Գերմանացի կինոռեժիսոր Ալեքսանդր Նանաուի «Տոտոն և նրա քույրերը» ֆիլմն այս տարի ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» մրցութային ծրագրում:
Ֆիլմը Տոտոյի և նրա քույրերի՝ Աննայի ու Անդրեայի զարմանալի ընտանեկան պատմությունն է: Մինչ նրանց մայրն ազատազրկված է, Տոտոն ոգևորությամբ սովորում է պարել, կարդում է ու գրում, իսկ քույրերը փորձում են ընտանիքն ամուր պահել մի աշխարհում, որը վաղուց է մոռացել, թե ինչքան անմեղ պիտի լինի երեխայի մանկությունը: Ի՞նչ է պատահում, երբ հայտնաբերում ենք, որ կյանքից կարող ենք ավելին ստանալ, քան մեր ծնողներն են առաջարկում:
«Ուզում էի հասկանալ այն երեխայի հոգեբանությունը, որը հայտնվում է վատ պայմաններում,- ասում է Նանաուն,- ինչպես նաև այն, թե միջավայրն ինչ ազդեցություն է ունենում մարդու վրա: Հետաքրքիր է՝ մենք շրջապատի՞ շնորհիվ այնպիսին, ինչպիսին կանք, թե՞… Ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը ծնվում է որպես անհատականություն, և եթե մեզ չեն խանգարում, մենք ձևավորվում ենք որպես անհատականություն: Կարևոր է՝ ինչ մարդկանց ես հանդիպում քո ճանապարհին, նրանք ինչ ազդեցություն են ունենում քեզ վրա, ինչպես ես միջավայրի հետ հարաբերվում ու կարողանո՞ւմ ես արդյոք անկախ մնալ… Շատ հարցեր կան: Ֆիլմում փորձել եմ դրանց պատասխանել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ