Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ վատություն է արել Գյումրին Էդուարդո Էռնեկյանին, որ նա մեռցնում է օդակայանը». քաղաքագետ

Հուլիս 17,2015 17:35

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության երեկվա նիստում հանձնարարություններ է տվել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին, Էկոնոմիկայի նախարարությանը եւ Քաղավիացիայի գլխավոր վարչությանը մանրամասն ուսումնասիրելու ուղեւորատար ավիափոխադրումների շուկան: Ըստ վարչապետի, Հայաստան միջազգային չվերթները պետք է դարձնել ավելի հարմար ժամերի, քանի որ գիշերային չվերթները անհարմարություններ են ստեղծում զբոսաշրջիկների համար:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը վարչապետի այս հանձնարարականը համարեց ուշացած: Ըստ նրա, այն որեւէ օգուտ այս պահին չի կարող տալ Հայաստանի տուրբիզնեսին: «Տուրիստական սեզոնը վաղուց է սկսվել, չգիտես ինչու Հայաստանի կառավարությունը նոր է որոշել արձագանքել այն բեսպրեդելին, հենց բառի բուն իմաստով, որը գոյություն ունի Հայաստանի ավիաշուկայում: Իրեն տուրիստական կենտրոն հռչակած Հայաստանի Հանրապետությունը ուղղակիորեն ծիծաղելի վիճակում է հայտնվել այն առումով, որ այսօրվա դրությամբ տարածաշրջանի երեւի թե ամենաթանկ ավիափոխադրումները կատարվում են միայն Հայաստանում: Վերջերս Ադրբեջանում են շեշտակի բարձրացել ավիատոմսերի գները, այն էլ Ադրբեջանի համապատասխան ոլորտի պատասխանատուն՝ «Ազալ»-ի տնօրենը դա պատճառաբանել է այն հանգամանքով, որ Բաքվում տեղի ունեցած օլիմպիական խաղերի ծախսերը ավելի մեծ վնաս են հասցրել «Ազալ»-ին, եւ հիմա իրենք ստիպված են գների բարձրացման միջոցով այն կոմպենսացնել: Եվ պատճառն այն է, որ մեծ քանակությամբ մարզիկների եւ նրանց մարզիչների անվճար տեղափոխել են Բաքու»:

Ըստ քաղաքագետի, մի՞թե Հայաստանի իշխանությունները չեն տեսնում, թե ինչ քանակությամբ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներ են Հայաստանը լքում Վրաստանի տարածքով: «Մենք այսօրվա դրությամբ ունենք տարածաշրջանի եւ նախկին ԱՊՀ հանրապետություններում ամենաշքեղ օդանավակայանը, բայց մեր իշխանությունները եւ «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» կազմակերպությունը, որը պատկանում է Էդուարդ Էռնեկյանին, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի քաղաքացին այսօրվա դրությամբ Եգիպտոս, Անթալիա, Կիպրոս,Եվրոպական երկրներ Երեւանից 300 կիլոմետր, Գյումրիից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թբիլիսիից մեկնի ու այնտեղից կազմակերպի իր թռիչքը այլ երկրներ: Սա ուղղակի ծիծաղելի է: Ինձ համար զարմանալի է, որ մի քանի օր առաջ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարություն էր արել, թե ապրիլ ամսվա սկզբի դրությամբ ավիատոմսերի գները Հայաստանում նվազել են 15,9 տոկոսով: Սա ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ լկտի սուտ է: Պետք է վարդագույն ակնոցները հանել ու տեսնել՝ իրականում ի՞նչ է տեղի ունենում: Թբիլիսիից բոլոր ուղղություններով, առավել եւս եվրոպական ուղղություններով բոլոր ավիաչվերթների գները 100-200 եվրո ավելի էժան են, քան Երեւանից նույն ուղղությամբ թռիչքները: Բացի դրանից, վրացական իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի բավական զարգանա նաեւ իրենց հանրապետության երկրորդ քաղաքի՝ Քութայիսիի նորակառույց օդանավակայանը»: Գագիկ Համբարյանի ասելով, այնտեղից օրինակ՝ Եվրոպական բազմաթիվ քաղաքներ մեկնելը 70-90 եվրո է, մինչդեռ Հայաստանից 5-6 անգամ ավելի է:

Գագիկ Համբարյանը հարցնում ՝ մի՞թե Հովիկ Աբրահամյանը չգիտի, որ «Զվարթնոց» միջազգային օդակայանում ինքնաթիռների սպասարկման ամենաթանկ գներն են դրված ցերեկային ժամերին: Այդ պատճառով էլ Հայաստանի մայրաքաղաք թռիչքներ կազմակերպող ավիաընկերությունները գերադասում են գիշերային ժամերին կազմակերպել թռիչքները: «Հովիկ Աբրահամյանը ոչ միայն այս հարցով պիտի զբաղվի, այլ պիտի զբաղվի այն հարցով, թե ինչո՞ւ են Հայաստանի ավիաշուկան լքում բրիտանական «British Airways»-ը, կամ ինչո՞ւ է Հայաստանի շուկան լքում լեհական «Լոթ» ավիաընկերությունը, արդեն պաշտոնապես հայտնել է Միացյալ Արաբական էմիրությունների «Էթիհադ» ավիաընկերությունը: Ուրեմն այս ավիաընկերություններին խնդիրներ ստեղծողը մենք ենք, այսինքն` Էդուարդո Էռնեկյանը ու Հայաստանի կառավարությունը: Երկուսով ուղղակիորեն թալանում են ավիաընկերություններին, իսկ Էդուարդո Էռնեկյանը, բիզնեսի բոլոր կանոնները խախտելով, ուզում է ավելի շուտ հետ բերել «Զվարթնոց» օդակայանի վրա ծախսած գումարները, քան ինքը կարող էր անել որեւիցե եվրոպական կամ լատինաամերիկյան երկրներում կառուցած օդանավակայանում»:

Ըստ Գագիկ Համբարյանի, Սերժ Սարգսյանը ճիշտ կանի մի աուդիտ էլ հրավիրի՝ պարզելու, թե ինչո՞ւ են այս քանակությամբ ավիաընկերություններ լքում Հայաստանը եւ իրենց բիզնեսը տեղափոխում Վրաստան ու Ադրբեջան: «Իր մտերիմ ընկեր Միքայել Բաղդասարովը, որը մենաշնորհային դիրքեր ուներ Հայաստանի ավիաշուկայում եւ «Արմավիայի» սեփականատերն էր, ինչպե՞ս ստացվեց, որ մենաշնորհային դիրք ունեցող ավիաընկերությունը սնանկացավ: Նման բան կարող է միայն Հայաստանում տեղի ունենալ: Մենաշնորհային դիրք են տալիս ավիափոխադրողին, եւ ինքը սնանկանում է այն դեպքում, երբ ամենաբարձր գներն էր ժամանակին դնում»:

Քաղաքագետը նաեւ հետաքրքրված է, թե ի՞նչ վատություն է արել Գյումրին Էդուարդո Էռնեկյանին, որ նա ջանադրաբար ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի երկրորդ մեծությամբ քաղաքի օդանավակայանը «մահանա»: «Արտագնա աշխատանքի մեկնելու սեզոնին՝ գարնան սկզբին «Հայաստանի միջազգային օդակայաններ» կորպորացիան ամեն ինչ անում է, որպեսզի Գյումրի-Մոսկվա չվերթը փակվի: Այնքան փակեցին, որ նույնիսկ ջավախքահայերը, որոնք սովոր էին գալ եւ իրենց արտագնա աշխատանքի վայրեր թռնել Գյումրիի օդանավակայանից, նրանց 70-80 տոկոսը իրենց ընտանիքը պահում է արտագնա աշխատանքի միջոցով, էլ նրանք չեն գալիս Գյումրի: Աշխատեցին, որ նրանց Երեւան տանեին, բայց, ինչպես ասում է Սերժ Սարգսյանը՝ խիարը թարս բուսնեց, բոլորը գնացին Թբիլիսիից»:

Ըստ Գագիկ Համբարյանի, թեեւ շնորհակալ ենք Էդուարդո Էռնեկյանից, մեր հանրապետության քաղաքներում նման շքեղ օդակայաններ կառուցելու համար, սակայն մեռած կառույցները Հայաստանին օգուտ չեն բերում:

Մեր զրուցակցի համոզմամբ, թալանում են ոչ միայն տուրիստին, այլ սեփական ժողովրդին, իսկ սա հակապետական գործունեություն է: Եվ եթե ՀՀ կառավարությունն ու Էդուարդո Էռնեկյանն այսպես շարունակեն, ըստ Գագիկ Համբարյանի, Հայաստանում կվերանա աշխարհում ամենազարգացած տրանսպորտի միջոցը՝ ավիատրանսպորտը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ominac says:

    Առավոտի ղեկավարը ինչպէս կը թոյլատրէ, փողոցի հայերէնով հոտուած տպուի,
    Չէք կարծեր որ ատենն է փողոցէն վեր ելլէք եւ քիչ մը դուք ձեր վրայ աշխատիք գրական հայերէն գրեք,եւ քիչ մըն ալ մեզի սորվեցուցեք։

    • Տիգրան says:

      Եւ ո՞րն է այստեղ փողոցի հայերենը։

    • Գուգուշ says:

      Երևի պետք է գովեր Էռնեկյանին:Այդ ժամանակ շատ գրագետ կլիներ:Ավելի լավ կլինի դու պատասխաներ վեր հանված հարցերին ու շատ գրագետ:Երևի մեր սփյուռքահայ բարեկամին դուր է գալիս այս թալանը:

  2. Գուրգեն says:

    Ամեն դեպքում <> բառը արդեն նորություն էր

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031