Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան. Այս նախագիծը հնարավորություն է տալիս առանց արյունահեղության ընտրել ու փոփոխել կառավարությունը

Հուլիս 17,2015 16:22

Քաղաքական ուժերի մոտ մտահոգություն կա, որ ռեյտինգային ընտրությունները մեծամասնական ընտրակարգի քողարկված տարբերակն են: Այսօր, սահմանադրության նոր նախագծի առիթով մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այդ դիտարկմանը, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն ասաց, որ ռեյտինգային ընտրությունները սահմանադրական կարգավորման խնդիր չեն, դրանք խորհրդարանի, քաղաքական ուժերի խնդիրն են, թող իրենք քննարկեն և իրենք որոշեն: «Սահմանադրության որևէ ռեյտինգային կամ ոչ ռեյտինգային համակարգի, կապված ցուցակների հետ, անդրադարձ չի կատարվել և դժվար կգտնեք, համենայն դեպս, ես չեմ մտաբերում մի երկիր, որտեղ սահմանադրության մակարդակով խոսվի ռեյտինգային քվեարկության մասին»,- պարզաբանեց Թովմասյանը:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մեկ այլ անդամ, Վարդան Պողոսյանն էլ անդրադառնալով այդ հարցին, խոսեց նաեւ մտահոգությունների մասին, թե ռեյտինգային ընտրությունները մեծամասնական ընտրակարգի քողարկված տարբերակն են. «Պետք է հստակ տարբերակել, թե ի՞նչ է նշանակում մեծամասնական ընտրակարգ և ի՞նչ` համամասնական ընտրակարգ: Մեծամասնական ընտրակարգը նշանակում է, որ ով ստանում է հարաբերական մեծամասնություն` թեկուզ մեկ ձայն ավելի երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուից, ստանում է պատգամավորական մանդատ, այսինքն` կարելի է 10 կամ 15 տոկոսով ստանալ մեկ ամբողջական մանդատ:

Համամասնական ընտրակարգում, կլինի դա ռեյտինգային, թե ցուցակով, խոսքն ընդամենն այն մասին է, որ ընտրվում է թե անձը, թե կուսակցությունը, բայց միևնույնն է, մանդատների բաշխումն իրականացվում է համամասնականով և այդտեղ շատ մեծ տարբերություն կա»:

Նա նկատեց, որ երկրորդ փուլ ստեղծելու հարցը ոչ միայն կայուն մեծամասնություն ձևավորելն է, այլ այն լուծում է միանգամից երկու խնդիր. «Հարցը նաև կայանում է նրանում, որ այդ երկրորդ փուլը ընտրողին հնարավորություն է տալիս մեկ քվեարկությամբ առնվազը երկու խնդիր լուծել. ո՞վ է պատգամավորը և ո՞րն է այն կառավարությունը, որին ինքը վստահում է երկրի կառավարման ղեկը առաջիկա տարիների համար: Այդ համակարգը, լինելով կայունացման գործոն, միաժամանակ ընտրողին ավելի մեծ հնարավորություն է տալիս հիմնվել քաղաքականության վրա, և այդ կայուն մեծամասնությունը 5 տարի հետո, եթե նորից ցանկանա ընտրվել՝ պետք է հաշվետու լինի և պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չունենա:

Իրեն հարց են տալու`բա դուք ձեր ծրագրով խոստանում էիք այսինչը կամ այնինչը, հիմա արե՞լ եք, թե` ոչ: Ընդհանրապես, ժողովրդավարության համար Պոպերը տվել է մի շատ կարճ ձևակերպում: Ժողովրդավարությունն այն է, երբ ժողովուրդը կարող է առանց արյունահեղության ընտրել ու փոփոխել իր կառավարությանը: Այն նախագիծը, որը առաջարկվել է, լինում է հենց այս գաղափարախոսությունից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031