Դոնի Ռոստովի դատարանը Հարավային ռազմական օկրուգի սննդի ծառայության պետի նախկին տեղակալ, գնդապետ Դենիս Զորինի նկատմամբ խափանման միջոց կալանք է կիրառել: Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում խարդախության միջոցով Հայաստանում ռուսական ռազմաբազայից 450 միլիոն ռուբլի արժողությամբ սնունդ գողանալու մեջ: Այս մասին հաղորդել է «Эхо Кавказа»-ն:
Այդ գողությունների փաստն ի հայտ է եկել Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին դաժանաբար սպանած Վալերի Պերմյակովի գործը քննելիս: Քննիչները բացահայտել են սարսափելի մանրամասներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ ժամկետային զինծառայողները ուտելիք փնտրելու համար բավականին հաճախ լքել են զորամասը: Պարզապես նրանք թերսնվել են:
Հենց թերսնման տեղեկությունը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, ստեղծվել է եւս մեկ քննչական խումբ, որը սկսել է զբաղվել Գյումրիում տեղակայված ռազմական բազայից գողությունների հետաքննությամբ: Սննդի ծառայության ձերբակալված գնդապետը ցուցմունքներ է տվել: Ինչպես պարզվել է, Հայաստանում աշխատել է սննդի գողանալու մի ամբողջական համակարգ եւ գողոնը վաճառել է շուկաների եւ տարբեր մանրածախ առեւտրային ցանցերի միջոցով:
Այդ շղթան իրավապահներին տարել է մինչեւ Հարավային ռազմական օկրուգի գնդապետ Դենիս Զորինը: Սակայն աշխատանքից ազատելու փոխարեն՝ Զորինի պաշտոնը բարձրացրել են եւ նա դարձել է Սննդի ծառայության պետ: Քննիչների կարծիքով՝ Զորինը, զբաղեցնելով բարձր պաշտոն եւ տիրապետելով գաղտնի ու ծառայողական տեղեկատվության, այդ թվում՝ գողությունների հետաքննման ընթացքի մասին, խոչընդոտել է քննիչների աշխատանքը եւ ճնշում է գործադրել գործով մեղադրյալների վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ