Համացանցը խափանվել էր: Մի քանի օր նորմալ չէր աշխատում, բայց դիմանում էի, մտածելով, որ ինքնիրեն կկարգավորվի: Համակարգչի մոնիտորի խնդրագոտում գտնվող քառանկյուն նշանի վրա, որը համացանցի նորմալ աշխատանքի երաշխիք է, հաճախակի հայտնվում էր եռանյկունաձև բացականչական նշանով դեղնագույն արգելափակումը ու երկխոսությունը համացանցի հետ ավարտվում էր: Ես էլ որոշեցի դիմել մասնագետի ու զանգահարեցի Բիլայն ընկերության 1-00 հեռախոսահամարին:
Ընկալուչում լսվեց Առնո Բաբաջանյանի երաժշտությունը: Լավ է, հաճելի: Հետո որոշ ժամանակ անց՝ լսվեց ռոբոտացված քաղցրահունչ կանացի ձայնը՝
-Հայերենի համար սեղմեք 1, ռուսերենի համար՝… 2, անգլերենի համար… 3, իհարկե, ամեն մեկը՝ իր լեզվով, քաղաքավարի:
Պարտաճանաչ աշակերտի նման կատարեցի հաղորդավարի բոլոր հրահանգները, որից հետո նորից լսվեց կանացի նույն հաճելի ձայնը:
-Դուք գտնվում եք Բիլայն բաժանորդների աջակցման կենտրոնում, հարգելի բաժանորդ…
և սկսվեց մի ամբողջ շարք հայտարարությունների փաթեթի նկարագրություն: Ես սպասեցի եմ այն հատվածին, երբ հնչելու էր «օպերատորին միանալու համար սեղմեք՝ զրո (0)» արտահայտությունը:
Վերջապես հնչում է բաղձալի նախադասությունը ու ես սեղմում եմ հեռախոսի ընկալուչի զրո կոճակը: Որոշ լռությունից հետո կրկին հնչում է երաժշտության շարունակությունը, ապա՝ «խնդրում ենք մնալ կապի մեջ մինչև միանաք մասնագետին»: Ես մնում եմ կապի մեջ և ընկալուչը ականջիս դրած, մտածում՝ «տեսնես այս անգամ ինչքան եմ մնալու կապի մեջ…»: Դե, անցյալ անգամ մոտ տասնհինգ րոպե այդպես մնացի կապի մեջ՝ անընդհատ լսելով այդ երաժշտությունը: Բան չունեմ ասելու, մեր հարգարժան, արժանահիշատակ Բաբաջանյանի գրածն է, բայց այդքան լսելն արդեն ձանձրալի է դառնում ու ականջդ էլ՝ շիկանում:
Հետո, իհարկե, կլսեք մի զավեշտալի հայտարարություն ևս. «Հարգելի բաժանորդ, սպասարկման որակի բարձրացման նպատակով, ձեր հեռախոսազանգը կարող է ձայնագրվել»:
Ես չգիտեմ, արդյո՞ք ինչ-որ մեկը հետագայում լսելու է այդ ձայնագրությունները և առաջարկություններ է անելու սպասարկման որակը բարելավելու համար, թե այն բաժանորդին նախազգուշացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ անպարկեշտ կամ զայրալից խոսքեր ասելու դեպքում՝ վախից դրանց արտահայտելուց հրաժարվի:
Եթե առաջինը լիներ, ինձ թվում է այս երկար տարիների ընթացքում սպասարկումը բավականին բարձր մակարդակի վրա կլիներ, ուրեմն, երկրորդի համար է երևի:
Մինչ ես ձեզ հետ զավեշտալի զեղումների մեջ էի, մի քանի անգամ նորից կրկնվեց «խնդրում ենք մնալ կապի մեջը» և Բաբաջանյանի երաժշտության շարունակությունը ու հանկարծ, ո՜վ զարմանք, հեռախոսագծում հայտնվեց բաղձալի կանացի ձայնը՝
-Զարմանդուխտը ձեզ լսում է…
Հիմա կասեք, թե՝ ինչու՞, հատկապես՝ Զարմանդուխտը, դե մտածում եմ, երևի այդպիսի անունով աղջիկ կամ տիկին այնտեղ չի հերթապահում, որպեսզի որևէ մեկին հարվածի տակ չդնեմ կոլեկտիվում: Բայց եթե այդպիսի անունով մեկը գտնվի, արդեն ես չեմ մեղավորը, այլ իր ծնողները, որ այդ մասին երկար չեն մտածել և աղջկան այդպիսի երկարաշունչ անունով են կոչել:
-Համացանցը լավ չի աշխատում,- ասում եմ խեղճացած:
-Իսկ ի՞նչ է լինում,-մասնագետի վարպետությամբ հարցնում է աշխատակցուհին:
-Աշխատում է մի ժամանակ, մեկ էլ հոպ, մոնիտորի Խնդրագոտում էկրանի քառանկյուն պատկերագիրն է հայտնվում դեղին գույնի արգելափակման նշանով և համացանցի աշխատանքը կանգ է առնում:
-Լա՛վ, մնացեք կապի մեջ, ես հիմա կմիացնեմ մասնագետին,-երևի չիմանալով ինչ ինձ խորհուրդ տա, ասում է աշխատակցուհին:
-Կմնամ,-խոստանում եմ ես ու ընկալուչի մեջ նորից Բաբաջանյանի երաժշտությունն է իշխում:
Մի քանի անգամ կրկին լսում եմ «խնդրում ենք մնալ կապի մեջ, մինչև ….
Վերջապես լսվում է սպասված տու՜, տու՜-ն և այս անգամ, հիմնականում, տղամարդու ձայնը ասում է.
-Վարազդատը լսում է:
Ինչպես հասկացաք Վարազդատ անունն էլ հորինեցի նույն նկատառումներով, ինչպես վերևում ՝ Զարմանդուխտը:
Օպերատորին բացատրում եմ եղելությունը:
-Հիմա կստուգենք, եթե հարկ լինի մասնագետ կուղարկենք գիծը կարգավորելու:
Գիծը ստուգեցին, ինչ որ սխալներ գտան և հաղորդեցին, որ մասնագետ կուղարկեն՝ երեք օրվա ընթացքում կկարգավորեն: Բայց ինչու՞ երեք օրում, իսկ այդ երեք օրը ու՞մ հաշվին է պարապուրդ գրանցվելու, այդպես էլ ինձ համար մնաց գաղտնի:
Մեկ օր հետո զանգահարեցին, տեղեկացրին, որ տանը լինեմ: Եկավ մասնագետը, իր հետ բերելով ստուգողական մոդեմը, միացրեց ցանցին իմ ունեցածի փոխարեն, կապվեց հեռախոսակայանի աշխատակցուհու հետ, իրար հետ որոշեցին, որ ամեն ինչ նորմայի մեջ է ու հարցը փակեցին:
Անցավ մի քանի օր ու կրկին նույն թերությունը հայտնվեց ինքնաբերաբար:
Ինչ գլուխներդ ցավեցնեմ, նորից զանգահարեցի, նորից ստուգեցին, նորից համացանցը սկսեց աշխատել լավից-վատից:
Հիմա երրորդ անգամ նույն խնդիրն առաջացավ, ես նորից զանգահարեցի 1-00 հեռախոսահամարին և անցա նույն տաղտկալի ճանապարհով, բայց այս անգամ մասնագետի գալը շատ ուշացավ:
Երրորդ օրը զայրացած, նույնիսկ՝ նյարդայնացած վեր կացա ու գնացի Բիլայն ընկերության մեր թաղամասի սպասարկման մասնաճյուղի գրասենյակ: Մոտեցա աշխատատեղերում նստած աշխատակցուհիներից մեկին, որը այդ պահին ազատ էր և պատմեցի եղելությունը:
Նա սիրով լսեց ինձ, բայց խորհուրդ տվեց հերթագրվել, որ ավելի պաշտոնական բնույթ ունենա երկխոսությանը: Մի երիտասարդ էլ ինձ օգնեց հերթագրվելու ապարատի մոտ կանգնելով, ասաց՝
-Տոմսակ, տոմսակ, դուրս արի,- ու սեղմեց ապարատի կոճակներից մեկը:
Տոմսակը հերթագրման համարն էր՝ 61 թվանշանով: Այդ թիվը տեսնելուց ես քիչ էր մնում ուշաթափվեի, բայց նկատեցի, որ ցուցատախտակին վառվում է 53 թվանշանը: Ուրեմն ութ հոգուց հետո իմ հերթն է, որոշ չափով մխիթարվեցի, բայց նաև հիասթափվեցի, որ դեռ ժամը տասներկուսը չկար ու այդքան մարդ էր հերթագրվել, մի մասն էլ երևի հոգնել, այլ գործերով էր գնացել:
Սպասարկող աշխատակցուհին, արդեն ուրիշ պատուհանի, սիրալիր ընդունեց, բայց ասաց, որ այդ հարցերով իրենք չեն զբաղվում, հիմա ինքը կզանգահարի 1-00 և հեռախոսը կփոխանցի ինձ:
Իհարկե նա էլ երկար սպասեց մինչև երաժշտությունն ավարտվեց և մասնագետը հեռախոսը վերցրեց: Նա ոչինչ չասելով, ընկալուչը պարզեց ինձ, ես էլ վերցրեցի քաղաքավարությունից դրդված: Նույն բանը, որ արդեն մի քանի ամիս կրկնում էի, շուտասելուկի նման ասացի և վերջին խորհուրդն ստացա, որ իմ տան մոդեմը բերեմ տեղամաս և ստուգելու տամ:
Ես, իհարկե, դեմ չեմ մոդեմը ստուգելու գաղափարին, բայց այս հիմար մոդեմը ոնց է լինում, որ մի քանի օր աշխատում է նորմալ, հետո ինքն իրեն խափանվում ու մեկ էլ հանկարծ որոշում՝ ժամերով, նույնիսկ օրերով չաշխատել:
-Դե լավ,-ասում եմ,- մոդեմը կբերեմ, կստուգեք, տեսնեմ հետո ինչ եք «մոգոնելու»: Այս ասելուց հանկարծ ինձ բռնում եմ այն մտքի վրա, թե այս «մոգոնել» բառը տեսնես հայերեն է, թե ինչ-որ այլազգիի: Սակայն կարևորը դա չէ: Այնքան այդպիսի բառեր կան անհայտ ծագման ու ազգության: Սա էլ հայի բախտից է, որ շատ ազգերի հետ ենք շփվել ու փոխառել իրենց բառերը՝ հարստացնելով առանց այն էլ մեր հարուստ լեզուն:
Գալիս եմ տուն ու պատրաստվում, որ վաղը պիտի մոդեմը տանեմ ստուգման: Գիշերը մի կերպ անցկացնում եմ խառը ու դաժան երազների մեջ: Առավոտյան արդեն պատրաստվում էի մոդեմը տանելու ստուգման, երբ հնչեց հեռախոսազանգը:
-Բարև Ձեզ,-ասում է տղամարդու խռպոտ ձայնը:
-Բարև,-մի տեսակ կասկածելով անծանոթ տղամարդու ձայնի վրա, պատասխանում եմ ես:
-ԱՏՍ-ից է (այսինքը՝ հեռախոսակայանից),-դուք կանչ եք գրել, ես երեկ զանգահարեցի մի կին ասաց, որ տանը մարդ չի լինելու, այսօր տանն ե՞ք լինելու, որ գամ ինտերնետը ստուգեմ:
-Ես տանն եմ լինելու, բայց տանը բան չկա անելու, ինձ ասացին, որ մոդեմը տանեմ ստուգման:
-Իսկ ձեր մոդեմի ԱԴՍԼ-ի լույսը վառվում է,- հարցնում է հեռախոսակայանի աշխատակիցը:
-Երբ համացանցը նորմալ աշխատում է, լույսն էլ վառվում է, բայց հենց խափանվում է, լույսն էլ անջատվում է,-պատասխանում եմ ես:
-Ուրեմն, տան մեջ հեռախոսագծում թույլ տեղ կա,-ասում է հեռախոսի այն կողմի մասնագետը:
-Բայց եկեք այդ թույլ տեղը գտեք, ես ի՞նչ անեմ,-նեղսրտում եմ ես,- մի տասն օր առաջ ձեր կայանից էլի մեկը եկավ, իր հետ էլ մոդեմ բերեց, գիծը ստուգեց, ասաց, որ նորմալ է:
-Դե, լավ վաղը կգամ, կստուգեմ:
Հիմա նստած սպասում եմ, թե երբ է գալու հեռախոսակայանի աշխատակիցը գիծը ստուգելու, տեսնենք այս անգամ ինչ են «մոգոնելու»: Այս բառի օգտագործումը պատահական չէ, քանի որ այս պատմության վրա տարբեր ենթադրություններ են արվել, ինչպիսիք են՝ գիծն է մեղավոր, մոդեմը պետք է ստուգվի, տան մեջ (հատկապես շեշտում են՝ տան մեջ), այնինչ գիծը մի քանի կիլոմետր գալիս է, ճանապարհին մտնում տարբեր վահանակներ, բաժանարարներ, նոր տուն հասնում:
Ահա ձեզ հետ զրուցում էի ու հանկարծ հեռախոսը զնգաց:
-Բարև Ձեզ, ԱՏՍ-ից է ասաց տղամարդը, ինչպե՞ս ես է ինտերնետի վիճակը:
-Լավ է,-ասում եմ, հենց ձեզ զանգում եմ սկսում է լավ աշխատել, չգիտեմ, գուցե ձեզանից վախենու՞մ է,- կատակում եմ ես:
-Լավ, հիմա կասեմ կստուգեն, հետո ձեզ արդյունքների մասին կհայտնեմ:
Արդեն չորրորդ օրն է սպասում եմ, որ զանգահարեն, արդյունքների մասին հայտնեն: Համացանցն էլ, մեր մեջ ասած, աշխատում է անխափան, բան չունեմ ասելու, բայց մինչև ե՞րբ: Սպասենք, կտեսնենք:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ