Լրահոս
Օրվա լրահոսը

Պլյուս էլեկտրաէներգիա

Հուլիս 20,2015 12:30

Թե առաջիկայում ու հետագայում մեր էլեկտրաէներգիայի գներն ի՞նչ չափ ու սահման կունենան՝ առայժմ դժվար է ասել: Մի բան հստակ է. եթե մեր երիտասարդ ակտիվիստները չլինեին, մենք վաղուց հաշտված կլինեինք Բիբինի կամեցած ու հանձնաժողովի որոշած էլեկտրաէներգիայի նոր սակագների հետ:
Բայց երիտասարդներն ընդվզեցին, եւ հարցն այսօր ենթակա է վերանայման: Իհարկե, ընդվզողների մեջ միջին տարիքի եւ նույնիսկ տարեց մարդիկ էլ կային, բայց ընդվզման հիմնական շարժիչ ուժը երիտասարդությունն էր, ավելի ճշգրիտ՝ «քաղաքացիական» կոչվող երիտասարդությունը: Դրանք հիմնականում այն երիտասարդներն էին, որոնք ժամանակին տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ընդվզեցին եւ, փաստորեն, հետեւողական պայքարի շնորհիվ կասեցրին քաղաքապետարանի մտադրությունը:
Այս անգամ էլ երիտասարդների պայքարը, կարելի է ասել, հաջողության հասավ, եւ, փաստորեն, առայժմ էլեկտրաէներգիան չի թանկացել, եւ էդ հարցում հանրապետության նախագահի միջամտությունն էլ պահանջվեց, եւ առաջիկայում եւս երիտասարդներն ու բոլորս պիտի զգոն ու հետեւողական լինենք, որպեսզի էլեկտրաէներգիայի հարցը ժողովրդի օգտին լուծվի:

Թե՛ նստացույցի օրերին եւ թե՛ հիմա էլ շատերը հասկանում են, որ երիտասարդների ու հասարակության ընդվզումն էլեկտրաէներգիայի խնդրով չի սահմանափակվում: Բողոքն իրականում շատ ավելի խորը հիմքեր ու արմատներ ունի, քան էլեկտրաէներգիայի այդ վեց դրամն է, եւ եթե սպասվող աուդիտը դրական արդյունք տա, հասարակությունը դժվար թե գոհանա ու բավարարվի, մանավանդ որ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված՝ այս ընթացքում գրեթե ամեն ինչի գներն են էապես ու կտրուկ աճել:
Բաղրամյան պողոտայի նստացույցի օրերին ոմանք գտնում էին, որ պայքարը պիտի զուտ սոցիալական բնույթ կրի եւ չարժե այն քաղաքականացնել: Ոմանք էլ, ընդհակառակը, գտնում էին, որ չի կարելի սահմանափակվել այդ վեց դրամի խնդրով:

Այսուհանդերձ, հարցի քաղաքականացումը միայն մեզնից չէր կախված, եւ մինչ մենք բանավիճում էինք՝ քաղաքականացնել, թե չքաղաքականացնել, ռուսական ու արեւմտյան լրատվամիջոցներն արդեն միանգամայն քաղաքականացրել էին Երեւանի Բաղրամյան պողոտայում ծավալվող իրադարձությունները: Ռուսական որոշ հեռուստաալիքներ նույնիսկ «մայդանի» հոտ էին առել այդ իրադարձություններից: Արեւմտյան լրատվամիջոցներն էլ, ընդհակառակը, այդ իրադարձությունների բովում հակառուսական էներգետիկա էին ճգնում հայտնաբերել:

Մեր արեւմտամետներն ու մեր ռուսամետները երկուստեք՝ յուրաքանչյուրն իր ձեւով, հերքում էին այդ կարծիքները, մինչդեռ իրականում իրենց պահվածքով, հարցազրույցներով ու մեկնաբանություններով իրենք էլ էին օտարերկրյա լրատվամիջոցներին խոսելու տեղ տալիս:

Բաղրամյան պողոտայի իրադարձությունների մեջ հակառուսական շորշոփներ հայտնաբերելու հարցում ամենից ավելի ուկրաինացիներն ու վրացիներն էին շահագրգռված, որոնք եւ առաջինը ողջունեցին մեր երիտասարդների սկսած շարժումը:
Մեր ռուսամետներն, ընդհակառակը, գտնում էին, որ Հայաստանում երբեւէ հնարավոր չէ հակառուսական շարժում կազմակերպել, քանի որ ոչ մի դեպքում մեր ժողովուրդն իր ռազմավարական գործընկերոջը դեմ չի գնա:

Եղավ մի պահ, երբ շարժումն սկսած երիտասարները հասկացան, որ իրենց սկսածը չքաղաքականացնելը պարզապես անհնար է, եւ որոշեցին դադարեցնել այն՝ տեղափոխելով Ազատության հրապարակ: Երիտասարդների մի մասը հակադրվեց տեղափոխվածներին՝ մնալով Բաղրամյան պողոտայում եւ եւս մի քանի օր փակ պահելով պողոտան: Ոստիկանները եւս մնացին պողոտայում, բայց շուտով պարզվեց, որ Բաղրամյանում ո՛չ պայքարողներն անելիք ունեն, ո՛չ էլ ցուցարարները: Սկզբում թվում էր, թե Ազատության հրապարակ չտեղափոխվածները գաղափարապես են տարբերվում տեղափոխվածներից, բայց երբ ցուցարարները ոտնատակ տվին Հայրիկյանի բերած եվրոպական դրոշները, պարզ դարձավ, որ Բաղրամյան պողոտան չլքած ու Ազատության հրապարակ չտեղափոխված երիտասարդներն էլ պայքարի միասնական ու հեռանկարային ծրագիր չունեն: Հայրիկյանի միջադեպից հետո շատերը նաեւ հասկացան, որ Բաղրամյանում «մայդան» սարքելն առանձնապես հեշտ գործ չի՝ մանավանդ ամառվա էդ ահավոր շոգին:

Ոստիկաններն էլ մարդ են, եւ շոգը նրանց վրա էլ էր ազդել, եւ միգուցե նաեւ դա էր պատճառը, որ Բաղրամյան պողոտան վերաբացելու գործընթացը մի քիչ կոպիտ ստացվեց:
Արդյունքում՝ ե՛ւ ոստիկանությունն էր բավարարված, ե՛ւ ցուցարարների մի զգալի մասը: Բացառությամբ, իհարկե, Սանասարյանի: Ոչ թե Հակոբ, այլ՝ Դավիթ Սանասարյանի:
Այս համանուն Սանասարյան ազգանունն էլ է վկայում, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում սերնդափոխություն է տեղի ունենում:

Հակոբ Սանասարյանն ազնվորեն ու սկզբունքայնորեն պայքարել ու պայքարում է բնապահպանության գծով: Թե ինչ ուղղությամբ է պայքարում Դավիթ Սանասարյանը՝ ժամանակը ցույց կտա:

Չնայած նորերի քաղաքական գաղափարները դեռեւս անհասկանալի ու անորոշ են, բայց նրանց կարգախոսը չափազանց հասկանալի ու չափազանց հստակ է.
«Ո՛չ թալանին»:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել