Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքացիներն արդարադատության համակարգից ավելի շատ են դժգոհում, քան ոստիկանությունից

Հուլիս 17,2015 16:24

«5000 ընտանիքի շրջանում մեր կատարած հարցումները ցույց են տալիս, որ ոստիկանության աշխատանքը բացասական է գնահատում հարցվածների մոտ 20 տոկոսը, դրական` 52-ը: Արդարադատության համակարգը բացասական է գնահատում 37 և դրական` 22 տոկոսը»,-«Նոյյան տապան» մամուլի սրահում հրավիրված «Արդարադատություն՝ հայկական ոճով» խորագրով քննարկմանն այսպիսի տվյալներ ներկայացրեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նա, խոսելով ՀՀ-ում արդարադատության համակարգի և այդ ոլորտի հասարակական վստահության մասին, նշեց, թե հարցումների արդյունքները նաև ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը հիվանդ լինելու, կամ իր իրավունքները ոտնահարվելու պարագայում նախ ծանոթներին է դիմում, հետո բժշկին կամ ոստիկանություն:

«Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի անդամ Արամ Գրիգորյանը հարց բարձրացրեց, թե ովքե՞ր են ՀՀ-ում արդարադատություն իրականացնողները ու նկատեց, որ անգամ եթե ունենանք կատարյալ օրենքներ, եթե համակարգը բարելավված չէ, արդարադատություն չենք ունենա: Այնուհետև նշեց. «ՀՀ-ում արդարադատության նախարարը արդարադատության հետ կապ չունի. իր գործառույթներն այլ են: Մեր երկրում արդարադատություն իրականացնելու արդար համակարգեր դեռ գոյություն չունեն, կարծում եմ` կլինեն»:

Հոգեբան Աննա Բադալյանը նկատեց, թե այս հարցում էական դերակատարություն ունի անհատի դաստիարակությունը. «Որոշիչ է նրա ներքին կուլտուրան, յուրաքանչյուրիս վարքով ձևավորվում է հասարակական գործունեություն: Անհատը, եթե կայացած է, կարող է հստակ պատասխանատվություն ունենալ իր արարքների համար, այդպիսով նա ձևավորում է ներքին կուլտուրա, որը հանգեցնում է արդարության գործառույթին»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ խորհրդատու-իրավաբան Անի Աղագուլյանը նշեց. «Խնդիրն այն է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն ու պարտականությունները հաճախ պատշաճ չեն գիտակցում, ինչի պատճառով ունենում են վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանքներ հարկային պարտավորությունների ոլորտներում»:

«Պետության կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը վստահեցրեց, թե ի դեմս արդարադատության՝ խոսում ենք մի երևույթի մասին, որը Հայաստանում գոյություն չունի: Նա մանրամասնեց. «Իհարկե, քաղաքացիներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Բայց արդարադատության նախարարությունն այս տարիներին անհասկանալի է, թե ինչով է զբաղվում: Օրինակ` 2000-ին սկսեց Հյուսիսային պողոտայի գործընթացը. հազարավոր քաղաքացիներ մտան դատարան և ոչ մի ատյանում հաջողության չհասան»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ անդամ- հետազոտող Հայկ Թադևոսյանն արդարադատության ոլորտում գոյություն ունեցող խնդիրները կապեց իշխանությունների տարանջատման սկզբունքի հետ ու պարզաբանեց. «Իշխանությունների տարանջատման սկզբունքը ՀՀ-ում չի գործում: Հասարակական լայն շերտերի մոտ տարածված է այն կարծիքը, որ դատական համակարգը սերտաճած է ՀՀ քաղաքական իշխանության հետ, և դատական որոշումները կայացվում են դատական իշխանության վերահսկողությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031