«Մենք տեսել ենք ԱԺ-ում, որ կան խնդիրներ այս հարցի հետ կապված: Եթե այդ դրույթը մնա, պետք է մեխանիզմ սահմանվի, թե ինչպես կիրականացվի դա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը`անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծում ամրագրված այն դրույթին, թե ԱԺ պատգամավորը պետք է հայոց լեզվի իմացություն ապահովի:
Լրագրողները հետաքրքրվեցին`այս դրույթը ենթադրո՞ւմ է, որ պատգամավորը պետք է քննություն հանձնի: Վարդան Պողոսյանն արձագանքեց`սա այն դրույթներից մեկն է, որ քննարկումների արդյունքում պետք է լուծում տրվի` գուցե քննություն հանձնի, գուցե թեստ, ինչպես Ղազախստանում է:
Չի բացառվում, որ դա կարող է տարածվել բոլոր պաշտոնյաների վրա: Վարդան Պողոսյանը նաև հավելեց, թե չի կարծում, որ մեր հասարակությունն այնքան աղքատ է, որ չունի հայոց լեզվի տիրապետությամբ անձինք:
Ի դեպ, լրագրողների հարցերին ի պատասխան, թե նախագծի վերջնական տարբերակը ե՞րբ է նախատեսվում ներկայացնել նախագահին, Հրայր Թովմասյանը եւ Վարդան Պողոսյանը ասացին, որ հստակ ժամկետներ չկան:
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանը եւ Վարդան Պողոսյանը լուրջ չեն վերաբերվում նաեւ ընդդիմադիր այն գործիչների տեսակետներին, թե այս նախագիծը ՀՀԿ-ի իշխանությունը հավերժացնելու մանիֆեստ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ