Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազնը դեմ է Սերժ Սարգսյանի բարեփոխումներին

Հուլիս 17,2015 17:22

«Հայազն» կուսակցությունը կտրականապես մերժում է Սերժ Սարգսյանի նախապատրաստած սահմանադրական փոփոխությունը, որի ակնհայտ և միակ նպատակն է գործող վարչակարգի կողմից յուրացված իշխանության մշտական վերարտադրությունը:

Մերժում ենք նաև պարտադրված ընտրությունը գործող սահմանադրության և առաջարկվող փոփոխությունների միջև և հանդես ենք գալիս Հայաստանի սահմանադրության արմատական փոփոխության օգտին: Ներկայացված նախագծի բովանդակությունը, սակայն, ոչ մի աղերս չունի ազգային պետության կերտման սկզբունքների հետ:

Մերժելի է նաև սահմանադրության ընդունման կարգը: Օրինական կլինի միայն այն սահմանադրությունը, որը կծնվի սահմանադիր ժողովում` տևական հրապարակային քննարկումների և դրանց շնորհիվ ձևավորված ազգային ամենալայն համաձայնության արդյունքում։ «Հայազնը» միշտ պատրաստ է սահմանադիր ժողովի և հայ հանրության քննությանը ներկայացնել ազգային սահմանադրության իր տարբերակը, սակայն որևէ իմաստ չի տեսնում Սերժ Սարգսյանին կամ նրա հանձնաժողովին դրանք ներկայացնելու մեջ։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է այս նախագծին, թեկուզ միայն այն պատճառով, որ այն առաջ են մղում տարիներ շարունակ իշխանությունը յուրացրած, երկիրը թալանած ու մեր ինքնիշխանությունը վաճառած անձը և կուսակցությունը: Հնարավոր է, որ սպասվող հանրաքվեն վերաճի իշխող վարչախմբին և անձամբ Սերժ Սարգսյանին անվստահության համազգային ակտի: Ուստի «Հայազնը» պատրաստ է պաշտպանել ժողովրդական կամարտահայտության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և բոլոր առողջ ուժերին համագործակցել այս գործում և ձևավորել հանրաքվեի ընթացքը վերահսկող ազգային համակարգ:

Վստահ ենք, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի իշխանության շուտափույթ տապալումը անխուսափելի է հանրաքվեի ցանկացած արդյունքի և քաղաքական համակարգի ցանկացած մոդելի պայմաններում:

«Հայազն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031