Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 18,2015 11:44

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում խոսել է ՀՀԿ-ի խորհրդի նախօրեի նիստում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններից:

– Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նաեւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին չի հավակնում: Մինչ այդ էլ հայտարարել էր, որ եթե ընտրվի խորհրդարանական կառավարման ձեւը, չի հավակնի վարչապետի եւ նախագահի պաշտոններին: Սա ի՞նչ է նշանակում, այսինքն, Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է իշխանությունից:

– Սա այն բոլոր հարցերի պատասխանն է, որ անիմաստ քննադատում էին մեր ընդդիմադիր գործընկերները: Դա մենք գիտեինք, ես նաեւ դա կանխազգում էի եւ մտածում էի, թե 2018 թ-ից հետո մեր ընդդիմադիր գործընկերներն ինչպե՜ս պետք է ամաչեն իրենց այդ հայտարարությունների համար: Այս մարդն ասել է, որ այստեղ խնդիրը անձերի հետ չի կապված, նպատակն այն է, որ այս երկիրը տանենք ճիշտ ուղղությամբ եւ մեր սերունդներին թողնենք այն ժառանգությունը, որ նրանք կարողանան երկրի զարգացմամբ զբաղվել: Մարդու նպատակը դա է: Նրա նախորդ հայտարարությունից հետո անընդհատ շրջանառվում էր, որ Ազգային ժողովի լիազորությունները կմեծացնեն, Սերժ Սարգսյանը կդառնա ԱԺ նախագահ: Ինքը այս հայտարարությամբ հավելեց, որ նաեւ ԱԺ նախագահ դառնալու ցանկություն չունի: Ինքը նշեց դրանք, որպեսզի հանգստանան մարդիկ, որ իր համար որեւէ բան չի անում: Ընդ որում նաեւ ասեմ, այս սահմանադրական փոփոխությունները կենաց-մահու կռիվ չեն: Սա պարզապես ճիշտ ուղղությունն է, բայց եթե հանկարծ ժողովուրդը չցանկանա, ինչ-որ մեծ հեղաշրջում չի կարող լինել, որ պիտի չանցկացնենք: Պարզապես մենք այդպես հետ ենք ընկնում: Ընդհանուր առմամբ, կան տարբեր կարծիքներ, ես անձամբ, ունեմ իմ կարծիքը, բայց իհարկե, հարմարվում եմ թիմային կարծիքին, դեռ պարզ չէ` որ մոդելը ավելի լավ կաշխատի մեր ներկա իրավիճակի մեջ` 95 թվականի՞ մոդելը, 2005-ի՞, թե՞ նոր առաջարկվող: Այ, եթե այս շրջանակներում վիճաբանություն լինի, լրիվ այլ խնդիր է: Բայց մարդիկ տեղի, անտեղի քննադատում են, որ մարդը Սահմանադրությունը փոխում է իր վերարտադրության համար:

Իրենք գիտեն, որ ինչպիսի մոդել էլ լինի, իրենք քննադատողներ են, իրենք այդ ռեսուսները չունեն, որպեսզի կարողանան սահմանադրական ճանապարհով վերցնել իշխանությունը: Այդ իսկ պատճառով նրանք պետք է քննադատեն, դատապարտեն եւ այլն, որպեսզի արդարացնեն իրենց պարտությունները: Սա է ամբողջ խնդիրը:

– Այսինքն, ենթադրվո՞ւմ է, որ եթե հանրաքվեն տապալվի, Սերժ Սարգսյանի հայտարարությունները չեղյալ են համարվում:

– Վատագույն դեպք եք ասում, բայց այդ բոլոր խոսակցությունները եղել են այս մոդելի հետ կապված: Եթե չի անցնում, բնականաբար, մարդն ազատ է իր ընտրության մեջ: Ինձ թվում է՝ հայտարարությունը հետեւյալ ենթատեքստն ուներ, որ եթե մտահոգությունները իմ անձի հետ են կապված եւ դրա համար եք դեմ, ես փարատում եմ ձեր բոլոր անհանգստությունները, ես չեմ դնելու, ես չեմ լինելու, գնացեք, առողջ քննարկման մեջ մտեք, սխալ են ձեր ենթադրությունները:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031