Քանաքեռ-Զեյթունի զագսում երեխայի ծննդականը կեղծիքներով են տրամադրել: Այս մասին հայտարարում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Այսօր Վարչական դատարանում այս գործով դատական նիստն էր: Նարինե Նիկողոսյանը հայցով դիմել է դատարան՝ իր երեխայի նկատմամբ Էդիսոն Ադյանի հայրական իրավունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ Նիկողոսյանը պնդում է, որ Ադյանն իր երեխայի հայրը չէ, եւ ըստ Նիկողոսյանի, Ադյանը երեխային իրենից բաժանել է առանց իր, այսինքն՝ մոր համաձայնության ու կամքի, իսկ Ադյանն էլ պնդում է, որ Նիկողոսյանն ինքնակամ է տվել փոքրիկին:
Նիկողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն այսօր դատարանում ասաց, որ Նիկողոսյանի երեխայի համար ծննդյան 2 վկայական է գրանցվել նույն անձի կողմից, ընդ որում, երեխայի հայրանունի եւ ազգանունի վերաբերյալ տարբեր գրառումներ է կատարել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Քանաքեռ-Զեյթունի աշխատակիցը:
Կարդացեք նաև
Ըստ Նիկողոսյանի ներկայացուցչի, պետական գրանցման ակտում, այսինքն՝ վարչական ակտում, որը հիմք է հանդիսանում հետագա բոլոր վկայականները տալու համար, Նարինե Նիկողոսյանի երեխայի ազգանունը տպագիր գրված է՝ Նիկողոսյան, ապա այն ջնջած է ու վրան փոքր տառերով գրված է Ադյան:
Դատարանում Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ ՔԿԱԳ Քանաքեռ Զեյթունի տարածքային աշխատակցի կողմից գրանցվել է 2 ծննդյան վկայական, մեկը՝ իրական, մյուսը՝ կեղծ, սակայն այս աշխատակիցը քննիչի կողմից չի հարցաքննվել եւ չի պարզվել՝ ինչ նպատակով է նման բան արվել: «Կեղծիքն, որն, ըստ էության, հանցագործություն է, կատարվել է այն նպատակով, որ Նարինե Նիկողոսյանին հավաստիացնեն, որ երեխան մոր ազգանունն է կրում: Այսինքն՝ թաքցնեն Նիկողոսյանի կամքին հակառակ կեղծ տեղեկությունների հիման վրա երեխայի հայրության ճանաչման եւ ծննդի գրանցման պետական գրանցումներ կատարելու փաստերը»,- նիստի ժամանակ ասաց փաստաբանը:
Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ ՔԿԱԳ ներկայացված դիմումներում, որոնց հիման վրա կատարվում են գրանցումներ, Էդիսոոն Ադյանի կողմից Նարինե Նիկողոսյանի անունից բժիշկ Չոբանյանի ստորագրությամբ ներկայացվել է դիմում՝ երեխայի ծննդի գրանցման մասին, եւ երեխայի ազգանունը գրված է եղել Նիկողոսյան: Ընդ որում, ըստ փաստաբանի, երեխայի բնակության վայրի մասին կեղծ տեղեկություններ են տրվել. իբր թե նա բնակվելու է Կոտայքի մարզի Նոր գյուղ, 10-րդ փողոց 15 տուն հասցեում: «Կա 2-րդ դիմում, որտեղ ՔԿԱԳ-ը երեխայի անուն, ազգանուն, հայրանունը գրանցել է Արթուր Էդիսոնի Ադյան: Պետական գրանցման ակտը կեղծիք է»,- հայտարարեց փաստաբան Հովհաննիսյանը:
Նշենք, որ դատարան չէին ներկայացել ՔԿԱԳ-ի ներկայացուցիչն ու գործով 3-րդ կողմ հանդիսացող Էդիսոն Ադյանն ու իր փաստաբանը: Վերջինս գրավոր դիմել էր դատարան, որպեսզի նիստը հետաձգվի, քանի որ ինքն արձակուրդում է, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը, հիմնավորմամբ՝ նիստին կարող էր ներկայանալ միեւնույն փաստաբանական գրասենյակի մեկ այլ փաստաբան:
Դատավոր Միրզոյանը Լեռնիկ Հովհաննիսյանին հորդորեց հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերն ու հայցվորի դիրքորոշումն ուղարկել կողմերին, քանի որ նրանց իրավունքն է ծանոթանալ դրանց հետ, եւ բացի այդ, որպեսզի նախապես ծանոթանան ու հաջորդ նիստին չհայտարարեն, թե ծանոթ չեն հայցվորի դիրքորոշմանը:
Գործն, ըստ էության, մտավ դատաքննության փուլ, եւ հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին, ժամը 11.30-ին:
Նիստին ներկա 3 լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնցից 2-ը հեռուստաընկերության լրագրողներ էին, դատավոր Միրզոյանը թույլ չտվեց տեսանկարահանել՝ առանց որեւէ հիմնավորման, սակայն Միրզոյանը նաեւ ընդգծեց, որ դռնբաց դատական նիստ է: Երբ մենք փորձեցինք ձայն խնդրել՝ տեսանկարահանելու թույլտվություն ստանալու համար, դատավորն անգամ չցանկացավ լսել, ասելով՝ խանգարում եք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ