Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարը, ի տարբերություն նախորդ՝ քաղաքական բովանդակություն ունեցող շարժումների, արագ թափ հավաքեց ու նույն արագությամբ էլ մարման ուղին բռնեց։ «Ինչով այն առանձնացավ մինչ օրս եղած ըմբոստություններից» հարցը «Իրատեսն» ուղղեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
– Այս անգամ լուրջ դերակատարում ունեցան ժամանակակից տեխնոլոգիաները,- փաստեց պարոն Շիրխանյանը։- Այստեղ մեկ այլ բան կառանձնացնեի. համոզվեցի, որ Հայաստանում քաղաքական դաշտում գործող կուսակցություններ գոյություն չունեն։ Այս ըմբոստության ալիքը կուսակցություններին ասպարեզ չբերեց, որպեսզի նրանք շարժումն իրենց նպատակներով ու միջոցներով առաջ տանեին։ Այս շարժման հիմնական բացահայտումն է դա։
– Ասել է՝ կուսակցությունները, որպես պետական ինստիտուտներ, այլևս գոյություն չունե՞ն։
– «Այլևս» չէ, երբեք գոյություն չեն ունեցել։ Հայաստանում եղել է մեկ-երկու կուսակցություն։ Հիմա ընդամենը ՀՅԴ-ն է, որովհետև ունի գաղափարախոսություն և համակիրներ։ Մյուսները չկան, եթե լինեին, պետք է մասնակցեին ակցիային կամ առանձին շարժում սկսեին նույն կամ մեկ այլ բանի համար։ Հայաստանում խնդիրներ շատ կան ու օր օրի ավելանում են։ Որտե՞ղ են կուսակցությունները։
Կարդացեք նաև
– Դրանց չգոյությունը պատճառաբանում եք սոցիալական խնդիրների վերհանման գործում նրանց պասիվությա՞մբ։
– Ոչ միայն։ Սրանք կուսակցություններ չեն, ակումբներ են։ Կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է, հասարակության անբաժանելի մաս, այն պետք է ապրի հասարակության կյանքով, արձագանքի բոլոր խնդիրներին, պայքարին, և առաջին հերթին սոցիալական։ Երկրում տիրող իրավիճակը դա է առաջնային դարձրել։ Ահա այս բոլոր առումներով հաստատապես կարելի է ասել, որ Հայաստանում կուսակցություններ չունենք, և չեն էլ եղել։
– Ընդդիմադիր կուսակցությունները մշտապես իշխանություններին մեղադրում են կուսակցական ինստիտուտը վարկաբեկելու մեջ։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ապաքաղաքական լինելը ևս բացատրում էին նրանով, որ չեն ցանկանում վարկաբեկված կուսակցությունների համար ճանապարհ բացել։ Որքա՞ն է կուսակցությունների չգոյության մեջ իշխանությունների մեղավորության չափը։
– Նժդեհի հայտնի խոսքն է. «Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաև իրավունք չունի»։ Միգուցե մեր իմաստության արդյունքն է, որ ազգը չի տրոհվում կուսակցությունների։ Իհարկե, կան կուսակցական անհատներ, ովքեր երևակայությունների մեջ են ապրում, թե իրենք Հայաստանին անկախություն բերեցին, հաղթանակ բերեցին, պատմություն կերտեցին։ Բայց ես նաև ուրախ եմ, որ կուսակցությունները չեն կայանում, որովհետև դրանք պառակտման, ոչ թե միավորման գործիքներ են։ Մեր խնդիրը ազգային նպատակի շուրջ միավորվելն է։ Նրանցից մեկն այսօր ազգային նպատակ հետապնդո՞ւմ է, այսօրվա հայությունն ո՞ւր է գնում, ինչի՞ է ուզում հասնել ու ի՞նչ ճանապարհով։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում