Ոստիկանությունը հետ է վերցրել քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցադիմումը:
Հիշեցնենք, որ Լալա Ասլիկյանը և մի խումբ այլ անձինք 2014թ. մարտի 5-ին, ժամը 13-ի սահմաններում խաղաղ հավաք են անցկացրել Երևան քաղաքի Գր. Լուսավորչի փողոցում՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտակայքում՝ իրենց բողոքն արտահայտելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։
Ոստիկանները միջամտել են խաղաղ հավաքի անցկացմանը՝ նախ չթույլատրելով հավաքն իրականացնել ՌԴ դեսպանատան դիմաց, այնուհետև հավաքի մասնակիցներին կենդանի շղթա կազմելու միջոցով Գր.Լուսավորչի փողոցի վրա գտնվող Արդշինբանկի դիմացի մայթում մեկուսացրել են, իսկ հետո նաև ընդհանրապես դիմացի մայթ անցնելու պահանջ ներկայացրել:
Իսկ ավելի ուշ ոստիկանները Լալա Ասլիկյանի և խաղաղ հավաքի մյուս մասնակիցներին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը պահանջել էր վարչական պատասխանատվության ենթարկել Լալա Ասլիկյանին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Ի դեպ, այս գործով հակընդդեմ հայց էր ներկայացրել նաեւ Լալա Ասլիկյանի պաշտպանը՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները: Ոստիկանության հայցը հետ վերցնելուց հետո, դատարանը մերժել է նաեւ Լալա Ասլիկյանի հակընդդեմ հայցը:
Լուսանկարը` Լալա Ասլիկյանի ֆեյսբուքյան էջից
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ