Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածել, թե Ադրբեջանը բանակցությունների միջոցով գնալու է լուծման, միամտություն է»

Հուլիս 20,2015 15:00

Մանվել Սարգսյանը կարծում է, որ Ադրբեջանը որեւէ դեպքում չի զիջի

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի միջուկային խնդրի կարգավորման երկարատեւ բանակցությունների ավարտը հույս է ներշնչում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նույնպես կարող է լուծվել: «Կարգավորումն արագ առաջընթացի համար կանգնել է երկաթգծերի վրա»,- ասել է նա՝ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների սպասվելիք հանդիպմանն ընդառաջ: Սպասվող օրերին ԵԱՀԿ համանախագահների հանդիպումները երկու երկրների նախագահների հետ նորից ակտիվացրել են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի մասին քննարկումները: Սպասվողի եւ ընթացիկ քննարկումների մասին «Առավոտը» զրուցել է վերլուծաբան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:

Նա անդրադառնալով Իրանի շուրջ ծավալված իրադարձություններին եւ դրա՝ Ղարաբաղյան խնդրի հետ կապին՝ ասում է. «Իրանի դերի փոփոխությունը մեծ ազդեցություն է թողնելու տարածաշրջանային խնդիրների վրա: Իզուր չէ, որ Հայաստանը նույնպես նոր հարաբերությունների հնարավորություն կարող է ունենալ: Շատ լուրջ պետություն է Իրանը միջազգային հարաբերություններում: Հիմա, իհարկե, դժվար է ասել, թե դրանից ով ինչ օգուտ կստանա կամ ինչ հարաբերություններ կկերտի: Անմիջական կապ Ղարաբաղյան խնդրի հետ դժվար է տեսնել, բայց դե, Իրանը մեծ ազդեցություն ունեցող պետություն է, եւ նրա դիրքորոշումը կարեւոր նշանակություն կարող է ունենալ ցանկացած խնդրում»:
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման մասին՝ պարոն Սարգսյանը նշում է, որ մեծ սպասելիքներ չունի այդ բանակցային գործընթացից, կարծում է, որ այս անգամ էլ, ինչպես միշտ, որեւէ կարեւոր բան չի լինի, ստրատեգիական ծրագրեր չեն մշակվի: Վերլուծաբանը ասում է, որ շատերին հետաքրքրում է երկու երկրների ուժերի բալանսը միայն. «Ուորլիքն էլ այդ մասին խոսեց: Փաստորեն ամեն կերպ խուսափել պատերազմի վերսկսումից, լարվածությունից. դրա մասին խոսում են, եւ հիմնականում խնդիրը դա է, որ բոլորին մտահոգում է»,- ասում է պարոն Սարգսյանը:

Նա տարօրինակ է համարում, որ բոլորին մտահոգում է Ջեյմս Ուորլիքի արած հայտարարությունը՝ «գրավյալ տարածքները» Ադրբեջանին հանձնելու մասին, որը արտացոլում է դեռեւս 2007 թվականին Մադրիդում ընդունված սկզբունքները: Ասում է, որ դա նորություն չէ եւ «փոխզիջումային մոդել» է, բանակցային գործընթացում փորձ չի էլ արվում այլ ֆորմատներ ներկայացնելու: Մանվել Սարգսյանը մատնանշում է, որ, այդուհանդերձ, այս տարբերակը ոչ մի կերպ Ադրբեջանը չի ընդունելու. «Այստեղ պետք է հասկանալ, որ ամեն ինչ կախված է Ադրբեջանից: Ադրբեջանը որեւէ կերպ ուրիշ տարբերակ չի ճանաչում, քան ամեն ինչ իրեն տալ. աշխարհը պետք է լրիվ Ադրբեջանի պայմանը կատարի: Նա երբեւէ որեւէ զիջում չի անի, որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, երբեւէ որեւէ իրավունք չի ճանաչի՝ թե՛ հայաստանցիների, թե՛ ղարաբաղցիների իրավունքները: Մենք տեսել ենք դա. Հեյդար Ալիեւի ասածով են գնում. Ղարաբաղը կորցված է, իրավունքը պահեք ձեզ: Նրանց դիվանագիտությունը, քաղաքականությունը դա է՝ պահեն իրավունքը իրենց ձեռքում: Իրենք այդ իրավունքը ոչ մեկին չեն տալիս,- ասում է պարոն Սարգսյանը եւ ավելացնում:- Մտածել, թե Ադրբեջանը բանակցությունների միջոցով գնալու է լուծման՝ միամտություն է: Իրենք շարունակել եւ շարունակելու են այդպես, որովհետեւ իրենք կորցրել են, կորցրածի իրավունքն են իրենց պահում: Սպասում են, որ մի հարմար պահ լինի. բանակը պահում են, զինում են, գնան, գրավեն, աշխարհը լռի: Սա Ադրբեջանի պարզ, հստակ դիրքորոշումն է, որը չեն էլ թաքցնում»:

Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը հաշվի առնելով՝ պետք է հասկանանք, թե որը պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը: «Տարածքների խնդիր չկա: Հայաստանն է այդպես խոսում: Ադրբեջանի համար նման խնդիր գոյություն չունի: Իրեն հետաքրքրում է, որ այն տարածքները, որ կոչում են օկուպացված, Ղարաբաղով, ամեն ինչով սուսուփուս տան իրեն, ամբողջ աշխարհով Հայաստանին ստիպեն, որ դա անի: Դրա համար էլ անիմաստ է խոսել ուրիշ տարածքների մասին, Ադրբեջանը լրիվ այլ հարթության մեջ է խնդիրը դնում: Իհարկե, միջազգային հանրությունը մինչ այս չի ճանաչել Բաքվի այդ իրավունքը, առաջարկվել են Մադրիդյան սկզբունքները. ասել են՝ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, գոյություն ունեն տարածքների խնդիրները, նստենք այդ մասին խոսենք, բայց Ադրբեջանը դա չի ցանկանում»,- ասում է Մանվել Սարգսյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031