Այսօր Ճարտարապետների միության դահլիճում բացված «Եղեռն եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի հուշարձանները, որոնք ենթարկվել են մշակութային եղեռնի եւ շարունակում են ենթարկվել թուրքական իշխանությունների կողմից:
Ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը նշեց.
«Սա ոչ միայն ծանոթացում է մեր մշակութային կոթողներին, այլեւ ինքնաճանաչում: Սա, ցավոք սրտի, ավերված եւ ավերվող մշակույթ է: Պետք է տեր կանգնենք մեր մշակույթին, որպեսզի կրկին արարենք: Սա կորսվող մշակույթ է, բայց մշակույթն ապրեցնող է, եթե ճանաչում ենք այն»:
Ցուցահանդեսը կայացել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպության եւ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ:
Կարդացեք նաև
Հուշարձանագետ, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը նշեց. «Որպեսզի մի բան պահպանենք, պարտավոր ենք տեղյակ լինել դրա մասին: Եթե դրանց վտանգ է սպառնացել կամ ոչնչացվել են, մեր պարտքն է առաջին հերթին իրազեկվել եւ բոլոր միջոցներով աշխարհին իրազեկել: Առաջին ցավը եւ կորուստը մերն է, բայց միաժամանակ համաշխարհային քաղաքակրթության գանձարանից գանձեր են պակասել, համայն քաղաքակիրթ մարդկության կորուստն է սա»:
Ծրագրի շրջանակներում հրատարակվել են ցուցահանդեսի նյութը համառոտ ներկայացնող համանուն գրքույկ եւ ծավալուն աշխատության առաջին հատորը, որը ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի 24 գավառներում կատարված մշակութային եղեռնը:
Ցուցահանդեսը կշարունակվի եւս մեկ ամիս, իսկ աշնանը Հայ դատի գրասենյակի հետ համագործակցությամբ այն կներկայացվի Բրյուսելում, այնուհետեւ Լիոնում, Ամստերդամում եւ մի շարք այլ եվրոպական քաղաքներում:
Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ