Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ». ուսումնական նոր մշակույթի սերմանում Հայաստանում

Հուլիս 17,2015 17:48

Այսօր «Այբ» դպրոցում կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը ՄՏԻ-ի հետ հաստատված համագործակցությունը նշանավորելու նպատակով:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ» նախագիծը:

«Մենք շատ ուրախ ենք, որ, համագործակցելով «Լույս» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի հետ, կարողանում ենք Հայաստանում իրականացնել մի շարք կարևոր կրթական նախագծեր»,- նշեց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նրա խոսքով՝ նախագծին մասնակցում են տաղանդաշատ աշակերտներ Երևանից, մարզերից և Արցախից: Նախագծի շրջանակներում չկան ուսուցիչներ և աշակերտներ,  բոլորը սովորողներ են:

Նա նաև հավելեց, որ ՄՏԻ-ի հետ «Այբ»-ի համագործակցությունը բավականին լայն  է. միասին իրականացնում են Հայաստանում առաջին ֆաբլաբերի բացումը:

Տեր Մեսրոպը խոսեց նաև Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) մասին, որն իրականացվում է Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համատեղ:

Անդրադառնալով ԿԳԱԾ-ին՝ Լոնդոնի Կրթության ինստիտուտի ավագ դասախոս Յացեկ Բրենդը նշեց, որ, մոտ մեկ տարի առաջ ծանոթանալով այս նախագծին, ցանկություն հայտնեց աշխատել Հայաստանի հետ. «Ես ականատեսը եղա, թե հայ ուսուցիչներն ինչքան արագ են ընկալում շատ բարդ գաղափարները: Ակնկալում եմ, որ ապագայում էլ արդյունավետ կաշխատենք հայ ուսուցիչների հետ»:

Հայաստանի բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը նշեց, որ իրենց նպատակներից մեկն է Հայաստանը դարձնել կրթական գերազանցության կենտրոն, և ընդգծեց, որ վերջին քսան տարիների ընթացքում հաջող ծրագրերի թիվը շատանում է հատկապես ուսումնական ոլորտում:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպություններին, որոնց շնորհիվ հնարավորություն եղավ Հայաստանում անցկացնելու «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ» նախագիծը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագրի ղեկավար Սերենելա Սվերցան ընդգծեց, որ այս նախաձեռնությունը մնայուն կլինի՝ ստեղծված համագործակցության շնորհիվ: Նա հավելեց, որ «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաները» նպատակ ունեն կիրառելի դարձնել տեսական գիտելիքները:

«Նախագծի իրականացման գործում «Լույս» հիմնադրամը նշանակալի դեր է խաղացել աշխարհի առաջատար համալսարաններում սովորող իր ուսանողների միջոցով՝ կամրջելով Հայաստանի հետ նորագույն գիտելիքը, գաղափարները և գիտական զարգացումները»,- ընդգծեց «Լույս» հիմնադրամի գործառնությունների ղեկավար Գայանե Ղումաշյանը:

Ասուլիսի ամփոփիչ հատվածում «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ» դասընթացին մասնակցած աշակերտները խոսեցին ձեռք բերած նոր հմտությունների մասին և ներկայացրին իրենց աշխատանքները:

«Լույս» և «Այբ» հիմնադրամները Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ Հայաստանում հյուրընկալում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագիրը, որը յուրահատուկ կամուրջ է աշխարհի և Հայաստանի գերազանցության կենտրոնների միջև:

Մենք նախագծել և իրականացնում ենք Հայաստանում «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաների» (Global Teaching Labs) ձևաչափով փորձնական դասընթացը, որի նպատակն է ուսումնական նոր մշակույթ ձևավորել Հայաստանում:

Ուսուցման այս նոր ձևը ներկայացնում է դասամատուցման «շրջված դասասենյակի» մեթոդը. աշակերտները նախ տանը յուրացնում են ՄՏԻ-ի (MIT) ուսումնական նյութերի առցանց հարուստ շտեմարանի նյութերը և այնուհետ դասարանում կիրառում ձեռք բերած գիտելիքը գործնականորեն` աշխատելով ՄՏԻ-ից ժամանած երիտասարդ դասախոսների հետ, որոնց շարքում ընդգրկված են «Լույսի» կրթաթոշակառուներ: Դասընթացի ժամանակ աշակերտներն ուսումնասիրում են իրենց համար միանգամայն նոր առարկաներ, այդ թվում` համակարգչային նյարդաբանություն, մեքենայական ուսուցում, էլեկտրականություն ու մագնիսականություն և այլն:

Դասընթացը մեկնարկել է հունիսի 22-ին և կավարտվի հուլիսի 31-ին: Այն անցկացվում է «Այբ» դպրոցում, որը համալրված է ուսումնական այս գործընթացի համար անհրաժեշտ լաբորատորիաներով: Ծրագրին մասնակցում են Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներ ներկայացնող շուրջ 110 աշակերտներ, ովքեր ծրագրի ողջ ընթացքում հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության «Վահե Կարապետյան» կենտրոնում: ՀԲԸՄ-ը կազմակերպում է նաև աշակերտների արտադասարանային առօրյան` նրանց ծանոթացնելով մշակութային հետաքրքիր կենտրոնների հետ:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031