաբար կլինի «անգլիական թագուհի»:

– Նախագահի պաշտոնավարման ժամկետի կրճատումը համարում եմ շատ կարեւոր քայլ, նաեւ՝ որ նախագահը մեկ անգամից ավելի չի կարող նախագահ դառնալ, սրան կողմ եմ, բայց եւ յոթը տարին շատ եմ համարում, կարծում եմ՝ հինգ տարին շատ ավելի ռացիոնալ ժամանակահատված է։ «Անգլիական թագուհի» լինելն էլ շնորհք է, դուք կարծում եք՝ ամեն ոք կարո՞ղ է լինել լավ անգլիական թագուհի։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031