Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյան. «Մենք կարողացել ենք կորուստները հասցնել նվազագույնի»

Հուլիս 18,2015 12:24

Հարցազրույց  Քաշաթաղի շրջանի վարչակազմի  ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ

Շրջանում 2014թ. աշնանը և 2015թ. գարնանն ընդհանուր կատարվել է 13653հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 4547հա, գարի՝ 7230հա և հաճար՝ 1876հա: Տարին բարենպաստ եղավ բերքատվության համար, սակայն գարնանային խոնավ եղանակը նաև նպաստեց, որ ցանքատարածքների հարևանությամբ առատ փուշ ու տատասկ և խոտ աճեն, որն էլ դարձավ հրդեհի առաջացման պատճառ:  Հրդեհներից խուսափելու նպատակով շրջանի Իշխանաձոր գյուղում ստեղծվեց բերքահավաքը ժամանակին և անկորուստ ավարտելու և հակահրդեհային օպերատիվ շտաբ, որը ղեկավարում էր շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:  Ցանքատարածքներում տեղակայվեցին հակահրդեհային հենակետեր, որոնք դեռ գործում են: Շրջանին օգնության եկան նաև հրշեջ մարտական հաշվարկներ ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերից, ովքեր հուլիսի 3-ից վերադարձան՝ պարգևատրվելով շրջվարչակազմի պատվոգրերով: Հրշեջների հետ տեղերում հերթապահում էին նաև տարածքի համայնքների բնակիչներից կազմված հրշեջ-կամավորականները, ոստիկանությունը: Օպերատիվ շտաբում գործում էր շուրջօրյա հերթապահություն: Հարավային թևում բերքահավաքն արդեն ավարտին է մոտենում: Կատարվածի և անելիքների մասին է հարցազրույցը շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի հետ:

– Հարավային թևում ավարտվել է բերքահավաքը. Ինչպ՞ես կգնահատեք բերքահավաքի ընթացքը, իսկ հողօգտագործողը գ՞ոհ է բերքատվությունից:

– Բերքահավաքը գնահատում եմ նորմալ,  ստացվում է բավական բարձր բերք, ներկա դրությամբ միջին բերքատվությունը կազմում է մոտ 29 ցենտներ հեկտարից: Ձեռնարկվել են բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ բերքահավաքի ընթացքում կորուստները նվազագույնի հասցնելու համար: Իսկ հողօգտագործողը, բնականաբար, գոհ է ստացված արդյունքից:

-Բերքահավաքի ընթացքում եղան մոտ 4 տասնյակ մեծ ու փոքր հրդեհներ: Դուք անձամբ մասնակցեցիք հրդեհաշիջման աշխատանքներին: Ի՞նչ ծավալի վնասներ հասցրեցին հրդեհները:

-Կարծում եմ, կանխարգելիչ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկված են եղել, նույնը հրդեհաշիջման ընթացքում: Բնական աղետից միշտ չէ որ հնարավոր է լինում խուսափել. նշված հրդեհներից Թովմասարում և Կովսականի սարահարթում այրվեց 94հա ցորենի և 89հա գարու արտ:

-Հնարավ՞որ էր, որ կորուստներն ավելի մեծ լինեին, որոնք էին դրանից խուսափելու միջոցները:

– Մենք կարողացել ենք կորուստները հասցնել նվազագույնի, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են: Այդ ընթացքում մեզ հետ էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, հրշեջներ նաև ՀՀ մարզերից, շրջանի ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Անգնահատելի է նաև մեր շրջանի բնակչության օգնությունը: Հրդեհաշիջման աշխատանքներին օգնության հասան նաև հյուսիսային թևի համայնքներից եկած կամավորականներ: Միացյալ ուժերով կարողացանք խուսափել մեծ կորուստներից:

– Բացի հրդեհներից, բերքահավաքին խանգարող ուրիշ ի՞նչ խնդիրներ կան:

– Բոլոր խնդիրները կարգավորված են, այլ խանգարող հանգամանքներ չկան:

-Ինչպե՞ս է ընթանում բերքի իրացումը:

– Պետության նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունեցող հողօգտագործողներին հնարավորություն է տրվել շուկայականից ավելի բարձր գներով, պարտքի դիմաց, ցորենը կամ գարին հանձնելու ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին: Կապված տարվա բարենպաստ լինելու հետ՝ գները նախորդ տարիների համեմատ ցածր են, սակայն իրացման խնդիր չկա:

-Առատ բերքատվությունը կդառն՞ա առիթ, որ այս աշնանն ավելի շատ տարածքներում հացահատիկի ցանքս կատարվի: Ե՞րբ կսկսվի աշնանացանը:

-Բնականաբար, առատ բերքից հետո ակնկալվում է ցանքսի քանակական ավելացում: Աշնանացանի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, կատարվել է 1500 հեկտարից ավելի հերկ

– Հյուսիսային թևում ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք բերքատվության վերաբերյալ:

– Հակ, Լեռնահովիտ և Մոշաթաղ համայնքներում կատարվել է 420 հա գարնանացան: Մայիս և հունիս ամիսներին տեղումների սակավության պատճառով նշված տարածքներից բարձր բերք չենք ակնկալում:

-Բերքահավաքի ընթացքում մեծ քանակությամբ ծղոտ է հավաքվել, որը կարելի է օգտագործել որպես անասնակեր: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

– Թովմասարում հարկավորվել է 22000 հակ, որը անվճար բաշխվել է թվով 25 համայնքների բնակիչների:

– Գյուղատնտեսական մեքենաների խնդիրն ի՞նչպես է լուծվելու շրջանում. կ՞ա դրանց պակաս:

-Վերջին 3-4 տարիներին տարեկան շրջանում շուրջ քսան գյուղտեխնիկայով ավելանում է` շնորհիվ լիզինգային ծրագրի: Մնացած պակասը լրացվում է Սյունիքի մարզի մեխանիզատ որների հետ, ովքեր և ցանքսի և հնձի ժամանակ իրենց  գյուղտեխնիկայով գալիս են մեր շրջան և կատարում աշխատանքները:

    Հարցազրույցը՝ Զոհրաբ Ըռքոյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031