Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալից դասեր չենք քաղել

Հուլիս 18,2015 14:30

Թե ինչպես 1997-ին բացարձակ մեծամասնություն ունեցող «Հանրապետություն»
խմբակցությունը մեկ գիշերվա ընթացքում դարձավ անկայուն փոքրամասնություն:
Սահմանադրական բարեփոխումների նախագծի հրապարակված գլուխներում ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը քիչ է կարեւորում նախագահի ինստիտուտի սահմանումների շուրջ քննարկումները, որքան մյուս գլուխներինը, քանզի խորհրդարանական համակարգում բնական է այդ ինստիտուտի երկրորդական-երրորդական մակարդակը: Նրա գնահատմամբ՝ ինչքան էլ որ կարեւոր են մեր սփյուռքի հայրենակիցները, այնուամենայնիվ, նախագահի ընտրության կարգում սփյուռքից ընտրիչների ներգրավումը կարող էր բերել այլ երկրների շահերի բախման, ինչն էլ ուղղակիորեն չի բխում մեր պետականության շահերից: «Այդ տեսանկյունից, իհարկե, այդ դրույթի բացառումը դրական է, բայց Սահմանադրությունն այն կարեւոր մայր օրենքն է, որը պետք է քննարկել կոմպլեքս, քանի որ այն միասնական փաստաթուղթ է»:

Բայց ԱԺ-ի ձեւավորմանը վերաբերող դրույթների հետ պատգամավորը համաձայն չէ՝ մանավանդ, որ խորհրդարանը դառնում է գործադիր մարմինը ձեւավորող հիմնական սուբյեկտ: Խաչատուր Քոքոբելյանի համար անընդունելի է նախ այն ամրագրումը, որ պատգամավորների թիվն առնվազն 101 պիտի լինի`չսահմանելով վերին շեմ: Ապա այն, որ եթե քաղաքական ուժերը «կայուն մեծամասնություն» չեն ունենում, ապա ընտրությունների երկրորդ փուլում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը պետք է առաջին տեղի համար պայքարեն` ձեւավորելով մեծամասնություն: Իր համար բացարձակ անընդունելի այս դրույթը հանրությանն ավելի պատկերավոր ներկայացնելու համար Խաչատուր Քոքոբելյանը մեկ օրինակ է բերում. «Ենթադրենք ԱԺ ընտրություններին մասնակցող տասը քաղաքական ուժ, տեսականորեն, հավասար ձայներ են հավաքել: Արդյունքում տասը տոկոսին մոտ ձայն հավաքած քաղաքական ուժերից երկու առաջին տեղերը զբաղեցնող ուժերը, այսինքն՝ մոտ քսան տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժերը, գնալու են երկրորդ փուլ եւ արհեստականորեն մեծամասնություն ձեւավորեն: Պարզ մաթեմատիկա է, ու ստացվում է, որ տասը տոկոս վստահության արժանացած քաղաքական ուժին արհեստական մեխանիզմների միջոցով հնարավորություն ենք տալիս, որ ձեւավորի պարզ մեծամասնություն»:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ, իշխանական քաղաքական ուժը ներկայացնող տարբեր գործիչներ այս օրերին մամուլում տարբեր հարցազրույցներում այս առիթով հակափաստարկներ էին բերում` ասելով, թե դա անկայունությունից խուսափելու ձեւ է` բերելով, մասնավորաբար, հարեւան Վրաստանի օրինակը: Խաչատուր Քոքոբելյանը հակադարձում է. «Նախ` անկայունություն չէ, այլ քաղաքական գործընթաց: Ապա՝ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք եւ այդ դրույթն ամրագրելով հնարավորություն տանք տասը տոկոս վստահություն ունեցող քաղաքական ուժին մեծամասնություն ձեւավորել, կստացվի, որ արհեստականորեն հնարավորություններ են ստեղծում, որպեսզի փոքրամասնությունը դառնա մեծամասնություն: Իսկ դա նախեւառաջ հակասում է ժողովրդավարության հիմնական դրույթին: Սահմանադրության եւ ընտրությունների հիմնական փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունը պիտի կայանա նրանում, որ հասարակությունը, ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ձայների ու քվեների միջոցով ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների եւ դրանց փոփոխության վրա: Ստացվում է, որ առավելագույն ձայներ հավաքած երկու ուժերից արհեստական մեծամասնություն ստեղծելով՝ բացարձակ արհամարհանք է դրսեւորվում մնացած մոտ ութսուն տոկոս ձայների նկատմամբ: Քաղաքացիների ճնշող մեծամասնության կարծիքը մի կողմ դնելով՝ գնում ենք նոր ընտրությունների, որտեղ մրցում են քաղաքացիների փոքրամասնության քվեն ստացած ուժերը: Դա ժողովրդավարության կոպտագույն խախտում է եւ քաղաքական մենաշնորհի ամրագրման հնարավորություն է ստեղծում»:

Ի հեճուկս առաջարկի հեղինակների, ովքեր դա համարում են խնդրի լուծում, մեր զրուցակիցը միանշանակ պնդում է, որ արհեստական որեւէ գործընթաց չի կարող բերել կայունության՝ մանավանդ, որ համանման իրավիճակի վառ օրինակն ունեցել ենք 1997 թվականին, երբ «Հանրապետություն» միավորումն ուներ բացարձակ մեծամասնություն, ու մեկ գիշերվա ընթացքում այն վերածվեց անկայուն փոքրամասնության: Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ այլ երկրներից օրինակներ բերելու փոխարեն՝ առավել խելամիտ կլիներ, եթե մենք հետեւություններ անեինք մեր երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացներից ու հասկանանք, որ միայն թղթի վրա գրելով հնարավոր չէ կայուն մեծամասնություն ունենալ:

Մեր զրուցակիցը հիշեցնում է նաեւ, որ նույն խորհրդարանական կառավարման համակարգերում փոքրամասնության հնարավորությունները չեն նվազեցվում, եւ որեւիցե ժողովրդավարական երկրում ձեւավորվող կառավարության հարցում փոքրամասնությունն էլ է հնարավորություն ունենում սեփական դիրքորոշումը հայտնելու: Մինչդեռ առաջարկվող տարբերակը տեսականում բացառում է նաեւ կոալիցիոն գործընթացները, որը ժողովրդավարության հիմնական բաղադրիչներից է: «Ամենամեծ ժողովրդավարությունն այն է, երբ պառլամենտում արտացոլված է հասարակության տարբեր շերտերի կամքը»,- ասաց նա:

Միաժամանակ մեր զրուցակիցը եւս մեկ անգամ հստակեցնում է` այն խնդիրները, որոնք այսօր ունի ՀՀ քաղաքացին, Սահմանադրությամբ չէ, որ պիտի վերացվեն: «Բայց նաեւ մենք դեմ ենք այն դոգմատիկ մոտեցմանը, թե Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ է, որը բարեփոխման կարիք չունի, բայց այդ բարեփոխումը պետք է բերի օրենքների բարելավման եւ հստակեցման, քաղաքացու կյանքի բարելավման եւ ոչ թե քաղաքական իրավիճակի էլ ավելի լղոզման: Պարզապես հիշեցնեմ` գործող ամենավատ օրենքը ավելի լավն է, քան թղթի վրա գրված ամենալավ օրենքը: Սահմանադրական փոփոխությունների հետ մեկտեղ կարեւոր եմ համարում, որ բոլորս, առաջին հերթին՝ իշխանությունները, կամք դրսեւորեն, որպեսզի Հայաստանում գործի քաղաքացու ամենամեծ իրավունքը` ընտրության իրավունքը: Առանց ռեալ ընտրական մեխանիզմների ցանկացած փոփոխություն չի կարող արդյունքի բերել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031