Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի քրեական գործը` վատ նախադեպ և լրատվամիջոցների լռեցնելու փորձ

Հուլիս 17,2015 17:05

Փորձագետները կարծում են, որ «Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի քրեական գործը և աղբյուրի գաղտնիությունը բացահայտել պարտավորեցնելը լուրջ մարտահրավեր է ԶԼՄ-ների համար: Հիշեցնենք, որ «ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը մեղադրվում է «ilur.am» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ Քրիստինե Խանումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Խոսքը շուրջ մեկ տարի առաջ կայքում հրապարակված այն տեղեկության մասին է, որ Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարձակվել և բռնություն է գործադրել գյումրեցի ճանաչված ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։

Նույն թեմայով հրապարակման համար դատարանը նաև «Հրապարակ» օրաթերթին էր պարտավորեցրել աղբյուրը բացահայտել։

«Մեդիա կենտրոնում» «Նոր զարգացումներ «Հրապարակի» և «ilur.am»-ի քրեական գործի առնչությամբ. գնահատականներ և դիտարկումներ» խորագրով քննարկմանը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը տեղեկացրեց. «Սահմանադրական դատարան ենք ներկայացրել «Հրապարակի» շահերը, պարզելու այն նորմերի սահմանադրականությունը, որոնց հիման վրա պարտադրվել է լրատվամիջոցին բացահայտել աղբյուրը: ՍԴ-ն վարույթ է ընդունել. հոկտեմբերի 20-ին նշանակված է նիստ: Ուստի քրեական գործն առնվազն պետք է կասեցվի` հաշվի առնելով, որ ընթացքի մեջ է սահմանադրական դիմումի վարույթը»:

Հարցին ո՞ր դեպքում կարող են պահանջել, որ լրատվամիջոցը բացահայտի աղբյուրը, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Նեղ հիմքեր են սահմանված. կա եվրոպական դատարանի նախադեպ ու հանձնարարականներ: Ասվում է, որ եթե առկա է հասարակական քրեաիրավական շահ, այդ դեպքում է լրատվամիջոցին պարտադրվում բացահայտել աղբյուրը: Սովորական հանցագործության դեպքում, ինչը նշվածի մասին չես կարող ասել, չեն կարող լրատվամիջոցին պարտադրել բացահայտել աղբյուրը: Օրինակ` դա կարող է լինել ահաբեկչության դեմ պայքարում վարույթի իրականացման դեպքում»:

Պարոն Ղազարյանը, խոսելով հետևանքների մասին, այսպիսի մտահոգություն հայտնեց. «Բոլոր աղբյուրները կդադարեն տեղեկություն տրամադրել. դրանից հանրությունն է տուժում: Հանրությունը կզրկվի իր` սահմանադրական իրավունքից` ստանալ ակտուալ, այնպիսի ինֆորմացիա, որն այլ աղբյուրից ստանալու հնարավորություն չունի:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը շեշտեց, թե այստեղ լուրջ վտանգավոր նախադեպ է ստեղծվում. «ԶԼՄ մասին օրենքը ևս սահմանում է, թե ինչպես կարելի է բացահայտել աղբյուրը: Օրենքն ասում է, որ այդտեղ առկա պիտի լինեն մի շարք հանգամանքներ. ծանր և առանձնապես ծանր հանցագործություն բացահայտելու համար: Ըստ իրավաբանների` Գյումրիի դեպքը չի ձգում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության: Օրենքն ասում է, որ պետք է սպառված լինեն բոլոր այլ հնարավորությունները բացահայտելու այդ հանցագործությունը, ինչը այդպես չէ: Իհարկե, խոսքի ազատության իրավունքը շատ ավելի բարձր է, քան այն հանցագործությունը, ինչը տեղի է ունեցել: Այս պարագայում հասարակական շահը հենց աղբյուրը չբացահայտելն է»:

Պարոն Մելիքյանը շեշտեց, թե առանց գաղտնի աղբյուրների լրագրություն, առավել ևս հետաքննող, գոյություն չունի: Այնուհետև մտահոգություն հայտնեց, թե չի կարելի ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը` տարօրինակ սկզբունքներ առաջ քաշելով:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը նկատեց, թե այս դեպքում ճիշտ գնահատական չեն տվել լրատվամիջոցների իրավունքների տեսանկյունից: Այստեղ խոցելին դարձել են հենց լրատվամիջոցները, այլ ոչ թե երկու կողմերը, որոնք բուն միջադեպի մասնակիցներն էին:

Պարոն Դեհերյանը հանուն արդարության նաև նշեց, որ ինքը` որպես լրագրող, այնուամենայնիվ, կփորձեր կողմերից մեկից էլ տեղեկություն ստանալ, ինչը գուցե արել են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. alfred says:

    Ստացվում է որ թերթը կարող է ինչ ասես գրել եվ պատասխան չտալ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031