Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք կանայք կոռուպցիայի չե՞ն գնա աղջիկ երեխայից «ազատվելու» համար

Հուլիս 18,2015 13:30

Կառավարության հուլիսի 2-ի նիստում ընդունվեց երկար սպասված մի նախագիծ, որով փորձ է արվում վերջ տալ մեր հասարակությունում առկա վտանգավոր երեւույթին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին: Տարիների ընթացքում սեռով պայմանավորված աբորտներն այնպիսի «արմատներ են» գցել, որ արդեն ժողովրդագրական սպառնալիք են, կարելի է ասել՝ չարիք են դարձել հասարակության համար:

Բազմաթիվ հայ ընտանիքներում տղա երեխային նախապատվությունը տալով՝ Հայաստանում տարեկան մոտ 2000 աղջիկ երեխաներ չեն ծնվում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, եւ ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ արդյունքում մինչեւ 2060 թվականը Հայաստանում չեն ծնվի 92,932 աղջիկներ: Իսկ եթե այս աղջիկները չծնվեն, նշանակում է՝ ապագա մայրեր չեն ծնվի, սա էլ նշանակում է բնակչության թվաքանակի նվազում, բացի այդ՝ կգա մի շրջան, երբ հազարավոր տղամարդիկ ուղղակի չեն կարող ընտանիք կազմել, քանի որ կանանց թիվը անհամեմատ քիչ լինի:

Ի վերջո կառավարությունը նախաձեռնեց այս խնդրի դեմ օրենսդրական պայքար՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը կառավարությունն ընդունել է, եւ այն դեռ պիտի քննարկվի Ազգային ժողովում:

Նախագծի կարեւոր կետերից մեկն է՝ «12-ից մինչեւ 22 շաբաթական հղիության ընդհատումը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ»:
Բացի այս, օրենքով նախատեսված դեպքերում ընդհատումից առաջ բժիշկը իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված՝ 3 օրացուցային օր, ինչպես նաեւ աբորտից անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն ընդհատման հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ, ինչի մասին բժշկի կողմից գրառվում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում եւ հաստատվում կնոջ ստորագրությամբ: Ըստ նախագծի՝ բժիշկը աբորտից առաջ պարտավոր է կնոջը տրամադրել անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ:

Այս եւ նախագծում ներառված բժշկի այլ պարտավորությունների խախտման դեպքում բժիշկը կարող է վարչական տարբեր չափերի տույժերի ենթարկվել:

Նկատենք, որ պտղի սեռը երեւում է 12 շաբաթական հղիությունից հետո, եւ հենց այս ժամանակահատվածում է արգելվում սեռով պայմանավորված աբորտը, բայց ինչպես ասում են՝ «մարդու մտքին տեղ լինի». եթե կինն ուզենա «ազատվել» աղջիկ երեխայից, կարող է եւ այն անել ու հենց օրենքի սահմաններում: Օրենքի նախագծի հետեւյալ դրույթը՝ «12-ից մինչեւ 22 շաբաթական հղիության ընդհատումը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ», կարծես թե կոռուպցիոն ռիսկի տեղիք է տալիս: Ասենք՝ կինը, որը չի ցանկանում աղջիկ երեխա ունենալ, հնարավոր է՝ գործարքի գնա բժշկի հետ եւ փաստաթղթերում ներկայացվի, որ հղիությունն ընդհատվել է, ինչպես օրենքն է նախատեսում՝ սոցիալական կամ բժշկական ցուցումներով: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ իդեալական օրենքներ չկան, որոնք 100%-ով կբացառեն այս խնդիրը, ամեն օրենք էլ ունի իր թույլ կողմերը: Հայրապետյանը նկատում է, որ եթե որպես աբորտ անելու հիմնավորում պիտի գրվի սոցիալական պատճառը, տվյալ կինը պետք է մեր երկրում աղքատության շեմին համապատասխան բալեր ունենա, փաստաթղթերով ապացուցի. այնպես չէ, որ ուղղակի գրվելու է՝ սոցիալապես անապահով է, եւ կարելի է աբորտ անել: «Իսկ աղքատության շեմը կամ աղքատության նպաստառու լինելը հաստատում է սոցապնախարարությունը, ուրեմն այդ փաստաթղթերն ամբողջությամբ պիտի կեղծվեն: Կարծում եմ՝ սա այնքան էլ հեշտ բան չէ»,- ասում է Հայրապետյանը: Սակայն նկատենք, որ երկրում կան հազարավոր ընտանիքներ, որոնք աղքատության նպաստառու չեն, բայց իսկապես սոցիալապես անապահով կարելի է համարել, եւ եթե ծննդաբերությունը մեր երկրում անվճար է, երեխայի ծննդից հետո միանվագ գումար է հատկացվում, բայց, այնուամենայնիվ, եկամուտները բավարար չեն հետագայում երեխայի լիարժեք խնամքն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է սեռով պայմանավորված աբորտի դիմելիս փաստաթղթերում բժշկական ցուցում գրելը եւ ներկայացնելը, թե ինչ-որ պաթոլոգիա կա պտղի կամ ծննդկանի մոտ, այս վարկածն էլ Հայրապետյանը բացառում է: Պարոն Հայրապետյանն ասում է, որ կանայք հղիանալուց հետո բժշկական հսկողության տակ են լինում, հղիության վարման մատյան է բացվում, առնվազն 4 անգամ մանրազնին հետազոտություն են անցնում. եթե փորձ արվի պաթոլոգիայի տակ ներկայացնել սեռով պայմանավորված աբորտը, այս դեպքում էլ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ պիտի կեղծվի, «ինչը բացառվում է, այնպես չէ, որ կարող է բժշկին խնդրել՝ դե, մի բան գրի, լուրջ հիմքեր են հարկավոր պաթոլոգիա ներկայացնելու համար»:

Հայրապետյանը վստահ է, որ օրենքը կատարելագործելու կարիք ունի, եւ այն անպայման խորհրդարանում որոշակի փոփոխությունների կենթարկվի, բայց այս նախագիծը առաջին քայլն է պայքարելու. «Սա, իհարկե, բավարար քայլ չէ, միայն օրենք փոխելով հնարավոր չէ խնդիրը լուծել, երեւույթի նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխել: Դա շատ ավելի երկար ու ծանր աշխատանք է պահանջում՝ ապրելակերպի բարեփոխում, աղջիկ երեխայի արժեքի բարձրացում եւ այլն: Ինձ համար՝ որպես այս ոլորտում այս խնդիրը բացահայտած կազմակերուպության ներկայացուցչի, կարեւորն այն է, որ օրենքը հստակ ուղերձ է, որն ասում է՝ այն, ինչ անում եք, կանայք, ընտանիքներ, դա վատ բան է, եւ ուղերձը շատ ավելի կարեւոր ազդեցություն կարող է ունենալ, քան օրենքի կիրարկումը»:
Հայրապետյանը նկատում է, որ այս նախագծում կա մի կարեւոր հանգամանք՝ չի սահմանափակվում կնոջ մինչեւ 12 շաբաթական հղիության ընդհատումը:

Նկատենք, որ եթե ընտանիքն ունի ասենք՝ 3-4 աղջիկ, եւ հաջորդն էլ է աղջիկ, ու զույգը չի ցանկանում նորից աղջիկ երեխա ունենալ, ապա օրենքով՝ ուզեն-չուզեն պիտի բերեն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031