Սահմանամերձ Կոթի գյուղի զոհվածների եւ 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարում զոհված նոյեմբերյանցի 14 միլիցիոներների մայրերն ու այրիները պահանջում են ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի արդարացումը: Այս մասին մեզ հայտնեց Անդրանիկ Ազիբեկյանի մայրը՝ Կոթի գյուղից կենսաթոշակառու ուսուցչուհի Զեմֆիրա Հարությունյանը: Նա ասաց,որ իրենք արդարության հասնելու հույսը կապում են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զեմֆիրա Հարությունյանի որդի Արմեն Ազիբեկյանը զոհվել է 1991թ. մայիսի 6-ին, Ոսկեպարի անտառում:
Քրեական գործն առնչվում է 2014թ. ապրիլի 1-ի գիշերը Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ քրեական գործի նյութերը կեղծելուն: Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով , իսկ «Իջեւանատան» սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին՝ 258 հոդվածի 4-րդ մասով: Իջեւան քաղաքում ընթացող դատավարության հուլիսի 9-ի նիստում մեղադրողը Անդրանիկ Ազիբեկյանի համար պահանջել է հինգուկես, Արտակ Ավետիսյանի համար՝ չորսուկես, Անդրանիկ Խոջումյանի համար՝ 7 տարի ազատազրկում: Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 27-ին: Անդրանիկ Ազիբեկյանը իրեն մեղավոր չի համարում:
Զեմֆիրա Հարությունյանը, որը ներկա է եղել դատական բոլոր նիստերին, ասաց, որ դատավարություն ամբողջ ընթացքը, վկաների ցուցմունքները, դատարանում տրված հարցերն ու պատասխանները ապացուցեցին Անդրանիկ Ազիբեկյանի անմեղությունը, սակայն մեղադրական կողմը դա հաշվի չի առել: Նրա խոսքերով՝ միայն Արտակ Ավետիսյանի նախաքննական ցուցմունքներն են Ա. Ազիբեկյանի դեմ, Արտակ Ավետիսյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ, պատասխանել հարցերի:
Զեմֆիրա Հարությունյանն արտառոց է համարում այն, որ քրեական գործի նյութերը կեղծելու մեջ մեղավոր Արտակ Ավետիսյանն ազատության մեջ է, իսկ Անդրանիկ Ազիբեկյանն արդեն 11 ամիս՝ կալանքի տակ , Ա. Ավետիսյանի համար մեղադրողն ավելի քիչ ժամկետով է ազատազրկում պահանջել:
Կարդացեք նաև
Զ. Հարությունյանը տարօրինակ է համարում նաեւ այն, որ քրեական գործով տուժող համարվող Աշոտ Այդինյանը չի ներկայացել դատական ոչ մի նիստի: Զեմֆիրա Հարությունյանն ասաց. «Դատաքննության ընթացքում Անդրանիկ Ազիբեկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանին հարցրեց՝ որպես վերադաս ասեք՝ Անդրանիկ Ազիբեկյանը կարո՞ղ էր դեպքը թաքցնել: Նա պատասխանեց՝ ոչ»:
Զ. Հարությունյանն ասաց, որ Անդրանիկ Ազիբեկյանը իր պաշտոնական դիրքը չի օգտագործել անձնական հարստացման համար, նրա ընտանիքն այժմ սոցիալապես անապահով վիճակում է, Անդրանիկի կինը՝ Քրիստինեն վատառողջ է, նա չի աշխատում է, զբաղվում է 2 տարեկան տղայի խնամքով: Նրա որդիներից մեկը հիմա ժամկետային ծառայության մեջ է, մյուսը 16 տարեկան ուսանող է:
Զեմֆիրա Հարությունյանը հայտնեց, որ սահմանամերձ Կոթի գյուղի զոհվածների հարազատները, Կոթիի բնակիչները, 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարում զոհվածների հարազատները պահանջում եւ պահանջելու են արդարություն, Անդրանիկ Ազիբեկյանի արդարացումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Իմ կարծիքով այս դատավարությունն ավելի շատ տրագիկոմեդիա է հիշեցնում, քանի որ գործով անցնող հիմնական մեղադրյալներից մեկը` երկրորդ զենք օգտագործողը պարզապես արդարացվել է, իսկ նրա մարտական ատրճանակը վեր է ածվել օդամղիչ զենքի: Ակամա հարց է առաջանում, քրեական գործի նյութերը կեղծողներն Ազիբեկյանն ու Ավետիսյանն են, թե մեղավորին արդարացնողներն ու նրանց մեղադրանք առաջադրողները, սկսած իհարկե ”մեծն” ոստիկանապետից, ով գործով օբյեկտիվությունն ապացուցելու փոխարեն, իր աշխատակիցներին պարզապես մատաղ արեց: Ազիբեկյանը ոստիկանության համակարգի բազմամյա աշխատակից է, բազմազավակ հայր է, ողջ ծառայությունն անց է կացրել սահմանամերձ մարզում, և ի վերջո անչափահասների ու զինվորի հայր է, իսկ ովքեր են նրան մեղադրանք առաջադրողներն ու կալանավորողները, հայ են, ընտանիք, երեխա ունեն թե?: Ի վերջո, ով է առավել ծանր հանցագործություն կատարել` Ազիբեկյանը, ով գրանցել է հանցագործությունն ու թեկուզև թերի, սակայն հետաքննություն իրականացրել, թե նրան կալանավորողները, ովքեր հսկայական գումարներ վերցնելով, զենք օգտագործողին տուժող են կարգել, մարտական զենքն էլ օդամղիչ սարքել ու իբր արդարադատություն են իրականացնում:
Սա մեր իրավահամակարգի նեխածության վառ օրինակներից է, որի պատասխանատուն?, երևի թե չկա պատասխանատու: