Հարցազրույց փաստաբանների պալատի անդամ ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Սահմանադրական բարեփոխումների նախագծով նախագահի ինստիտուտի թուլացման հաշվին ուժեղացվում են իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերը։ Իսկ ի՞նչ է նախատեսված դատական իշխանության դեպքում՝ համակարգի անկախության առումով: Ի դեպ, ակնառու նորույթն այն է, որ Արդարադատության խորհրդին փոխարինելու է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը:
-Այո, եւ պետք է ասեմ, որ բարձրացվել է այդ խորհրդի դերը, ինչը կարեւոր է հենց համակարգի անկախության առումով:
Սակայն այստեղ ինձ համար խնդրահարույց մի հարց կա. խոսքս հոդված 172-ի 1-ին կետի մասին է, ուր խոսվում է Բարձրագույն դատական խորհրդի կազմի ու կազմավորման կարգի մասին:
Նշված է, որ խորհրդի 10 անդամներից 5-ին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների թվից, իսկ 5-ին՝ Ազգային ժողովը՝ գիտության ոլորտի իրավաբաններից: Խնդրահարույցն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ոչ թե մեծ մասն են լինելու դատավորներ, կեսը կլինեն իրավաբան գիտնականներ: Իսկ եվրոպական կառույցները, մասնավորաբար Վենետիկի հանձնաժողովը, դեռ ժամանակին նշել են՝ ցանկալի է, որ այս խորհուրդը մեծ մասամբ դատավորներից բաղկացած լինի:
-Բայց գիտնական իրավաբանների փորձառությունը, նրանց ներուժը օգտագործելը պետք է որ դրական դեր ունենա Բարձրագույն դատական խորհրդի վրա՝ որակական առումով:
-Գիտեք, Բարձրագույն դատական խորհուրդը մաքուր դատական իշխանության մարմին է: Եվ կուզենայի, որ այն, ինչպես ասում են եվրոպացիները, կազմված լինի հիմնականում դատավորներից: Ես կարծում եմ, որ սա կարեւոր հանգամանք է:
Ճիշտն ասած, նախագիծն ընթերցելուց հետո փոքր-ինչ տխրեցի, երբ այս բացը նկատեցի: Եվ համոզված եմ, որ նախագծում տեղ գտած այս մոտեցումը ապագայում անպայմանորեն քննադատության կենթարկվի:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: