«Ես միշտ սպասում եմ «Ոսկե ծիրան»-ի ավարտին, որ հանգստանամ, որովհետև խելագար մարաթոն է, բայց հենց ավարտվում է, սկսում եմ տխրել»,- ասում է կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ավարտվեց երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնը: Կազմակերպիչները, ժյուրիի անդամները գոհ են փառատոնային օրերից ու ֆիլմերից:
«Ես՝ որպես հին ռեժիսոր, գիտեմ՝ ինչքան բարդ է ֆիլմ ներկայացնել մրցույթի. մի ժյուրիի դեպքում կարող ես գլխավոր մրցանակ ստանալ, մյուսի դեպքում կարող է նույնիսկ ծրագրում չընդգրկեն ֆիլմդ: Այնպես որ, թող ուրախանան բոլոր մրցանակակիրները, և չտխրեն այն մարդիկ, որոնք մրցանակ չեն ստացել, որովհետև եթե լավ ֆիլմ ես նկարահանել, մի տեղ անպայման կնկատեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարություն Խաչատրյանը:
Խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ Ալին Թաշչյանը հավելեց, որ մրցույթին մասնակցող ֆիլմերի կեսին կարելի էր մրցանակ շնորհել, բայց ընտրել են այն ֆիլմը, որի ընտրության հարցում գրեթե բոլորը համաձայն են եղել. «Միայն թե կցանկանայի, որ հայկական գեղարվեստական ֆիլմեր շատ լինեին մրցույթում»,- նկատեց նա:
Կարդացեք նաև
«Մարդիկ այնպիսի ոգևորությամբ էին գալիս ֆիլմ դիտելու, դահլիճներն այս օրերին այնքան լեփ-լեցուն էին, որ կարիք չկա այլ ապացույցներ փնտրելու՝ համոզվելու համար, որ հայերը կարևորում են կինոն»,- ասաց «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի անդամ Բիջայա Ջենան:
Պարզվում է՝ FIPRESCI-ի ժյուրիի անդամ Ելենա Դուրգերուի համար Հայաստան այցելելը վաղեմի երազանք է եղել. «Մի քանի տարի առաջ սկսեցի հետաքրքրվել Փարաջանովով և շատ էի ուզում ծանոթանալ ձեր մշակույթին: Երազանքս վերջապես իրականացավ և այսքան գեղեցիկ ձևով: Հայերը շատ խորը մարդիկ են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մեկշաբաթյա կինոտոնն արդյունքներն ամփոփեց երեկ՝ հուլիսի 18-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ