Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կինոն շատ ուժեղ զենք է փոքր ազգերի համար». Հարություն Խաչատրյան

Հուլիս 17,2015 16:48

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում ճշմարիտ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է. «Ամբողջ աշխարհում է դժվար: Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք չեն հասկանում լուրջ մշակույթը: Հայաստանում երկար ժամանակ զարմանում են, թե ինչու են սիրում էժանագին կատակերգություններ, ռաբիս երաժշտություն… Մարդիկ սկսել են սիրել և հասկանալ պրիմիտիվ արվեստը, պարզ նախադասությունները: Մենք պետք է նկարենք այնպիսի ֆիլմեր, որոնք շատ քիչ մարդիկ են հասկանում, բայց սովորեցնենք մտածել, անհանգստանալ, դժգոհել, չընդունել ու կռիվ տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարություն Խաչատրյանը՝ նկատելով, որ այդ առումով իրենք փորձում են որոշակի քայլեր անել. «Դիմել ենք քաղաքապետարան՝ մեզ կենտրոն հատկացնելու խնդրանքով: Նպատակ ունենք զբաղվելու 7­-8 տարեկան երեխաների մշակութային կրթությամբ: Կինոն շատ ուժեղ զենք է, հատկապես փոքր ազգերի համար, և մենք իրավունք չունենք կորցնելու այն»,- ընդգծեց Հ. Խաչատրյանը:

Դառնալով իր ստեղծագործական գործունեությանը՝ նա նշեց, որ չի կորցրել ֆիլմեր նկարահանելու ցանկությունը: Ավելին՝ այժմ մի քանի նախագծերի վրա է աշխատում, իսկ աշնանը արդեն նոր ֆիլմ կներկայացնի. «Ես միշտ վախեցել եմ իմ ֆիլմերը Հայաստանում ցուցադրել, որովհետև դրանք միշտ դժվարությամբ են ընկալվում: Դրա համար, սովորաբար, ֆիլմերս տանում եմ արտասահման, մի քանի մրցանակներ ստանում, հետո նոր բերում Հայաստան՝ կարծես համոզելով՝ լավ, այնքան էլ վատ ֆիլմ չեմ նկարել: Ուզում եմ ասել, որ պետք է համբերես, անպայման չէ՝ միանգամից լավ ֆիլմեր նկարահանես»:

Հ. Խաչատրյանն անդրադարձավ նաև կինոռեժիսորի՝ իր տասը տարվա լռությանը. «Այդ տարիներն ինձ համար իսկապես կորցրած տարիներ են, որովհետև ես տասը ֆիլմ չնկարեցի: Իմ կյանքում մի շրջան եղավ, երբ ես թողեցի կինոն: Այդ ժամանակ Վահագնի թաղամասի շինարարական աշխատանքներն էի ղեկավարում: Ոչ մի հայ տղամարդ չի կարող իր ընտանիքին սոված թողնել: Մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրել:

Երեկ ժյուրիի անդամներից մեկն ասաց, թե շատ թույլ են «Հայկական համայնապատկեր»-ում ընդգրկված ֆիլմերը, իսկ ես բացատրեցի, որ կար մի շրջան, երբ մենք լույս չունեինք, հեռուստացույց չէինք նայում: Եվ եթե չլիներ տղամարդկանց պատասխանատվությունը, մենք երևի մինչև հիմա չապրեինք: Կարծում եմ՝ մենք հիմա էլ ենք շրջափակման մեջ, բայց շատ հարուստ փառատոն ենք անում, հարուստ՝ մեր հյուրերով»:

Ի դեպ, «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի մասին:

Հ. Խաչատրյանն ասում է, որ հատկապես ռեժիսորների է սիրում հրավիրել. «Ես, իհարկե, սիրում եմ դերասաններին, բայց ինձ համար կարևոր է կրթությունը: Ռեժիսորներն այստեղ վարպետության դասեր են անցկացնում, իսկ դրանք որոշակի պաշար են տալիս երիտասարդներին:

Մենք չենք բարկանում, երբ մարդիկ չեն գալիս այստեղ: Ի վերջո, մենք նրանց հրավիրում ենք առանց գումարի, և Հայաստան անվճար գալիս են այնպիսի մարդիկ, որոնց՝ արտերկիր գնալու հոնորարը 50 000 եվրո է: Բայց մենք իրավունք չունենք 50 000 եվրո տալ նրանց: Չունենք էլ այդ գումարը»,- ասում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հարություն Խաչատրյանին ասեք, որ մենք փոքր ազգ չենք: Փոքրաթիվ, հատկապես Հայաստանում փոքրաթիվ, այո, բայց ոչ երբեք փոքր: Նարեկացի, Մաշտոցից մինչեւ Չարենց, Խաչատրյան ու Մանսուրյան: Սրանից էլ ՄԵԾ????

    Այլ հարց է, որ այսօր այդ մեծությունների փոխարեն իշխող տեսակ է Սաշիկ-Շմայս-Լիսկա……որակներ կրողը: Դա մեզ փոքր ազգ չի սարքում, դա մեր ամոթն է, անարգանքը, ստորացումը, ծնկաչոք, խեղճ, անազատ գոյությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031