Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանն այսօր Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների ցույց տվեց ԱԺ նիստերի դահլիճը: Ի դեպ, ԱԺ դահլիճը վերանորոգվել է կորեական մի կազմակերպության ֆինանսավորմամբ:
Սամվել Ֆարմանյանը նիստերի ընթացակարգից որոշ տեղեկություններ փոխանցեց կորեացի գործընկերներին, մասնավորապես՝ քվեարկության կարգի մասին: Իսկ կորեացի մի պատգամավոր էլ նստեց առաջին շարքում ու նկատեց, որ իրենց երկրում, եթե պատգամավորը մեծ պատիվ է վայելում, ԱԺ-ում վերջին շարքերում է նստում:
Այսօր հայ-կորեացի պատգամավորների հանդիպման ընթացքում կարճ ասուլիս էլ եղավ:
Կորեա միջխորհրդարանական բարեկամական խմբի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն ասաց՝ հույս ունի, որ Հարավային Կորեայի խորհրդարանը մասնակցություն կունենա «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային պլատֆորմի ձևավորման և հետագա աշխատանքներում:
Կարդացեք նաև
«Ինչպես գիտեք, Հայաստանի Ազգային ժողովը ցանկանում է ստեղծել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային պլատֆորմ, որն իր ջանքերը պետք է ուղղի կոնսոլիդացնելու համաշխարհային հանրության ջանքերը՝ ապագայում նման ողբերգությունների կրկնությունը բացառելու համար: Մենք լիահույս ենք, որ Հարավային Կորեայի խորհրդարանը ևս ակտիվ մասնակցություն կունենա այդ պլատֆորմի ձևավորման և հետագա աշխատանքներին: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հարավային Կորեայի խորհրդարանում կազմակերպվում են ցուցահանդեսներ, միջոցառումներ՝ մեր դեսպանության ջանքերով, ինչպես նաև մեր կորեացի գործընկերների աջակցությամբ, ինչի համար մենք շնորհակալ ենք:
Հետո ասաց, որ Կորեայի պատգամավոր Նո Յոնգ Մինը շատ լավ գիտի հայ ժողովրդի պատմությունը: Նա հեղինակն է մի շատ կարևոր աշխատության՝ «Ժամանակակից ողբերգություններ» խորագրով, որի առաջին գլուխը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
Նո Յոնգ Մինnն էլ ասաց, որ շատ են ցավում հայերի համար, որոնք վերապրել են եղեռնն ու անելանելի վիճակում են հայտնվել այդ ժամանակ. «Մեր պարտքն է այնպես անել, որ նման պատմությունները չկրկնվեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ