Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերածնունդը» վերածնում ու աշխարհին է ներկայացնում մեր բազմադարյա երաժշտարվեստը

Հուլիս 20,2015 13:00

ՄԻ քանի օր է, ինչ մեր անվանի արվեստագետներից շատերը, ինչպես նաեւ երաժշտարվեստի սիրահարներ մեզ խորհուրդ են տալիս այցելել www.armenianmusic.am կայքը: Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Aravot.am-ը տեղեկացրել է հիշյալ կայքի ստեղծման մասին: Նշենք, որ հատկապես երաժիշտների հիացմունքն այնքան մեծ է, որ «Առավոտը» որոշեց հանդիպել կայքի «մեղավորին»՝ մասնագիտությամբ խմբավար, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար-համակարգող Մարինա Սուլթանյանին (լուսանկարում): Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հիմնադրամը ստեղծվել է 2014թ.: Նպատակն է աջակցել հայկական մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին, հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը:

«Հիմնադրամը նաեւ նպատակ ունի ներկայացնել հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունն արտերկրում, ստեղծել երգերի ժողովածուներ, թողարկել CD-ներ, կազմակերպել միջոցառումներ, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնական ու դաստիարակչական նախագծեր, տպագրել մասնագիտական եւ գիտական գրականություն՝ այսպիսով հայկական երաժշտական արվեստը հասանելի դարձնել հասարակության լայն շրջաններին»,- հակիրճ ներկայացրեց հիմնադրամի տնօրենը: Նա հայտնեց նաեւ, որ հիմնադրամում ընդգրկված են իրենց գործի գիտակներ ու ճանաչված դեմքեր. Արթուր Ջանիբեկյանը հիմնադրամի նախագահն է, որը նաեւ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի հեղինակն է, ծրագրի գլխավոր երաժշտական խմբագիրն ու խորհրդատուն է ՀՀ կոմպոզիտորների միության վարչության անդամ Արթուր Շահնազարյանը, որն, ի դեպ, հայ միջնադարյան խազաբանության, ազգագրության, ժողովրդական ստեղծագործության, կրթության վերաբերյալ գիտական ստվարածավալ աշխատությունների հեղինակ է: Նա կազմել ու խմբագրել է Կոմիտաս վարդապետի նախատեսած՝ «Հազար ու մի խաղ» հարյուր երգից բաղկացած ընտրանին: Հիմնադրամում իրենց ներդրումն ունեն պրոդյուսերներ՝ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, Արթուր Ասատրյանը:

Marina_Sultanyan

Մարինա Սուլթանյանը հատուկ նշեց, որ հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանը հանդես է եկել եւս մեկ մտահղացմամբ՝ ստեղծել հայկական ազգային երաժշտական գանձարան: Հայտնեց նաեւ, թե վերջինս հիմնադրամի կողմից իրականացվում է 2014թ. սկզբից, ծրագիրն էլ նպատակ ունի ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայկական ժողովրդական եւ հոգեւոր երգերի ժամանակակից թվային ձայնադարան: Տիկին Սուլթանյանի հավաստմամբ՝ գանձատուփում զետեղված են լինելու բազմաժանր երգեր, որոնք արտացոլում են հայ ավանդական կենցաղն ու բարոյական չափանիշները, ծեսերն ու տոները, ուրախությունն ու տխրությունը, մեր երկիրն ու բնությունը, աշխատանքի ու սիրո փառաբանությունը, մեր ժողովրդի ազատատենչ ոգին, իմաստությունն ու հավատքը: Ընդ որում, գանձատուփի միջոցով հնարավորություն կունենանք աշխարհին ներկայացնել հայկական ազգային եւ եկեղեցական երաժշտության գոհարները: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե նախատեսում են գանձատուփը նվիրաբերել Հայաստանում ազգային եւ պետական նշանակություն ունեցող կառույցներին (օրինակ՝ Մատենադարան) եւ աշխարհի տարբեր գիտահետազոտական, հասարակական հաստատություններին (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ): Հիմնադրամում ներգրավված մասնագետների անունից մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, թե նմանատիպ կառույցների շնորհիվ աշխարհին կներկայացվի հայկական ազգային երաժշտությունը, պատմական ու մշակութային ժառանգությունը:

«Արդեն հայկական երաժշտության ոսկե հավաքածու համարվող մոտ 550 ստեղծագործություն է ընդգրկվել ձայնադարանում, որտեղ ներառված են ժողովրդական, հոգեւոր եւ գործիքային երաժշտության նմուշներ, ձայնագրվել են արդեն կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգեւոր եւ 100 գործիքային երաժշտության նմուշներ, նաեւ աշուղական երգեր,- ասաց տիկին Սուլթանյանն ու հավելեց,- առաջին փուլում իրականացվել են երգերի ձայնագրությունները: Հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել են կատարողներ, որոնց մատուցմամբ իրականացվել են երգերի ձայնագրությունները: Երկրորդ փուլում էլ կատարվեց հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում, որոնց մեծ մասն արդեն պատրաստ է հրատարակման: Յուրաքանչյուր երգի վերաբերյալ կտրվի համառոտ տեղեկատվություն, դրանց նոտաներն ու բառերը, ինչպես նաեւ պատկերային իլյուստրացիա՝ ստեղծագործությունների ճանաչելիության համար: Այլեւս իրականություն է Կոմիտաս վարդապետի ծրագիրը, այն է՝ 100 տարի անց առաջին անգամ լույս է տեսնելու նոտաներով հանդերձ այն երգերի ժողովածուն, որոնց միայն տեքստերն էին հրատարակվել Վարդապետի կենդանության օրոք՝ «Հազար ու մի խաղ» վերնագրով»: Ավելացրեց նաեւ, թե շուրջ 200 տարի ընդմիջումից հետո համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով կներկայացվեն հայ հոգեւոր երաժշտության մատյանները (նկատի ունի Շարակնոցը, Ժամագիրքը), իսկ առաջիկայում կհրատարակվի նաեւ Եկմալյանի «Պատարագը»:

Հետաքրքրությանը, թե ինչու հիմնադրամը նման ծավալուն աշխատանքի լծվեց կոնկրետ երաժշտության բնագավառում, Մարինա Սուլթանյանի պատասխանը հակիրճ էր. «Երաժշտարվեստը համամարդկային է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031