Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահի ընտրությունն ուղղակի կլոունադա է հիշեցնում». Քննարկում սահմանադրական բարեփոխումների շուրջ

Հուլիս 17,2015 13:54

Սահմանադրության բարեփոխված գլուխների նախնական տարբերակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համարում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, երկրի տնտեսության զարգացմանն ուղղված նախագիծ:

«Այն ստեղծելու է քաղաքական, տնտեսական նպաստավոր պայմաններ, նպաստելու է ժողովրդավարության հաստատմանը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն էլ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությունը տեսնում է ու փոփոխությունների կողմնակից է, բայց բարեփոխված գլուխների նախնական տարբերակից հասցրել է հիասթափվել. «Ես կողմնակից եմ խորհրդարանական կառավարման համակարգին ու անհամբեր սպասում էի՝ ինչ տեսք է ունենալու մշակված փոփոխությունների փաթեթը, բայց այն տարբերակը, որ հրապարակվեց, մեծ մտահոգություններ առաջացրեց իմ մեջ:

Այս Սահմանադրությունը իսպառ սպանել է ընտրական ինստիտուտը, այն ոչնչացված է նաեւ ԱԺ ձեւավորման առումով, միայն այն հոդվածը, որ պարտադրում է, որ ԱԺ-ն պետք է ունենա կայուն մեծամասնություն եւ, եթե չկա այնպիսի մեծամասնություն, ապա երկրորդ փուլ են անցնում երկու քաղաքական ուժերը՝ մյուսներին պարտադրելով կողմնորոշվել այս երկու ուժերի միջեւ, սա ժողովրդավարության ոչնչացում է»:

Ըստ նրա, նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ընտրությունն ուղղակի կլոունադա է հիշեցնում. «Ընտրիչներ, ովքե՞ր են ընտրիչները: Խորհրդարանական կառավարման համակարգում անշուշտ նախագահի դերը քիչ է, բայց սպանել այսպես ընտրական համակարգը, անթույլատրելի է»:

Լեռնիկ Ալեքսանյանն էլ փորձեց հակադրվել, բացատրելով, որ ընտրությունների երկրորդ փուլի տարբերակը բոլոր ընտրական օրենսգրքերում ընդունված կարգ է, նա ամեն կերպ փորձում էր դրական ներկայացնել առաջարկվող երկու փուլանի ընտրությունը, բայց իր մոտ այդպես էլ չստացվեց բացատրել. «Հիմնավորումն այն է, որ եղած ընտրությունների արդյունքները շարունակական են լինում:

Երեսուն տոկոս ընտրազանգված ունեցողը վերցնում է ամբողջ պատասխանատվությունը»:

«Ձայն եք հավաքել, ինչո՞ւ եք երկրորդ փուլ գնում, դուք գտնում եք, որ ընտրությունների երկրորդ փուլում իրավիճակը կարող է փոխվե՞լ առաջինի կամ երկրորդի օգտին»,- Լեռնիկ Ալեքսանյանի բացատրությունը չհասկանալով՝ հարցրեց Ստյոպա Սաֆարյանը: Բայց Լեռնիկ Ալեքսանյանը նույն բանն էր կրկնում, որ դա ընդունված կարգ է, ու չի նշանակում, որ ավելի քիչ ձայն հավաքած ուժերի ներկայացուցիչները մանդատ չեն ստանալու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031