Հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի 12 նստացույց անողներին, որոնց հունիսի 23-ին Թատերական հրապարակից բռնի ուժով բերման էին ենթարկել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին ու քրեական գործ հարուցել խուլիգանություն կատարելու փաստի առթիվ, հերթով հրավիրում են հարցաքննության: Նշենք, որ նրանցից 11-ը վկաներ են, իսկ մեկը՝ տնտեսագետ, դոցենտ Կարեն Պետրոսյանը կասկածյալ է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ակտիվիստները, նրանց հերթով ծանուցագրեր են ուղարկում: Առայժմ հարցաքննվել է ընդամենը մեկը ՝ Վոլոդյա Խաչատրյանը, այս մասին հաստատեց նաեւ երիտասարդի փաստաբան Թամարա Յայոլյանը: Նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, նա այսօր ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Ակտիվիստ, մտավորական Տիգրան Պետրոսյանին հարցաքննության են հրավիրել վաղը, նրան արդեն իսկ ուղարկել են ծանուցագիր:
Իսկ Կարեն Պետրոսյանի գործով ակտիվիստները սպասում են իրավապահ մարմինների որոշմանը, ինչպես հայտնի է՝ նրանք ժամանակ են տվել իշխանություններին, որպեսզի կարճեն քրեական գործը, դադարեցնեն շինծու մեղադրանքով քրեական հետապնդումը, այլապես խոստացել են սկսել անհնազանդության ակցիաներ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ