ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական մշտական հանձնաժողովը, որում ներգրավված են նախարարության, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասնագետներ, ծառայողական քննություն է իրականացնում 2015 թվականի հուլիսի 17-ին Լոռու մարզի Ղալթաղչի-Նալբանդ ուղեհատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքի և Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ Մանվել Խաչատրյանի ավտոմեքենայի բախման արդյունքում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ:
Հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ:
Իսկ ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկությանը, թե վթարի պատճառը պատահարի վայրում խորհրդային տարիներին առկա ուղեփակոցների բացակայությունն է, նշենք, որ ուղեփակոցները հանվել են դեռևս 1980-ական թվականներին՝ գնացքների ինտենսիվ շարժի բացակայությամբ պայմանավորված: Ուղեփակոցների փոխարեն գնացքի ուղեգիծը հատող ճանապարհահատվածներին, անվտանգության նկատառումներով, տեղադրված են զգուշացնող նշաններ, որոնցով և կարգավորվում է երթևեկությունը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այդ նշանները տեղադրվում են ճանապարհի սեփականատիրոջ միջոցների հաշվին։ Տվյալ դեպքում ճանապարհի սեփականատեր է հանդիսանում Լուսաղբյուր համայնքը։
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ցավակցություն է հայտնում ողբերգական պատահարի հետևանքով զոհված Մանվել Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
մամուլի ծառայություն