Աթենքում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Կրատչ» մրցաձեւում (40 կմ խմբային վազք) հայաստանցի Էդգար Ստեփանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ դառնալով մեր երկրի առաջին հեծանվորդը, որը ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ Հունաստանի մայրաքաղաքում գերազանց են հանդես եկել նաեւ Մհեր Մկրտչյանն ու Պավել Ստեփանյանը:
Վերջին տարիներին Հայաստանի հեծանվորդները կայուն արդյունքներ են արձանագրում, բայց մի բան նրանց, կարծես, պակասում էր: Բոլորովին վերջերս Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արման Սահակյանը, որի նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից էր ֆեդերացիայի բոլոր օղակներում աշխատանքների ավելի ճիշտ ու արդյունավետ կազմակերպումը: Եվ ահա, դա տվեց իր առաջին արդյունքը: Աթենք մեկնելուց առաջ մեր հեծանվորդների համար Ծաղկաձորում կազմակերպվեց ուսումնամարզական հավաք, որի ընթացքը ֆեդերացիայի նախագահը պահում էր ուշադրության կենտրոնում, այցելում նրանց:
Արման Սահակյանը շնորհավորել է մեր մարզիկներին: Նա վստահեցնում է, որ չեն բավարարվի միայն այս ձեռքբերումով եւ կբազմապատկեն ջանքերը՝ հաջորդ մրցաշարերին նույնպես հաջող մասնակցություն ունենալու համար:
Հայաստանի հեծանվորդներն այսօր կեսգիշերին վերադառնում են Երեւան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հայաստանի ՀՄՖ-ի