ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, Սահմանադրության բարեփոխված գլուխների նախնական տարբերակով՝ քաղաքացիների իրավունքները կրճատվում են, ժողովրդի դերակատարությունը քաղաքական կյանքում կրճատվում է առնվազն երկու անգամ:
«Սահմանադրական նախորդ բարեփոխումը կատարվել է ՀՀԿ-ի իշխանության օրոք, հիմա նույն ՀՀԿ-ն բարեփոխում է նախատեսում: 1998-ին, երբ ես բարեփոխում էի նախատեսում՝ խոսում էի Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմի խուժան սահմանադրության դեմ, հիմա սրանք բարեփոխում են իրականացնում իրենց իսկ կատարած բարեփոխման դեմ: Գոնե ասեն՝ այն ժամանակ ապուշ էինք, սխալ բաներ ենք գրել: Բայց հիմա ասում են՝ ինչ լավ ենք բարեփոխել այն ժամանակ, հիմա էլ ենք բարեփոխում, բա կարող է հիմա էլ են մի ապուշ բան գրում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա սահմանադրության բարեփոխումների նախնական տարբերակից իր դժգոհությունը այսօր գրավոր կհանձնի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին:
«Նախնական տարբերակը ցույց է տալիս, որ հանձնաժողովը որդեգրել է կասկածելի գործելակերպ: Անտեսված է մեկ տասնամյակ հայ քաղաքական, ինչպես նաեւ իրավագիտական շրջանակներին մատուցված բացարձակ ժողովրդավարական համակարգը ներկայացնող եւ, ըստ էության, միակ այլընտրանքային հայեցակարգը:
Կարդացեք նաև
Արդեն խոսվում է Վենետիկի հանձնաժողովի գնահատականի մասին: Եվ խոսքը գնում է շրջանառվող իշխանական տարբերակի մասին, իսկ ո՞ւր մնաց ԱԻՄ հայեցակարգը: Այդպիսի գործելակերպը հակասում է ե՛ւ երկրի նախագահի ե՛ւ հանձնաժողովի հայտարարություններին, որոնց համաձայն պետք է տեղի ունենան հրապարակային քննարկումներ»:
ԱԻՄ առաջնորդը հանձնաժողովից պահանջում է.«Հանրությանը ներկայացնել իրենց հայեցակարգի քննարկման արձանագրությունը կամ դրա բացակայությունը, հրապարակային ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից սահմանադրականության ճարտարապետ կազմակերպության առաջարկը հանրությունից թաքցնելու համար, եվրոպական համապատասխան կառույցներին Վենետիկի հանձնաժողովին պաշտոնապես ներկայացնի նաեւ ԱԻՄ ներկայացրած տարբերակը»:
Ըստ նրա, Սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը մեկն է՝ բռնապետական երկրներում բարեփոխումներ են արվում, որ բռնապետությունը ամրապնդվի, իսկ ժողովրդավար պետություններում ժողովրդավարությանն ավելացնելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ