Այսօր, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրավասության առաջին ատյանի դատարանում մեկ տարուց ավելի ձգվող Երեւանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցների գործով դատական վճիռը բավարարվեց մասնակի:
Դատավոր Սիմիզար Հովսեփյանը հայտարարեց վճիռը, ըստ որի՝ հայցվորներ Սեւակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գեւորգյանի եւ Գագիկ Գալստյանի հայցը բավարարել մասնակի՝ անվավեր ճանաչել Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի 14.02. 2014 թվականի 3 աշխատակիցներին գործից ազատելու հրամանը:
Հօգուտ հայցվորների Մետրոպոլիտեն ՓԲԸ-ից բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդը ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած ազատման հրամանի օրվանից մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավորը հայտարարեց նաեւ, որ աշխատակիցների հետ կնքած պայմանագիրը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո համարել լուծված:
Մետրոպոլիտեն ՓԲԸ-ից հօգուտ հայցվորների բռնագանձել նրանց միջին աշխատավարձի հնգապատիկի չափով գումար, որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում:
Կարդացեք նաև
Հայցվորները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ չնայած ուրախ են, որ անվավեր է ճանաչվել ազատման հրամանը, բայց նրանք կբողոքարկեն վճիռը՝ աշխատանքը չվերականգնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հիշեցնենք նաեւ, որ Մետրոպոլիտենի 3 աշխատողները ազատվել էին աշխատանքից ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ: Իսկ ըստ հայցորների, աշխատանքից ազատվել էին անցած տարվա փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցին մասնակցելու համար:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ