Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը մեծ շանսեր չունի»

Հուլիս 18,2015 14:00

Կարծում է վերլուծաբանը

Վերջերս մամուլում հայտնվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նոր կուսակցություն հիմնելու լուրը: Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ կուսակցության հիմնադիրները պետք է լինեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը: Չնայած նրան, որ քաղաքական այս գործիչները չեն հաստատում լուրի իսկությունը, բայց միանշանակ չեն էլ ժխտում: Որքանո՞վ է հնարավոր Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, ի՞նչ դեր կխաղա երկրորդ նախագահը Սահմանադրության հնարավոր փոփոխություններից հետո մեր նոր խորհրդարանում. այս մասին «Առավոտը» զրուցել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ:

«Դատելով վերջին ժամանակների վերջին իրադարձություններից՝ պետք է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է հանրությանը ներկայանալ որպես ակտուալ քաղաքական գործիչ: Այս նոր Սահմանադրության նախաձեռնությամբ Հայաստանում, բնականաբար, սպասվելու են նոր վերաձեւումներ, նոր վերաբաժանումներ, եւ Ռոբերտ Քոչարյանն էլ նույնպես կուզենա դրան մասնակցել: Կարծում եմ՝ դա տրամաբանական է, չնայած ամեն տրամաբանական բան չէ, որ իրականություն է դառնում»,- ասում է պարոն Մեհրաբյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանն այնպիսի վերաբերմունք է իր նկատմամբ ձեւավորել իր կառավարման տասը տարիների ընթացքում, որ մեծ շանսեր չի ունենա հաջողության հասնելու համար: Ըստ քաղաքագետի՝ երկրորդ նախագահի գործունեության պտուղները մինչ այժմ էլ «վայելում են» Հայաստանի Հանրապետությունն ու իր հանրությունը:
Մեր դիտարկմանը, թե արդյոք հասարակության հիշողությունը կարճ չէ՞, պարոն Մեհրաբյանը պատասխանում է. «Նրա միակ հույսը դա է, բայց հաշվի առնելով, որ Հայաստանում կա քաղաքացիական հասարակություն, որն ակտիվ դիրքորոշում ունի քաղաքական գործընթացների նկատմամբ, ապա ես այստեղ էլ չեմ տեսնում մեծ շանսեր նրա հաջողության համար: Չմոռանանք նաեւ, որ Հայաստանում կա մամուլ, որը չի կարող սա անուշադրության մատնել եւ չհիշեցնել այն, ինչը հիշարժան է»:

Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնա ընդդիմադիր քաղաքական ուժի դերով, եւ ներկա ու նախկին իշխանությունները միմյանց հետ ընդդիմություն-իշխանություն խաղան: «Ամեն ինչ էլ հնարավոր է՝ հաշվի առնելով այն մտահղացումը, որը դրված է այս նոր Սահմանադրության մեջ: Ես կարծում եմ, որ ինչ-որ նման բան իշխանության մեջ մտմտում են, բայց չեմ կարծում, որ սա հեռուն կարող է գնալ: Դատելով Սահմանադրության տեքստից, որ մեզ ներկայացրեցին՝ ես կարող եմ ասել, որ գործ ունենք կատաստրոֆիկ մտածելակերպի հետ, որ ցանկացած աբսուրդ բան կարող են մտածել՝ հույս ունենալով, թե կարող է իրագործվել: Ես սա համարում եմ անհամարժեքություն, նույնիսկ անմեղսունակություն»,- ասում է պարոն Մեհրաբյանը:

Նա նկատում է, որ առկա համակարգը ինչքան էլ ցանկանում է վերարտադրվել, այնուամենայնիվ՝ դժվարանում է, եւ դրա համար վերաձեւում է Սահմանադրությունը: Քաղաքագետը կարծում է, որ այս համատեքստում էլ ի հայտ կգան նոր սուբյեկտներ, հին սուբյեկտները կվերակազմավորվեն:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031