Եթե հարյուր տարի հետո ինչ-որ մեկը դիտի կինոռեժիսոր Վիեստուրս Կայրիշսի «Հավալուսնը անապատում» ֆիլմն ու ասի՝ ինչ տարօրինակ ֆիլմ է, տեսնես ո՞վ է հեղինակը, ռեժիսորի նվիրական երազանքներից մեկն իրականություն կդառնա…
Վիեստուրս Կայրիշսն իր «Հավալուսնը անապատում» ֆիլմը ներկայացրել է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում:
Ֆիլմը Լատգելան երկրամասի մասին է, որը Եվրամիության արևելյան ծայրում է գտնվում: Երբեմն թվում է, թե դա հողակտոր է ջրի մեջտեղում: Երբեմն էլ թվում է, թե ավազածածկ անապատ է՝ փրկված մարդկանցով լի տապանով: Ֆիլմը ներկայացնում է մի եզերք, որն արարել են մարդիկ կյանքի և զուտ քրիստոնեական հարության հոգևոր ու ֆիզիկական ծայրահեղ դրսևորումներով:
«Լատգելանը խիստ կրոնական երկրամաս է, և ես ուզում էր ներկայացնել մահվան ու կյանքի միջև եղած հակամարտությունը, ինչպես նաև մարդու և Աստծու պայքարը: Ինձ համար կարևոր թեմաներ են հավատն ու Աստվածը, չնայած ինքս հավատացյալ չեմ, ուզում եմ ասել՝ եկեղեցի չեմ գնում, բայց հավատում եմ ինքս իմ ներսում: Չեմ հավատում այն մարդկանց, որոնք կուրծք ծեծելով ուզում են մարդկանց ցույց տալ, որ իրենք հավատացյալ են»,- ասում է Կայրիշսը:
Նրա ֆիլմը շատերը չեն հավանել: Համենայն դեպս, այդպես է ասում ռեժիսորը: Բայց իր համար կարևոր է այս ֆիլմը, քանի որ վավերագրական ֆիլմեր չի նկարահանում, միայն՝ գեղարվեստական. «Ինձ համար վավերագրությունը սիմֆոնիա է,- ասում է նա.- վավերագրության մեջ ստեղծագործական աշխատանքը շատ է»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ