«Հիկարի» գիտակրթական, մշակութային կենտրոնի սաներն արդեն 11-րդ անգամ Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք կուղարկեն «Խաղաղության լապտերներ»: Այս տարի առաջին անգամ դրանք կուղարկվեն նաև Նագասակի:
Լապտերներն օգոստոսի 6-ին և 9-ին կնավարկեն՝ լուսավորելով նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին 1945 թվականի օգոստոսին ատոմային ռումբի պայթյունից:
Երեխաների պատրաստած նկարազարդ լապտերները Հիրոսիմա և Նագասակի կտանի Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը:
«2015 թվականը կարևոր է և´ Հայաստանի, և´ Ճապոնիայի համար. լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարին և Հիրոսիմա ու Նագասակի քաղաքների ռմբակոծության 70-րդ տարին: Այս երկու ողբերգություններն ինչ-որ իմաստով կապված են իրար հետ, և մենք չենք կարող անտարբեր լինել միմյանց ցավի նկատմամբ»,- ասում է «Հիկարի» գիտակրթական, մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը՝ նկատելով, որ «Հիկարի» կենտրոնն աշխարհում առաջինն է նախաձեռնել Հիրոսիմա լապտերներ ուղարկելը: Դրանից հետո նախաձեռնությանը միացել են երեխաներ աշխարհի տարբեր անկյուններից, և լապտերներ ուղարկելն արդեն ավանդույթ է դարձել: «Ես համոզված եմ, որ մեզ՝ հայերիս համար չկա «ուրիշի ցավ» հասկացություն, որովհետև մենք Եղեռնի միջով անցած ժողովուրդ ենք, ու այդ ցավը կրում ենք մեր մեջ, գիտենք՝ ցավն ինչ բան է: Գուցե դա է պատճառը, որ մենք շատ արագ ենք արձագանքում ցավին»,- ասում է Կ. Փիլիպոսյանը:
Հիշեցնենք, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանն էլ Հիրոսիմայից էր լապտերներ ստացել. «Դա մեծ իրադարձություն էր, որովհետև մենք տասը տարի շարունակ ուղարկել ենք լապտերներ Հիրոսիմա, բայց այնտեղից երբևէ չէինք ստացել,- ասում է Կ. Փիլիպոսյանը,- լապտերները տարանք Ծիծեռնակաբերդ, որից հետո՝ Թումանյանի այգի, որտեղ փոքրիկ գետ կա, ու դրեցինք ջրի վրա: Ըստ ճապոնական սովորության՝ այդ լապտերները պարտադիր պիտի դրվեն հոսող ջրի վրա: Ջուրն իր հետ տանում է դրանք, իսկ մարդիկ հավատում են, որ դրանց վրա գրած իրենց մտքերը տեղ կհասնեն: Մենք մեր ննջեցյալներին հիշում ենք նրանց շիրմաքարերի մոտ խունկ ծխելով, մոմ վառելով և այլն, նրանք էլ լապտերներ վառելով, դրանց վրա գրելով այն, ինչ ուզում են ասել նրանց, և հոսող ջրի վրա դնելով»:
«Հիկարի» կենտրոնի սաները, սակայն, որոշել են ոչ թե գրել, այլ նկարել. ճապոներեն գրել չեն կարողանում, իսկ նկարչության լեզուն համամարդկային է, և զգացմունքները կարելի է արտահայտել նաև նկարչության լեզվով…
Այս ամենը, ի վերջո, մեկ նպատակ ունի. մարդկանց հիշեցնել՝ ինչպիսի աղետներ են ռմբակոծությունները, պատերազմները, կոտորածներն ու ջարդերը և խաղաղության կոչ անել աշխարհին, որ ոչ մի երեխա այլևս պատերազմի պատճառով չզոհվի, չկորցնի ընտանիքը, հայրենիքը, ազգությունը. «Հույս ունենք, որ մարդկությունն այնքան խելացի կգտնվի, որ ոչ միայն ատոմային զենք չի օգտագործի, այլև միջուկային, որի մասին անընդհատ խոսակցություններ են պտտվում, և մի տեսակ համընդհանուր անհանգստություն կա: Այդ պատճառով գտնում ենք, որ միշտ պետք է հիշեցնել և նման գործունեության մեջ ներգրավել հատկապես երեխաներին, որովհետև նրանք են մեր վաղվա տերը, և ինչպիսի մթնոլորտում, ինչպիսի գաղափարներով ու մտքերով մեծանան, այդպիսի մեծահասակներ էլ կդառնան: Հետևաբար՝ ինչքան փոքր տարիքում ատեն ու չընդունեն պատերազմը և ընդունեն բանակցային մոտեցումն ամեն տեսակի կնճռոտ հարցերին, այնքան ավելի գեղեցիկ ու լուսավոր կլինի մեր մոլորակի ապագան»,- համոզված է Կ. Փիլիպոսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ