Թթու դրած դանդուռը կամ խաշած դանդուռով աղցանը ծանոթ են, թերեւս, բոլորիս: Սակայն քչերն են պատրաստում թարմ դանդուռով աղցան, որը հավատացեք, անչափ համեղ է, իսկ թե որքան օգտակար է՝ ավելորդ է անգամ խոսելը:
Անհրաժեշտ մթերքները
Թարմ դանդուռ- 1 կապ
Լոլիկ- 1 կգ
Գլուխ սոխ-1 հատ կամ կես կապ կանաչ սոխ
Սխտոր- 2 պճեղ (պարտադիր չէ)
Թարմ խառը կանաչիներ- կես կապ
Թարմ կանաչ պղպեղ- 1 հատ (պարտադիր չէ)
Կիտրոն- 0,5 հատ
Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ
Աղ- ըստ ճաշակի
Սեւ պղպեղ-ըստ ճաշակի
Սումախ- 1 թեյի գդալ
Չորացրած հաց – ըստ ճաշակի
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Սկզբում հացը, ցանկալի է նախորդ օրվա, կտրատեք, վրան մի փոքր ձիթապտղի յուղ արեք, մի քիչ չորացրած կանաչի, օրինակ՝ ծիթրոն արեք եւ դրեք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը 4-5 րոպեով: Ես, օրինակ, գրեթե երեք-չորս օրը մեկ ավելացած հին հացերն այդպես չորացնում եմ ջեռոցում եւ պահում թղթե տոպրակների մեջ՝ սառնարանում: Պետք եղած ժամանակ օգտագործում եմ ինչպես աղցանների մեջ, այնպես էլ՝ աղում եմ եւ որպես պաքսիմատ օգտագործում կոտլետների եւ այլ ճաշատեսակների մեջ:
Բանջարեղենները եւ կանաչիները լավ լվանալ: Դանդուռը առավել մանրամասն լվանալ: Աղաջուր պատրաստել՝ 3 լիտր ջրին 3-4 ճաշի գդալ աղ հաշվարկով, դանդուռը 5-10 րոպեով թողեք աղաջրի մեջ: Ապա հանեք եւ նորից լվացեք:
Կտրատեք բանջարեղեններն ու կանաչիները, լցրեք աղցանամանի մեջ, ավելացրեք համեմունքները, լիմոնի հյութը, ձիթապտղի յուղը: Ամենավերջում ավելացրեք չորահացերը եւ լավ խառնեք: Ցանկալի է մինչեւ մատուցելը մի որոշ ժամանակ աղցանը «հանգստանա», այդ դեպքում շատ ավելի հագեցած եւ համեղ կլինի:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
18.07.2015