Օրերս ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել էր, թե շախմատը մուտք է գործում օլիմպիական խաղերի ծրագիր եւ այն 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացվելու է որպես ցուցադրական մարզաձեւ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին այս հայտարարությունը զարմացրել է եւ նա հերքել է ՖԻԴԵ-ի նախագահի տարածած տեղեկատվությունը: «Դուք ինձնից ավելի շատ բա՞ն գիտեք: Մենք նրա (ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի) հետ շատ լավ երկխոսություն ենք ունեցել, մենք պայմանավորվել ենք, որ այդ զրույցն աշխատանքային կարգով կշարունակվի մարզական տնօրենների միջեւ: Բայց ոչ մի կոնկրետ որոշում չի կայացվել: Ձմեռային խաղերը նախ եւ առաջ նախատեսված են ձյան եւ սառույցի հետ առնչվող մարզաձեւերի համար, իսկ ցուցադրական մարզաձեւեր այլեւս չկան», – լրագրողներին հայտարարել է Թոմաս Բախը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessdailynews.com-ի