«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներն այս պահին Մաշտոցի պուրակում փորձում են հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի դեմ պայքարող խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած ոստիկանների նկարները փակցնել պուրակում:
Նկարներ փակցնելու պատճառը, ըստ նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի, այն է, որ բոլորը ճանաչեն այդ ոստիկաններին: Ցուցարարների այս գործողություններին հիմա խոչընդոտում են ոստիկանության աշխատակիցները:
Aravot.am-ը զրուցելով նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ՝ փորձեց պարզել նրանց եւ ոստիկանների գործողությունները, որին ի պատասխան Մաքսիմն ասաց, որ ոստիկանները՝ հանձին Երեւան քաղաքի ոստիկանության ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի, ասել է, որ անհարգալից է ցուցարարների այդ գործողությունը, քանի որ այդ ոստիկաններն ընտանիք ունեն եւ այդ նկարներով կվարկաբեկվեն:
«Հիմա ոստիկանների հետ այս պահին չակերտավոր բանակցություններ են ընթանում, քայլերն էլ տեղում կորոշենք»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ նախաձեռնության անդամներով ձեւավորում են խմբեր, որպեսզի հասկանան իրենց հետագա քայլերը: «Այս պահին պուրակում այդքան էլ շատ ոստիկաններ չկան, բայց հարակից փողոցներում նկատել ենք նրանց»,-նշեց Մաքսիմ Սարգսյանը:
«Առավոտի» թղթակիցը նկատեց ոստիկանների կուտակումներ մասնավորապես Չարենցի թանգարանին հարակից գետնանցումի մոտ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ